Վերջին 9 տարվա կտրվածքով՝ ադամանդի գինը հասել է նվազագույնի
Ադամանդի գներն իջնում են խոշոր պաշարների և դրա արհեստական տարբերակի՝ աճող մրցակցության պատճառով: Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ն ՝ վկայակոչելով ԱՄՆ-ում ադամանդների առևտրի խոշորագույն առցանց հարթակի սեփականատեր Rapaport ընկերության տվյալները:
Նոյեմբերի 1-ի դրությամբ մեկ կարատ քաշով ադամանդների գների ինդեքսը տարեսկզբից նվազել է 23 տոկոսով, ինչը նվազագույնն է 2015 թվականից սկսած:
Rapaport ընկերության փորձագետները նշում են, որ Հնդկաստանի թանկարժեք քարերի շուկայում ճգնաժամ է, քանի որ երկիրն այժմ չմշակված ադամանդների ավելցուկ ունի: Ադամանդների վաճառքի սեզոնային աճ Հնդկաստանում գրանցվել է հոկտեմբերին՝ Դիվալի տոնի և «հարսանիքների սեզոնի» նախաշեմին: ԱՄՆ-ում թանկարժեք քարի վաճառքները լավ են ընթանում Սուրբ Ծննդյան տոներին:
Ադամանդ արդյունահանող աշխարհի խոշորագույն De Beers ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է այս տարի նվազեցնել քարերի արդյունահանումը մինչեւ 23-26 մլն կարատ: Ռուսական «Ալռոսա» ընկերությունը դեռ 2023 թվականին էր կրճատել ադամանդի արդյունահանումը 2,8 տոկոսով: