ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
31

Միջազգային մշակութային համաժողովը կարևոր հարթակ կդառնա միջազգային համագործակցության խթանման համար․ ԿԳՄՍ փոխնախարար

0

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցաբար։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջազգային համաժողովի բացմանը պաշտոնական խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և արտակարգ իրավիճակների գծով տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի քարտուղար Քրիստա Պիկատը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի անունից: Համաժողովին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, միջազգային հյուրեր, հայաստանյան և արտերկրի փորձագետներ: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և նշել՝ պատահական չէ համաժողովի կազմակերպումը հայկական և համաշխարհային գրավոր ժառանգության պահպանության կարևորագույն կենտրոնում՝ Մատենադարանում, որի հազվագյուտ հավաքածուները դեռևս 1997թ. գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության գրանցամատյանում: Նրա խոսքով՝ սա մեկ անգամ ևս վերահաստատում է Հայաստանի անսասան հանձնառությունը՝ պաշտպանելու և սերունդներին փոխանցելու մարդկության հավաքական, համընդգրկուն ժառանգությունը:

«Որպես մշակութային ժառանգության պաշտպանության առանցքային փաստաթուղթ՝ «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիան սահմանում է հիմնարար ուղենիշեր: Իր 70-ամյա պատմության ընթացքում կոնվենցիան այսօր էլ շարունակում է լինել այն նշանակալի հանգրվանը և հարթակը, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնել հակամարտությունների և հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին: Հայաստանն այս Կոնվենցիան համարում է մշակութային ժառանգության պաշտպանության առանցքային միջազգային փաստաթղթերից մեկը և լիովին հավատարիմ է մնում դրա համապարփակ իրականացմանը:

Կոնվենցիայի 70-ամյակը հրաշալի առիթ է բարձրաձայնելու և քննարկելու մշակութային ժառանգության առջև ծառացած մարտահրավերները և միաժամանակ նախանշելու առաջընթացի և զարգացման նոր հնարավորությունները: Այսօր արագորեն փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակներն ու տեխնոլոգիաների զարգացման աննախադեպ արագ ընթացքը մարդկությանը նոր մարտահրավերների և իրողությունների առջև են կանգնեցրել»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար տեղակալի խոսքով՝ համաժողովի խորագիրը և թեմատիկ շրջանակը առավել քան արդիական են․ նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման և վերականգնման գործընթացում գնալով մեծանում է. «Հայաստանը ևս կարևորում է մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, օգտագործման, վերականգնման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ուստի մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգության թվայնացումը և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դրանց հասանելիության ապահովումը պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից են»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ միջազգային համաժողովը կարևոր հարթակ կդառնա միջմշակութային երկխոսության և միջազգային համագործակցության խթանման համար՝ նպաստելով համաշխարհային ժառանգության պահպանության և առաջընթացի ուղղությամբ նոր քննարկումների և տեսլականների ձևավորմանը: