«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին (տեսանյութ, լուսանկարներ)
«Լույսեր» բնակելի համալիրը պաշտոնապես իր դռները բացեց բնակիչների առջև: «Լույսերը» միավորում է հարմարավետությունն ու բնությունը՝ առաջարկելով մոտ մեկ հեկտար կանաչապատ բակ, հանգստի գոտիներ, ժամանակակից խաղադաշտեր և սպորտային հրապարակներ՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով:
2019 թվականին հիմնադրված «Լույսեր» ՓԲ ընկերությունը, սկսելով մի խումբ գործարարների երազանքից, կարողացել է ստեղծել եզակի բնակելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մանրուք մտածված է բնակիչների հարմարավետության համար։
2020 թվականի սեպտեմբերին, չնայած համավարակի և պատերազմական իրավիճակի բարդություններին, Արմսվիսբանկի ֆինանսական աջակցությամբ մեկնարկեց համալիրի շինարարությունը։ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի և «ԴևՍ Քոնսթրաքշեն» ընկերության հետ համատեղ ջանքերի արդյունքում, այսօր իր դռներն է բացել 12,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բացառիկ համալիրը։
Լույսերի առանձնահատկությունը ոչ միայն բարձրորակ շենքերն են՝ 430 բնակարաններով, այլ նաև մոտ մեկ հեկտար տարածքն ընդգրկող բակային միջավայրը։ Այստեղ ստեղծվել է յուրահատուկ միկրոկլիմա՝ շնորհիվ հատուկ մշակված դենդրոնախագծի։ 140 ծառ և 1,500 թուփ ու բույս ընտրվել են՝ հաշվի առնելով Երևանի կլիմայական պայմանները։ Համալիրի բակում տնկվել են 9 տարբեր ծառատեսակներ՝ մշտադալար և տերևաթափ (սոճի, թխկի, բալենի, հացենի, սոսի, կաղնի և այլն), որանցից յուրաքանչյուրն ունի իր դերն ու նշանակությունը բակի ընդհանուր միկրոկլիման կարգավորելու հարցում։
Բնակարանների պատշգամբներում տեղադրվել է շուրջ 1,200 հատ ծաղկաման, որտեղ հետագայում բնակիչների կողմից տնկվող բույսերը կյանք կհաղորդեն մշակված «շենք-այգիներ» կոնցեպտին։
Շենքերի գեղեցիկ արտաքին տեսքը պահպանելն առաջնահերթություններից մեկն է եղել: Այդ նպատակով կիրառվել են մի շարք ճարտարապետական հնարքներ: Այսպես, շենքերն ունեն յուրահատուկ ֆասադային լուծումներ, մասնավորապես՝ օդորակիչների և ջեռուցման սարքերի արտաքին բլոկների համար նախատեսված են առանձին տարածքներ և պահոցներ, որոնք թաքցնում են տեխնիկական սարքավորումները՝ պահպանելով շենքի էսթետիկ տեսքը:
Լույսերի շենքերը հագեցած են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Ջերմամեկուսիչ պատերի և ալյումինե պրոֆիլներով էներգախնայող ապակիների շնորհիվ շենքերը ստացել են էներգաարդյունավետության բարձր դաս։ Եվրոպական արտադրության գեներատորային համակարգը երաշխավորում է վթարային էլեկտրամատակարարում, իսկ ջրի ռեզերվուարները՝ նվազագույնը 24 ժամ ջրամատակարարում՝ ջրանջատումների դեպքում։
Բնակիչների անվտանգությունն ապահովվում է շուրջօրյա տեսահսկման և ժամանակակից հակահրդեհային համակարգերով։ 450 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղիները սարքավորված են մեքենաների համարանիշների ավտոմատ ճանաչման համակարգով։ Շենքերը կառուցվել են՝ հաշվի առնելով սահմանափակ շարժունակություն ունեցող բնակիչների կարիքները․ ապահովված են թեքահարթակներով և զրոյական մակարդակի մուտքերով:
Համալիրը բացառիկ է նաև իր ենթակառուցվածքներով։ Տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված հինգ խաղահրապարակը, մարզասարքերը և սպորտային դաշտերը խթանում են առողջ ապրելակերպը։ Ջրային գոտիները, հանգստի տարածքները և զրուցարանները ստեղծում են հաճելի մթնոլորտ հանգստի և շփման համար։ Համալիրում գործում են առօրյա կարիքների համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ սուպերմարկետից մինչև գեղեցկության սրահ։
Առաջիկայում «Լույսեր» ընկերությունը պատրաստվում է նոր նախագծի մեկնարկին։ Շուտով համալիրի հարևանությամբ կսկսվի «Լույսեր» բիզնես կենտրոնի կառուցումը։ 11 հարկանի այս շենքը կդառնա բիզնեսի և ժամանցի եզակի կենտրոն՝ ներառելով ժամանակակից գրասենյակներ, մարզասրահ, ֆուտբոլի դաշտ, պոլիկլինիկա, ռեստորաններ և կոնֆերանս սրահներ։