Մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ անվտանգության ապահովումն է. Միրզոյան
Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին: Նախարար Միրզոյանը պատասխանել է պատգամավորի հարցին, որը ներկայացված է ստորև:
Հարց․ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև գրեթե չորս տարի է գնում են հարաբերությունների կարգավորման բանակցություններ: Թե՛ միջազգային կառույցները, թե՛ առանձին երկրներ բազմիցս խրախուսել են տարածաշրջանում խաղաղությունը, հորդորներով են հանդես եկել այն մասով, որ շուտափույթ պետք է խաղաղության պայմանագիրն իր հանգրվանին հասնի: Չնայած այս ամենին, երբ երկու երկրներ հայտարարում են արդեն, որ պայմանագրի գրեթե 80%-ը պատրաստ է և շատ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, մեր՝ Ռուսաստանի Դաշնության գործընկերներից, Ձեր գործընկերը՝ արտաքին գործերի նախարարը, վերջերս մի քանի հայտարարություն է արել, կուզեմ ցիտել.- «Հաշվի առնելով երկու կողմերի երկարամյա թշնամությունը, ռազմական գործողությունները և զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել: Ուստի, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել։ Վաղաժամ խաղաղությունն առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրականության համապարփակ դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը` դա կստեղծի լարվածության, հակամարտության և պոտենցիալ, էսկալացիայի լրացուցիչ ռիսկեր։» Ես կխնդրեմ ձեր դիտարկումներն անեք, թե Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն ինչու՞ է նման դիրքորոշում հայտում։
Պատասխան․ Շնորհակալ եմ հարցի համար, տիկի՛ն Մինասյան: Գիտեք՝ սովորաբար մեկնաբանությունների վերաբերյալ մեկնաբանություններ անելը մի քիչ անշնորհակալ և երբեմն անտեղի, անհարկի գործ է, բայց, այնուամենայնիվ, իհարկե, հարցն անպատասխան չեմ թողնի: Ընդհանրապես, ամեն երկրի արտաքին գործերի նախարար մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, իր երկրի շահերից և իր պատկերացումներից։ Եվ ըստ ամենայնի, իմ ռուսաստանցի գործընկերը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության տեսլականը։ Ես կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեսլականը, որն այս դեպքում տրամագծորեն տարբերվում է Ձեր նշած տեսլականից։ Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղության կնքմամբ՝ բոլոր ուղղություններով, և հարաբերությունների կարգավորմամբ. դա կլինի սահմանազատում, դա կլինի երկաթուղու և մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ մեզ հայտնի սկզբունքների շրջանակներում, դա կլինի խաղաղության պայմանագիր։ Ես այսօր, մի փոքր ավելի վաղ, առիթ ունեցա այդ մասին մի փոքր ավելի հանգամանալից կերպով խոսելու: Կկրկնեմ. մենք աշխատում ենք ադրբեջանական կողմի հետ պայմանագրի թերևս վերջին 2 չհամաձայնեցված ձևակերպումների, վերջին երկու հոդվածների վրա, և իմ տպավորությունը գոնե այն է, որ մենք մոտ ենք վերջնական լուծմանը և պայմանագրի նախագծի վերջնական համաձայնեցման։
Արձագանք․ Շնորհակալություն, պարո՛ն Միրզոյան, և ևս մեկ հարց՝ կապված COP29 համաժողովի հետ։ Երեկ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետությունից որոշ ներկայացուցիչներ փորձել գրանցվել էին COP-ին, բայց ցավալիորեն, «Հայաստանը չի մասնակցում և նրանց ներկայությունը չենք տեսնում»։ Խնդրում եմ մեկնաբանել, ի՞նչ պատմություն է սա։
Պատասխան․ Ես այդ հայտարարությանը ծանոթ եմ, Ադրբեջանի նաև այլ ներկայացուցիչներն են համանման հայտարարություն արել: Ես պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ նման բան արած լինեն, թեև ինձ այդ մասին ևս որևէ տեղեկություն հայտնի չէ, բայց եթե դա նկատի ունեն, գիտեք՝ Հայաստանն ազատ, ժողովրդավարական երկիր է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ լծակներ՝ ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Շնորհակալ եմ։
The post Մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ անվտանգության ապահովումն է. Միրզոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.