Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ ների իր թիկունքում ինչ-որ գործընթացներ, մենք դրա ականատեսը եղանք. Նինա Կարապետյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, ՔՊ վարչության նիստում հաստատել են արդարադատության նոր նախարարի՝ Սրբուհի Գալյանի թեկնածությունը, որը գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն է, այդ պաշտոնում նշանակվել է 2020 թվականի սեպտեմբերի 1-ին, մինչ այդ ավելի քան մեկ տարի եղել է արդարադատության նախարարի տեղակալ: Ինչպե՞ս եք գնահատում որոշումն ու ի՞նչ ակնկալիքներ ունեք։
– Առաջարկված թեկնածուներից երևի թե ամենահարմարն էր, ամենահամապատասխանը, բայց ես մեծ սպասելիքներ չունեմ, որովհետև, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում եմ՝ անհատներից, իհարկե, շատ մեծ բան է կախված, բայց արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որն իսպառ բացակայում է, հետևաբար՝ սպասելիքներ չունեմ։
– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ այսքան ձգվեց թեկնածուի փնտրտուքը, ու ինչո՞ւ դարձյալ Գլխավոր դատախազությունից ընտրվեց կադրը, նախադեպը Մարդու իրավունքների պաշտպանի նշանակումն էր։
– Անկեղծ ասած, նրանք ունեն իրենց նեղ շրջանակը, իրենց նկատմամբ մաքսիմում լոյալ մարդկանց ու նրանց միջև, ինչպես նախկինում էր, պաշտոնների բաժանում են անում։ Անձնապես Նիկոլ Փաշինյանին լոյալ մարդկանց, որոնց թիվը գնալով էականորեն պակասում է, անընդհատ տեղից տեղ են փոխում։ Տեսնենք, թե որքան ժամանակ կարող է այսպես շարունակվել։
– Իսկ ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է այդ լոյալ մարդկանց թիվը գնալով պակասում։
– Որովհետև շատ շատերի համար այն, ինչ տեսանելի չէր որոշ ժամանակ առաջ, հիմա արդեն տեսանելի է՝ վարած քաղաքականությունը, զրո արդյունավետությունը և առանձին դեպքերում այնպիսի գործողություններ կամ այնպիսի անգործություն, որն այլ կերպ, քան պետական դավաճանություն, կոչել հնարավոր չէ։ Անշուշտ, կլինեն մարդիկ, որոնք իրենց պաշտոնների, անձնական բարեկեցությունը բարելավելու համար լոյալ կմնան, բայց այդ թիվն անընդհատ պակասելու է, որովհետև չի կարող ադեկվատ, պետության համար անհանգստացող, սրտացավ մարդը շարունակի մնալ այս թիմում։
– Տիկի՛ն Կարապետյանց, համակարծի՞ք եք, որ ըստ էության իշխող խմբակցության որոշ պատգամավորներ, առանց Փաշինյանի հետ խոսելու, կազմակերպել էին Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքը, որպեսզի իրենցից մեկը նշանակվեր այդ պաշտոնին, բայց չկարողացան հասնել դրան։
– Շատ վաղուց են խոսում, որ պառակտում կա, բայց ոչ թե գաղափարական պառակտում, այլ բաժանվել են տարբեր թևերի, ինչն այդպես էլ պետք է լիներ, տարբեր թևեր ունեն՝ յուրայիններ, նեղ շրջանակի մեջ ավելի նեղ շրջանակ, և իրենք իրենց մարդկանց են ուզում տարբեր տեղերում պաշտոնի նշանակել, բայց լավ չեն պատկերացնում։
Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ ների իր թիկունքում ինչ-որ գործընթացներ, ու դրա ականատեսը եղանք, երբ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներից մեկին կալանավորեցին, ու այդպես անընդհատ: Բոլոր այն մարդիկ, որոնք փորձելու են իրենց թիմերը հավաքել, նրանցից մի մասի վերաբերյալ քրեական գործեր կհարուցեն, մի մասը խաղից դուրս կմնա, մի մասին էլ կպահի իր կողքը այդ հայտնի՝ կոմպրոմատ կոչվածով, որպեսզի առավելագույնը ստանա նրանցից։
Նրանք լավ չեն պատկերացնում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է իրենից ներկայացնում, անշուշտ ինչ-որ ժամանակ հետո կհասկանան, բայց արդեն ուշ կլինի, շատերի համար արդեն ուշ է։ Ուշ է, երբ հասկացել են, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանը, բայց իրենց վերաբերյալ այնքան կոմպրոմատներ կան արդեն, որ հետդարձի տեղ այլևս չունեն։
– Այդ պառակտվածության մասին որ խոսում են, թիմի ներսում եղած տարբեր թևերի մասին, կարծում եք, ի վերջո այդ պառակտվածությունը կարո՞ղ է բերել թիմի ներսից քայքայմանը, թե Փաշինյանը ձեր ասած՝ տարբեր մեթոդներով կկարողանա իրավիճակը փրկել։
– Չէ, նրանք հեռանալու են բոլորը միասին, ավելի մերժված, քան նախկինները, ես չեմ կարծում, թե կփլուզվի, որովհետև նրանք այնքան սերտ կապեր ունեն իրար հետ, այդ թվում նաև՝ հանցավոր, որովհետև այն քաղաքականությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, որ իրենք վարում են, Նիկոլ Փաշինյանը կարողացել է այնպես կազմակերպել, որ յուրաքանչյուրը իր պատասխանատվության մասնաբաժինն ունենա, գուցե ոչ ամբողջական, բայց հաստատ պատասխանատվության բաժին ունենա։
Այս գործելաոճն ընդունված է քրեական աշխարհում, երբ մեկը կրակում է, մյուսին ևս ստիպում է այդ նույն զենքով կրակել, որպեսզի բոլորը նույն հոդվածով գնան։ Այսօր գուցե շատերը կուզեին դուրս գալ թիմից, բայց այդ հնարավորությունն այլևս չունեն, քանի որ Նիկոլ Փաշինյանը բոլորին սարքել է իրեն հավասարապես հանցակից, որովհետև այնքան շատ հարցերում ու կարևոր հարցերում են թույլ տվել իրենց օգտագործել, որ այսօր այդ հնարավորությունից էլ են զրկված։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ ների իր թիկունքում ինչ-որ գործընթացներ, մենք դրա ականատեսը եղանք. Նինա Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.