Ամստերդամում բերման է ենթարկվել շուրջ 300 պաղեստինամետ ցուցարար
Ամստերդամում իսրայելական «Մաքաբի» ակումբի երկրպագուների վրա հարձակումից համարյա մեկ շաբաթ անց Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է մոտ 300 պաղեստինամետ ցուցարարի, քանի որ նրանք չեն ենթարկվել Ամստերդամում զանգվածային հավաքների արգելքին: Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Իրավապահները հավաքվածներին կարգադրել են հեռանալ, բայց շատերը չեն ենթարկվել, 281 մարդ ձերբակալվել է «Դամ» հրապարակում:
Սա արդեն 3-րդ պաղեստինամետ հանրահավաքն է Ամստերդամում նոյեմբերի 7-ին իսրայելցի երկրպագուների վրա հարձակումից հետո: Նոյեմբերի 7-ին Ամստերդամում դիմակավորված անձինք իսրայելցի երկրպագուների վրա են հարձակվել Եվրոպայի լիգայի մրցախաղից հետո, որն անցկացվել է «Այաքս»-ի և «Մաքաբի»-ի միջև: Հարձակվողները նաև փորձել են ներխուժել հյուրանոցներ, որտեղ իսրայելցիներ են եղել: