ru24.pro
World News
Ноябрь
2024

Արարատ Միրզոյանը փորձում է վիճարկել ցեղասպանության եղելության հարցը, որ հանկարծ Թուրքիան մեզ չսպառնա. Անի Սամսոնյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը 

– Տիկի՛ն Սամսոնյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը չէ, որ «պատմության ողբերգական անցքերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները, սա արտաքին քաղաքականության ու դիվանագիտության խնդիր չէ»։

– 2020 թվականից հետո իշխանությունն ամբողջովին վերաձևել է մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Մենք ունեինք երկու գլխավոր առաջնահերթություն․ մեկը Ղարաբաղի հարցն էր՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծում, երկրորդը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ 

2020-ից հետո մենք գիտենք, թե Ղարաբաղի հարցի հետ ինչ տեղի ունեցավ, իսկ երկրորդ հարցի հետ կապված պետք է ասել, որ այսօր որևէ դիվանագիտական աշխատանք չի կատարվում, այսինքն՝ իշխանություն դա չի համարում իր արտաքին քաղաքական առաջնահերթությունը, ու այլևս դիվանագիտական քայլեր չեն արվում այդ ուղղությամ: Դա արդարացնում են նրանով, թե փորձում են հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ։ 

Մեր միամիտ կամ գուցե ոչ միամիտ իշխանություններին թվում է, որ եթե իրենք այդ հարցը հանեն մեր արտաքին քաղաքական օրակարգից, Թուրքիայի հետ մենք սահմանները կբացենք ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք։ Իշխանությունը փորձում է իր հանրային բարձրախոսների, ինչպես նաև պատգամավորների միջոցով, որոնց շուրթերից արտաբերվել է դա, նվազեցնել Ցեղասպանության հարցի կարևորությունը հայ ժողովրդի համար՝ որպես քաղաքական ու բարոյական հաղթանակի հասնելու նպատակ։ Դրան է միտված այն, որ ասում են՝ դեռ պետք է մեկուկես միլիոն անմեղ զոհերի անուն-ազգանունը ճշգրտենք։ 

Առաջին քայլը իշխանությունն արել է՝ իր արտաքին քաղաքականության օրակարգից այդ հարցը հանել է, երկրորդ քայլով պետք է ժողովրդի ընկալումներում մոռացության մատնել այդ հարցը, իսկ որպեսզի մոռացության մատնվի, այն պետք է վարկաբեկվի, ու նվազեցվի դրա բարոյական նշանակությունը, ինչը և փորձում են անել։ Այս պատճառով էլ ես որևէ զարմանալի բան չեմ տեսնում Արարատ Միրզոյանի ելույթներում՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման մասով։

– Կարո՞ղ ենք ասել, որ սա Թուրքիայի նախապայմանն է, որը կատարում է Հայաստանի իշխանությունը, որքան էլ երկուստեք պնդեն, թե առանց նախապայմանների են բանակցում հարաբերությունների կարգավորման շուրջ։

– Ես չգիտեմ այդպիսի հայտարարություն Թուրքիայի իշխանությունների կողմից, օրինակ՝ Ադրբեջանը հստակ պահանջներ ներկայացնում է, չէ՞, Թուրքիայի կողմից հրապարակային որևէ պայման չի հնչել այն մասին, որ հայ ժողովուրդը պետք է մոռանա Ցեղասպանության հարցի մասին, հետևաբար սա նախևառաջ իշխանությունների ինքնագործունեությունն է, ինչպես Ադրբեջանի մասով իրենց թվում է, թե որքան իրենք զիջեն, այնքան Ադրբեջանը կշոյի իրենց գլուխը, նույնը Թուրքիայի մասով։ 

Իշխանությունն ինքն է նախաձեռնում չխոսել Ցեղասպանության մասին ու փակել այդ հարցը, որպեսզի Թուրքիան շոյի իրենց գլուխը, բայց նման բան չի լինելու։ Ցեղասպանության ճանաչման հարցը մեր դիվանագիտական խաղաքարտերից մեկն է Թուրքիայի հետ բանակցություններում, եթե մենք դրանից էլ ենք հրաժարվում, դա չի նշանակում, որ Թուրքիան մեզ հետ հարաբերությունները բարելավելու է։ Հակառակը՝ այն ժողովուրդները, որոնք մոռանում են իրենց պատմությունը, երբեք չեն արժանանալու այլ պետությունների հարգանքին ու լուրջ չեն ընկալվելու այդ պետությունների կողմից։ 

– Տիկի՛ն Սամսոնյան, այսինքն՝ Միրզոյանի խոսքը, թե «սա դիվանագետների խնդիր չէ, այլ՝ պատմաբանների», իրականում այնքա՞ն էլ այդպես չէ։ 

– Միշտ Թուրքիան է Ցեղասպանության հարցը պատմաբանների դաշտ գցել, որը հետապնդել է մեկ նպատակ՝ ցույց տալ, որ այդ փաստը դեռ պետք է հաստատվի, այսինքն՝դա վիճելի հարց է։ Հիմա Հայաստանը միացել է Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությանը և կասկածի տակ է դնում Ցեղասպանության հարցը՝ այն հասցեագրելով պատմաբաններին։ Արարատ Միրզոյանը փորձում է վիճարկել ցեղասպանության եղելության հարցը, փորձում են հարցը չքաղաքականացնել, որ հանկարծ Թուրքիան մեզ չսպառնա։ 

Ցեղասպանության հարցի վարկաբեկումը Հայաստանում նաև շատ լուրջ ազդեցություն է ունենալու Սփյուռքի հետ հարաբերություններում, որովհետև մենք գիտենք, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման համար կարևոր է Սփյուռքի դերը։ Հայաստանի կողմից նման վերաբերմունքը շատ բացասական ազդեցություն է ունենալու մեր և Սփյուռքի միջև հարաբերությունների վրա։ Այս քայլով իշխանություններն ուղղակի պղծում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Քաղաքականությունը մի կողմ թողած՝ սա նաև բարոյականության հարց է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Արարատ Միրզոյանը փորձում է վիճարկել ցեղասպանության եղելության հարցը, որ հանկարծ Թուրքիան մեզ չսպառնա. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.