Արշակ Սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին` իբրև հոգևոր խոստովանահայր
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի քննությունը:
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ թույլ տալ իր պաշտպանյալին տնային կալանքի պայմաններում հանդիպել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
«Հավատքի թեմայով ուզում եմ իմ հոգևոր պրակտիկաները շարունակել Արշակ սրբազանի հետ»,- բարձրաձայնեց Աշոտյանը։
Դատախազը, սակայն, հայտարարեց, որ սա կարող է շարունակական բնույթ կրել և ամեն անգամ միջնորդություն ներկայացնեն ինչ-որ մեկի հետ հանդիպելու համար։
«ՀՀ Սահմանադրությունը, որը ոչ ոք դեռ չի փոխել, ասում է, որ մտքի, խղճի և կրոնի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, կամ այլոց իրավունքների պահպանման նպատակով։ Ինձ հիմնավորեք, թե իմ հոգևոր հոր հետ հանդիպումն ինչպե՞ս կարող է խանգարել պետական անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլոց իրավունքների կատարմանը։ Զավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարց ենք քննարկում, բայց երևի նախադեպ չի եղել։ Աշխարհը շուռ չի գա, որ մերժեք, բայց, վստահաբար, քրիստոնեական ընկալմանը Հայաստանում ևս մեկ հանրային հարված կհասցվի»,-ասաց Աշոտյանը։
Դատարանը բավարարեց միջնորդությունը և Արշակ սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին: