Նրանք անվանվել են աստվածաշնչյան պատմվածքից և պատրաստ են «տապանը կայանել» Չելսիի դեմ. The New York Times-ը՝ «Նոայի» մասին
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայից շատ ժամանակ չպահանջվեց հայկական ֆուտբոլային ակումբի հետ առանձնահատուկ կապ զգալու համար: ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում այժմ 308-րդ տեղը զբաղեցնող ակումբը գլխավորելուց հինգ ամիս անց կարելի է մտածել, որ Մոտային հարմարավետություն անհրաժեշտ կլինի, երբ նրա թիմը հինգշաբթի երեկոյան «Սթեմֆորդ Բրիջում» դիմակայի «Չելսիին»՝ այդ աղյուսակում 300 տեղով ավելի բարձր դիրքում գտնվող մրցակցին: The New York Times-ն անդրադարձել է Երևանի «Նոային»՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Չելսիի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ:
«Եթե դուք սա կարդում եք՝ առանց «Չելսիի» մրցակիցների մասին շատ տեղեկություններ իմանալու, հասկանալի է: Ակումբը գործում է ընդամենը յոթ տարի, և ի սկզբանե կրելով «Արցախ» անունը՝ 2019 թվականին վերանվանվել է «Նոա»։ Մինչ այժմ նրանց նվաճած միակ տիտղոսները Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթն են 2020 թվականին:
Ովքեր կարծում են, որ «Նոա» անվանվելու ցանկությունը կապված է աստվածաշնչյան կերպարի հետ, ճիշտ են։ «Ծննդոցում»՝ Հին Կտակարանի առաջին գլխում, լեգենդար Նոյի տապանի պատմությունն ավարտվում է այն մեծ տապանով, որը նա կառուցել էր խուսափելու համար ահռելի ջրհեղեղից՝ հանգրվանելով Արարատ լեռան վրա։ Չնայած նրան, որ պետական սահմանները փոփոխությունների են ենթարկվել 1921 թվականին, և լեռն այժմ գտնվում է արևելյան Թուրքիայի տարածքում, այն դեռ համարվում է երկրի ազգային խորհրդանիշը և զետեղված է Հայաստանի զինանշանի վրա։ Լեռը վեր է հառնում Հայաստանի մայրաքաղաք Երևանից։
«Հայաստանը ուժեղ կապ ունի Նոյի պատմության հետ. այն հոգևոր ազգ է: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է, իսկ Արարատ սարը երկրի պատմության կարևոր տեղերից է: Այն շատ ավելին է, քան պարզապես վայր: Երկրի համար այդ խորհրդանիշը մոնումենտալ է: Վստահ եմ, որ աշխարհում շատ մարդիկ չգիտեն Հայաստանի մասին, բայց մենք մեծ պատմություն ունենք: Մենք մեծ երկիր չենք, բայց հպարտ ժողովուրդ ենք: «Չելսիի» դեմ խաղը մի բան է, որի մասին հայերը երազում են՝ ունենալ հնարավորություն ֆուտբոլի միջոցով որոշակի պատմություն կերտելու: Դա անգնահատելի է»,- «The Athletic»-ի հետ զրուցում ասել է «Առաջին հայկական ճակատ» երկրպագուական շարժման անդամ Վահե Գասպարյանը։
«Նոան» արդեն արել է դա՝ դառնալով առաջին ակումբը Կոնֆերենցիաների լիգայի ստեղծումից՝ 2021 թվականից ի վեր, որը հասել է Լիգայի փուլին՝ որակավորման բոլոր 4 փուլերում հաղթանակ տանելով: Ամենատպավորիչը, թերևս, Աթենքի ԱԵԿ-ի դեմ 3:2 հաշվով հաղթանակն էր երրորդ փուլում: Նրանց մասնակցությունը մրցաշարին սկսվել է հուլիսի 11-ին, երբ դեռ «Չելսին» անգամ միջմրցաշրջանային ընկերական խաղ չէր անցկացրել, մակեդոնական «Շկենդիայի» դեմ 2:0 հաշվով հաղթանակով:
Մոտայի համար խաղերի ժամանակացույցը նշանակում էր, որ նա պետք է արագ գործեր տրանսֆերային շուկայում: 45-ամյա մասնագետին դրանից միայն մեկ ամիս առաջ էին հրավիրել վրացական «Դիլա» ակումբից, որի հետ մարզիչը գլխավորում էր առաջնությունը:
«Նոան» ակտիվորեն սկսեց ֆուտբոլիստների հավաքագրում իրականացնել, ինչը որոշ առումներով համեմատելի է «Չելսիի» զբաղվածության հետ՝ Թոդ Բոհլի-Կլիրլեյք կոնսորցիումի ղեկավարման ներքո։ Նրանք երեք շաբաթվա ընթացքում ներգրավեցին 16 խաղացողի՝ հիմնականում արտերկրից։ Ի տարբերություն արևմտյան Լոնդոնը ներկայացնող ակումբի, որը կարծես թե անսահմանափակ բյուջե ունի՝ վերջին երկու տարում ավելի քան 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ ծախսելով նոր տրանսֆերների վրա, «Նոայի» բոլոր նորեկները ազատ գործակալներ էին։ Եվ եթե «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Ռիս Ջեյմսը շաբաթական շուրջ 250,000 ֆունտ է ստանում, ապա «Նոայի» խաղացողների աշխատավարձերը շաբաթական 5,000 ֆունտից էլ պակաս են:
Պորտուգալացի խաղացողները, ինչպիսիք են վետերան պաշտպան Գոնսալո Սիլվան («Ֆարենսե»), հարձակվող Գոնսալո Գրեգորիոն («Դինամո Բուխարեստ») և եզրային խաղացող Հելդեր Ֆերեյրան («Անորտոսիս Ֆամագուստա»), արագորեն ինտեգրվել են թիմում։ Նրանք հիանալի համագործակցություն են ստեղծել Հայաստանի ազգային հավաքականի՝ արդեն իսկ թիմում գտնվող խաղացողների՝ Հովհաննես Համբարձումյանի (թիմի ավագ) և Գոռ Մանվելյանի (հարձակվող կիսապաշտպան) հետ։
Մոտան 2009 թվականից տարբեր դերակատարումներ է ունեցել մի շարք ակումբներում, այդ թվում՝ 2012-2016 թվականներին «Սպորտինգ» Լիսաբոնում եղել է կատարողական վերլուծաբան: Կոնտակտների երկար ցանկ ունենալը շատ օգտակար էր:
Նա ասում է. «Ակումբի նախագահը՝ Վարդգես Վարդանյանն ինձ ասաց, թե ինչ գումար ունենք (աշխատավարձերի համար) և հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, այս գումարը բավակա՞ն է ինչ-որ բան ստեղծելու համար»: Ես պատասխանեցի. «Այո, եկե՛ք փորձենք լավագույնը անել»: Սա մեծ ջանքեր էր պահանջում: Մենք ընդամենը երեք շաբաթ ունեինք ողջ թիմը պատրաստելու համար: Իմ թիմի և ակումբի մյուս աշխատակիցների կողմից շատ մեծ ծավալի աշխատանք կատարվեց:
«Կոնտակտները կարևոր են, բայց իրական բանալին այն էր, որ մենք իմանայինք, թե ինչպիսի խաղացողներ ենք ուզում թիմի համար: Այո, տեխնիկական/տակտիկական հմտությունները կարևոր են, բայց ամենակարևորն այն է, որ նրանք ունենան ցանկություն: Ես ուզում էի խաղացողներ, ովքեր հաղթանակների ծարավ են: Ինձ առաջարկվեցին խաղացողներ, որոնցից որոշները, հնարավոր է, ավելի լավ որակներ ունեին, բայց, թվում էր, թե նրանք իրենց կարիերայում արդեն իսկ մեծ աշխատանք են կատարել և մեզ միանում են՝ պարզապես ֆիզիկական վիճակը պահելու և մրցաշարերում հանդես գալու համար: Ես սա չէի ուզում: Ինձ պետք էին մարդիկ, որոնք նույնքան ծարավ կլինեն հաղթանակների ու տիտղոսների, որքան՝ ես»:
Ոչ ոք ավելի ամբիցիոզ չէ, քան Վարդանյանը, որն անցյալ տարի է ձեռք բերել «Նոան»: Բիզնեսմենը ոչ միայն աջակցել է Մոտային տրանսֆերային շուկայում, այլև ներդրումներ է կատարել մարզաբազայի վրա: Կա նաև ծրագրեր նոր մարզադաշտ կառուցելու վերաբերյալ:
Վարդանյանը բացատրում է. «Իմ նպատակն է, որ «Նոան» դառնա հայկական ֆուտբոլի հիմնասյուն, մշտապես հաջողություններ գրանցի Հայաստանի Պրեմիեր լիգայում և հպարտորեն ներկայացնի Հայաստանը եվրոպական մրցաշարերում»:
«Մեր երկարաժամկետ նպատակները վեր են ակումբի հաջողություններից: Մենք նպատակ ունենք բարձրացնելու հայկական ֆուտբոլի մակարդակը՝ հավաքելով, զարգացնելով և խրախուսելով երիտասարդ տաղանդների, որոնք կարող են նպաստել Ազգային թիմի հաջողություններին: Վերջնարդյունքում, ես «Նոային» տեսնում եմ որպես հայկական ֆուտբոլի ապագայի հիմք՝ զարգացնելով տաղանդներ, որոնք կներկայացնեն մեր երկիրը միջազգային հարթակում: Այսօր մեր երիտասարդները ունեն այդ ներուժը, և իմ ամբիցիան է աջակցել նրանց հնարավոր ամեն կերպ»:
«Մեկ-երկու ամսում պատրաստ կլինի մեր հիմնական թիմի նոր մարզաբազայի կեցավայրը՝ հագեցած բոլոր անհրաժեշտ պայմաններով: Ավելին, մենք արդեն սկսել ենք արհեստական խոտածածկով խաղադաշտի կառուցումը ակադեմիայում, և շուտով բնական խոտածածկով խաղադաշտը պատրաստ կլինի հիմնական թիմի մարզումների համար: Մենք նաև ունենք ենթակառուցվածքների զարգացման այլ նախագծեր, որոնք ուղղված են հայկական ֆուտբոլի աճին և հաջողությանը»:
«Մեր ակադեմիայի զարգացման համար մենք հրավիրել ենք շատ բարձրակարգ մարզիչների ու մասնագետների Պորտուգալիայից, և մասնավորապես Լիսաբոնի «Սպորտինգի» հեղինակավոր ակադեմիայից, որոնք տարիների փորձ ունեն՝ աշխատելով պորտուգալական ֆուտբոլի ամենաբարձր մակարդակներում: Այդ մասնագետները մեզ հետ սերտ համագործակցում են՝ հայկական ֆուտբոլում նոր սերունդ ձևավորելու համար»:
«Մեր նոր մարզադաշտը կլինի UEFA-ի չորրորդ կատեգորիայի մարզադաշտ՝ նախատեսված 15,000-20,000 հանդիսականի համար: Այնտեղ հնարավոր կլինի ընդունել տարբեր մրցաշարեր և եվրոպական եզրափակիչ հանդիպումներ: Այս պահին մենք բանակցություններ ենք վարում մի հայտնի բրիտանական ընկերության հետ, որը փորձ ունի ամբողջ աշխարհում ֆուտբոլային մարզադաշտեր կառուցելու գործում: Մենք նրանց հանձնարարել ենք տալ մարզադաշտի այնպիսի դիզայն նախագիծ, որը կարտահայտի թե՛ հայկական ժառանգությունը, թե՛ ազգային յուրահատուկ ոճը: Հայաստանում մեծ ոգևորություն կա այս նախագծի շուրջ, քանի որ այս մարզադաշտը կդառնա նշանակալի հանդիպումների անցկացման գլխավոր վայրը: Սա «Նոայի» ամենամեծ նախաձեռնություններից մեկն է, որը արտացոլում է մեր նվիրումը հայկական ֆուտբոլի առաջխաղացմանը»:
Մեծ մարզադաշտի կառուցման անհրաժեշտությունը ավելի լավ պատկերացնելու համար պետք է նշել, որ «Նոան» ներկայում իր տնային հանդիպումներն անցկացնում է Աբովյանի քաղաքային մարզադաշտում, որի նախատեսված է ընդամենը 3,100 հանդիսականի համար: Հայաստանի առաջնությունում, որում թիմը ձգտում է առաջին անգամ նվաճել չեմպիոնությունը, «Նոան» առաջատար «Ուրարտուին» զիջում է 7 միավորով, բայց երեք հանդիպում պակաս է անցկացրել:
Նրանք ցանկանում են, որ Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանի արկածը պարզապես մեկանգամյա հաջողություն չլինի. սա հիմնական պատճառն է, որի շնորհիվ նրանք կարողացել են Մոտային և շատ խաղացողների համոզել միանալ թիմին:
Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Գուդմունդուր Տորարինսոնը, որն ի թիվ այլ ակումբների հանդես է եկել նաև MLS-ի «Նյու Յորք Սիթիում», ամռանը թիմին միացած 16 ազատ խաղացողներից մեկն էր:
«Երբ նրանք առաջին անգամ կապ հաստատեցին ինձ հետ, ինձ հիմնականում գրավեց նրանց երկարաժամկետ գաղափարը», - ասում է նա,- Նույնիսկ այս առաջին տարին զարմանալի էր, թե որքան հեռուն մենք կարողացանք գնալ, քանի որ նման գործընթացները սովորաբար ժամանակ են պահանջում, բայց մենք լավ արդյունքներ ենք գրանցել: Դրանք ավելի լավն են, քան շատերը սպասում էին: Երկու խաղերի արդյունքում ԱԵԿ-ին հաղթելը մեծ նվաճում է»:
«Նրանք նոր մարզաբազա են կառուցում հենց մեր ներկայիս տարածքի կողքին: Ես եղել եմ Նյու Յորքում և մարզվել եմ City Football Group-ի հետ, որտեղ անհավանական պայմաններ են եղել, բայց սա, կարծես, նույնիսկ ավելի լավն է լինելու: Այն համաշխարհային մակարդակի մարզաբազա է լինելու: Մենք ցանկանում ենք եվրոպական մրցաշարերի կանոնավոր մասնակիցներ լինել: Առաջին իսկ մրցաշրջանում դժվար է Լիգայի փուլ դուրս գալը, բայց մենք դա արեցինք: Մենք վայելում ենք այս փորձառությունը և ցանկանում ենք շարունակել այս ճանապարհով»,- ասում է Տորարինսոնը:
Ինչպիսի՞ն է վերաբերմունքը «Չելսիի» դեմ խաղին: Տոմսերի խնդրանքներ շատ են եկել Եվրոպայում բնակվող հայերից: Գասպարյանը, որը Հայաստանից է ժամանել Լոնդոն, բացահայտում է. «Մենք շատ հաղորդագրություններ ենք ստացել աշխարհի այլ վայրերում բնակվող հայերից: Շատ հաղորդագրություններ են եկել Գերմանիայից, Ֆրանսիայից և Սերբիայից այն մասին, որ երկրպագուները պատրաստ են ժամանել այս խաղին: Միացյալ Թագավորությունում նույնպես մեծ հայկական համայնք կա: Լոնդոնի տեղի համայնքը շատ ոգևորված է. սա լավագույնն է, որ ես երբևէ տեսել եմ: Մեզ համար սա հպարտանալու մեծ պահ է: Սա կլինի հայկական ֆուտբոլի պատմության ամենամեծ իրադարձություններից մեկը»:
Ռուի Մոտան, խոսելով The Athletic-ի հետ, նշել է՝ ինքը գուցե կապ հաստատի Պրեմիեր լիգայում աշխատող պորտուգալացի մարզիչների՝ «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվայի և «Նոթինգհեմի» գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտոյի հետ՝ խորհուրդ հարցնելով, թե ինչպես կարելի է կանգնեցնել «Չելսիին»: Նա արդեն պատկերացում ուներ այն մասին, թե ինչ է նշանակում «Սթեմֆորդ Բրիջում» խաղալը, քանի որ մեկ տասնամյակ առաջ Սիլվային որպես սկաուտ դիտարկել է «Սպորտինգի» դեմ 3-1 հաշվով պարտությունից առաջ:
Վարդանյանն անհամբեր է իր թիմին հնարավորինս շուտ խաղի մեջ տեսնելու. «Սա եվրոպական մրցաշարերում հայկական ակումբի կողմից անցկացված ամենամեծ խաղն է լինելու, ամենաուժեղ մրցակիցներից մեկի դեմ», -ասում է նա,- Մեր երկրպագուների հետ միասին պատրաստ ենք այն անմոռաց օր դարձնել»:
Բոլորը գիտակցում են իրենց սպասվող խնդիրը, նույնիսկ երբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան, հավանաբար, իր սովորական 10-11 փոփոխությունները կանի: Թորարինսոնն այն ամփոփելով՝ մեջբերել է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայտնի արտահայտությունն այն թիմերի մասին, որոնք առաջնահերթություն են տալիս պաշտպանությանը՝ լավ արդյունք ձեռք բերելու համար: Պաշտպանն ասել է. «Մենք կփորձենք խաղալ մեր ֆուտբոլը, բայց կարող են լինել պահեր, երբ ստիպված կլինենք «տապանը» կանգնեցնել»,- գրված է հրապարակման մեջ։