Բանակը սարսափեցնում է ընտանիքներին. բոլոր հնարավոր մեխանիզմներն աշխատեցնում են, որպեսզի իրենց տղան չծառայի. Զառա Հովհաննիսյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը
– Տիկի՛ն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս գործադիրի նիստի ժամանակ ասաց, որ մեզանում մարդկանց հիմնական մտածողությունն այն է, որ իրենց երեխաները բանակում չծառայեն, պաշտպանության նախարարն էլ օրերս հայտարարեց, որ իրենց համար շարունակում է մարտահրավեր համարվել բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը։ Ինչո՞ւ է այս հարցը շարունակում մարտահրավեր մնալ, արդյոք այդքան դժվա՞ր է այս խնդրին լուծում տալը։
– Այո՛, դա միջին վիճակագրական հայ ընտանիքի խնդիրն է, ու ծնողները իրենց տղա երեխաների վերաբերյալ մանկուց սկսում են մտահոգվել, թե ինչպես են լուծելու բանակի խնդիրները, իսկ դա պետք է առաջնային մտահոգություն ու խնդիր լինի հենց իշխանության համար։ Մասնավորապես՝ ինչո՞ւ է երկրում մի ինստիտուտ, որն այս կամ այն կերպ առնչություն ունի բոլոր ընտանիքների հետ, մտահոգության տեղիք տալիս մարդկանց, ու երկրում ստեղծվում է մի իրավիճակ, որ Հայաստանում խթանում է արտագաղթը: Ծնողներն առաջին հերթին մտածում են փոքր տարիքում ինչ-որ կերպ երկրից հեռանան, որպեսզի իրենց տղան չդառնա այն տարիքի, որ վերահսկելի լինի նրա երկրից դուրս գալը: Նույնիսկ եթե մնում են երկրում, օտարերկրյա քաղաքացիություն են ձեռք բերում՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից, ինչը դարձյալ զինապարտության օրենքի շրջանակներում ազատում է բանակում ծառայությունից։
Երրորդ տարբերակը՝ հրաժարվելով նաև հայաստանյան կրթության հնարավորություններից, ինչը ևս խնդիր է երկրի համար, քանի որ կրթության համակարգը փաստորեն զրկվում է իր լավագույն ուսանողներից, ու լավագույն ուժերը մեկնում են արտերկրի բուհեր սովորելու, ու հիմնական մասը չի վերադառնում հայրենիք։ Այսինքն՝ ինչպե՞ս կարող է երկրում գործել մի ինստիտուտ, որը սարսափեցնում է ընտանիքներին, որ բոլոր հնարավոր մեխանիզմներն աշխատեցնում են, որպեսզի իրենց տղան բանակում չծառայի։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է տասնամյակներ շարունակ այդ կառույցը մնացել այդ վիճակում, որ այն կյանքի ու առողջության համար անդառնալի վնաս հասցնող կառույց է դարձել խաղաղ պայմաններում։ Վերցրեք թվերը, եթե այս տարվա ընթացքում 39 մահվան դեպքից միայն 4-ն են եղել հակառակորդի կրակոցի հետևանք, դա ահռելի թիվ է, այսինքն՝ դու չես ապահովում մարդու կյանքի իրավունքը: Ես չեմ խոսում առողջության մասին, որևէ վիճակագրություն չկա, թե ինչ առողջական վիճակով են տղաները մեկնում բանակ ու վերադառնում, ոչ ոք այդ մոնիթորինգը չի անում, ծայրահեղ՝ մոնիթորինգը, որ արվում է այն դեպքում, երբ լինում են ահազանգեր, օրինակ՝ առողջական խնդիր ուներ, բայց տարան բանակ: Այդ պարագայում ասում են, որ այսքան երեխա ուներ առողջական խնդիր, ու ահազանգել է իրավապաշտպան կառույցներին, նրանք հետամուտ են եղել, որպեսզի բանակ զորակոչվելու որոշումը փոխվի, տարկետման հնարավորություն տրվի, որ առողջության հետ կապված խնդիրները լուծվեն։
Մենք չգիտենք, թե ինչպե՛ս են վերադառնում, որևէ մեկը չի ստուգում այդ տղաների առողջությունը վերադարձից հետո, նրանց հոգեբանական վիճակը, ու դա այն կառույցն է, որն իրականում մեր ամբողջ ժողովրդի վրա թողնում է ծանրագույն հոգեբանական հետևանք, ու այդ բեռն էլի մնում է ծնողների վրա, որովհետև որևէ դեպքում պետության որևէ ներկայացուցիչ դրա մասին չի բարձրաձայնում երբևէ:
Ի դեպ՝ քաղաքացիական հասարակությունը ևս չի բարձրաձայնում, միայն հաշվում են մահերի թիվը, քանի առողջական խնդրով զինակոչիկ տարան-չտարան, իսկ դա ոչինչ է այն ծավալի համեմատ, թե ինչ վնաս հասցվում է այդ կառույցի չբարեփոխված, մարդու իրավունքների նկատմամբ ոչ զգայուն, մարդուն որպես թնդանոթի միս դիտարկող կառույցի այսօրվա վիճակը։
– Այս պատկերը նոր չէ, բայց ինչո՞ւ հարցը չի լուծվում։
– Պետք է ուղղակի մարդակենտրոն մոտեցում, որը որևէ կառավարություն Հայաստանում երբևէ չի ունեցել, նախկինում բոլոր դեպքերը կոծկվում էին, այսօր ևս չի կարելի ասել, որ տարվում են ամբողջական, արդյունավետ, թափանցիկ քննություններ, ու, ի վերջո, կներեք, ոչ կանոնադրական հարաբերություններում ինքնասպանության հասցնելու կամ սպանության հիմքերով ծառայակցին մեղադրանք առաջադրելը բացարձակ բավարար գնահատական չէ կառույցին։
Մենք գործ ունենք մի կառույցի հետ, որտեղ անձը 24-ժամյա ռեժիմով գտնվում է պետության վերահսկողության ներքո, այսինքն՝ երկու հոգու գզվռտոցը անմիջականորեն պետք է վերահսկվի սպայի կողմից, որը պարտավոր է լինել այդ երեխաների կողքին: Ինչո՞ւ եմ շեշտում երեխաները, որովհետև 18-ը նոր լրացած մարդիկ են, որոնք նոր են չափահասության շեմն անցել, ու մենք նաև որևէ դիտանկյուն չունենք, թե 18 տարեկանի հոգեբանական վիճակը որքանով է բավարար, որպեսզի նա մասսայապես ներգրավվի այդ կառույցին։ Մենք այս պահին ունենք տոտալ սովետական տիպի բանակային կառուցվածք՝ երկու տարի ծառայություն՝ առանց տարկետման հնարավորության, բացառության դեպքում, որը շատ դժվար է ստանալ, ի դեպ, խայտառակ դժվար է ստանալ այդ բացառությունների կարգը։
– Տիկի՛ն Հովհաննիսյան, այսինքն՝ հարցը չի լուծվում, որովհետև օրվա իշխանությունները, անկախ անձերից, չունե՞ն այդ քաղաքական բավարար կամքը, թե՞ մարդը, ինչպես ընդունված է ասել, բարձրագույն արժեք չէ իրենց համար, դրա համար էլ հետևողական աշխատանք չի տարվում խնդիրները վերացնելու ուղղությամբ։
– Ամեն ինչ սկսվում է նրանից, թե ինչպիսին է մարդու ընկալումը պետության ներսում, այո՛, եթե մարդը արժեք է ու հատկապես այդ տարիքային խմբի մարդը, որը նոր-նոր չափահասության փուլ է մտնում, ու տղա երեխաները, որոնց սոցիալականացումը կյանքի ընթացքում շատ կարևոր է իրականում ու մեծագույն ազդեցություն է ունենում հասարակության կառուցվածքի վրա, որովհետև, պատկերացրեք, այն արժեհամակարգային խնդիրները, որոնք առաջանում են բանակում ծառայելու տարիներին, անմիջականորեն ազդում են նրանց կյանքի ողջ ընթացքի վրա, այդ թվում՝ ամուսնության, ընտանիք կազմելու, որտեղ դարձյալ սկսում են տիրել բռնարար հարաբերությունները, թե հետագա կառուցվածքի վրա՝ կրթության համակարգում։
Մենք ունենում ենք հսկայական տղա երեխաների թե՛ արժեհամակարգային և թե՛ կրթական կորուստ, որն ուղիղ ազդելու է երկրի բնակչության որակի վրա։ Որևէ մեկը վիճակագրություն չի արել, թե բանակ գնալուց ու վերադառնալուց հետո տղաների քանի տոկոսն է շարունակում կրթությունը, ինչ մասնագիտություններ են ընտրում։ Ոչ մեկն այդ հետազոտությունները չի կատարել, ու ոչ մեկի համար առաջնահերթություն չէ մտածել, թե այդ ինստիտուտը ինչպես է ուղիղ կերպով ազդում երկրի ինտելեկտուալ պոտենցիալի զարգացման կամ հակառակը՝ հետընթացի վրա։
– Իսկապես, չկան տվյալներ, թե բանակից ի՛նչ խնդիրներով են տղաները վերադառնում, ձեր ունեցած տվյալներն այդ առումով մտահոգի՞չ են, ու ո՞րն է հիմնական խնդիրը, որով բանակից գալիս են։
– Ամենաառաջին մտահոգությունն այն է, թե ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում բանակում, առաջին հարվածը հասցվում է հենց հոգեկան առողջությանը, ու լայն իմաստով պարտադիր չէ, որ մարդն ախտորոշում ունենա, որպեսզի նրա հոգեկան վիճակը խաթարված համարվի: Հենց նույն մտքերը, որոնք ստիպում են տղաներին կրթությունը չշարունակել, կյանքից հիասթափությունը, հիասթափությունը պետության նկատմամբ, բանակից հետո երկիրը լքելը և այլն, արդեն խոսում են իմ ասածի մասին։
Բանակում չկա նաև առողջության իրավունքի պահպանման հնարավորությունը, որի պատասխանատուն պետությունն է, որքանո՞վ են նրանք պատշաճ արձագանքում զինվորի բարձրաձայնած խնդրին, թե՞ ասում են՝ բա ի՞նչ էիր կարծում, բանակում ես, այդպես էլ պետք է լինի, սառե՞լ են ոտքերդ, պետք է սառեն։ Այս վերաբերմունքը բերում է նրան, որ զինվորն իր խնդրի մասին երկրորդ անգամ այլևս չի բարձրաձայնի։
Առողջական խնդիրներով պայմանավորված մահերի տոկոսը ևս ցույց է տալիս, որ բանակում այս մասը ևս լուրջ բացեր ունի: Մենք տեսանք, որ այս տարի առողջական խնդիրների այդ ցուցակը վերանայվեց, ու մարդիկ, որոնք ունեն այնպիսի խնդիրներ, որոնք կարող են խտրականության առիթ հանդիսանալ, օրինակ՝ գիշերամիզության խնդիրը, իսկ դուք պատկերացրեք մարդու վիճակը, որն այդ խնդրով զորակոչվում է բանակ, թե ինչպիսի թիրախավորման է ենթարկվելու նա զորամասում բոլորի կողմից, այդ թվում՝ սպաների։
Բայց դա առողջական խնդիր է, որի հանդեպ պետք է լինի պետության զգայուն մոտեցում։ Բայց բանակի վերաբերյալ մենք հաշվում ենք միայն մահերի թիվը ու զորակոչիկների թիվը, այլ բան չի արվում։ Այս ամենը շատ մտահոգիչ է։ Ստացվում է, որ գործ ունենք մարդու իրավունքները տոտալ խախտող ինստիտուտի հետ, ու ոչինչ չի արվում պատճառները վեր հանելու ու դրանք վերացնելու ուղղությամբ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Բանակը սարսափեցնում է ընտանիքներին. բոլոր հնարավոր մեխանիզմներն աշխատեցնում են, որպեսզի իրենց տղան չծառայի. Զառա Հովհաննիսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.