ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

Աշխարհաքաղաքական իմաստով ԲՐԻԿՍ-ն է մեր անմիջական շրջապատը, ու պետք է պատրաստ լինենք դրա գոյությունը. Հակոբ Բադալյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում հնչած ելույթները, տեղի ունեցած հանդիպումները նկատի ունենալով՝ ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ հայկական կողմի համար, և ի՞նչ պոտենցիալ ունի այս ձևաչափն ընդհանուր առմամբ։

– Եթե ընդհանուր հավաքական իմաստով գնահատենք՝ ԲՐԻԿՍ-ի պոտենցիալը բազմաբևեռ աշխարհի արդեն իսկ առկա իրողությունը ինստիտուցիոնալացնելն է, այսինքն՝ հասնել այդ իրավիճակի միջազգային ճարտարապետությունը ձևավորելուն։ Կարծում եմ, նաև հենց այդ խնդիրն է հետապնդում ԲՐԻԿՍ-ը՝ որպես կազմակերպություն իր մեջ ներառված անդամներով, ու այս խնդիրն է մեծ հաշվով կազմակերպության անդամներին ավելի շատ միավորող գործոնը։ 

Իհարկե կա նաև տնտեսական հարցը, բայց նաև այդ տնտեսական էֆեկտի շահառության համատեքստը դարձյալ պայմանավորված է հենց այդ հանգամանքով, այսինքն՝ կան մի շարք նոր ձևավորված դերակատարներ, ու նրանք փորձում են իրենց այդ նոր ներուժը կապիտալացնել արդեն աշխարհակարգի ճարտարապետության տեսքով։ 

Այդ երկրների խմբի համատեքստում ԲՐԻԿՍ-ը դիտարկվում է որպես կարևոր գործիքներից մեկը, այստեղ կան իհարկե համաշխարհային ուժային ազդեցիկ հին կենտրոններ, ինչպիսիք Ռուսաստանը, Չինաստանը որոշակի իմաստով, ու այս երկրներն էլ փորձում են իհարկե օգտագործել մյուս երկրների հավակնությունները և դրանք դարձնել արդեն իրենց ռազմավարության ուղեկից գործոն ավելի գլոբալ համատեքստում։

– Հայաստանն այդտեղից ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ, ո՞րն է Հայաստանի դերն այդ ձևաչափում։

– Այդ ձևաչափում խոսել Հայաստանի դերի մասին մենք չենք կարող, չեմ կարծում, թե Հայաստանն ունի այն միջազգային տրամաչափն ու ազդեցությունը, որ թույլ կտա առանձնակի խոսել ԲՐԻԿՍ-ում Հայաստանի դերի մասին, բայց Հայաստանը, իհարկե, պետք է հաշվի առնի ԲՐԻԿՍ-ի դերը, նրա ֆունկցիոնալ հեռանկարներն ու ընթացիկ իրողությունները։ 

Ըստ այդմ՝ ինչպես աշխատում է տարբեր միջազգային կառույցների հետ, այդ թվում, օրինակ՝ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, այդկերպ պետք է հաշվի առնել նաև ԲՐԻԿՍ-ի գոյությունը, նրա նպատակները, ուղենիշները և այլն ու պատրաստ լինել որպես սուբյեկտ աշխատել նաև այդ կառույցի հետ: Առավելևս, որ, մեծ հաշվով, աշխարհաքաղաքական իմաստով այդ կառույցն է մեր անմիջական շրջապատը, ու այստեղ պետք է պատրաստ լինենք դրա գոյությունը հաշվի առնել ու մշակել դրա հետ աշխատանքի մեր մոտեցումները ու նաև աշխատանքի մեր օրակարգը: 

Մենք պետք է կարողանանք գտնել համադրելի կետեր, որոնք չեն ենթադրի համաշխարհային առճակատման որևէ կողմ դառնալ ու պարզապես Հայաստանին հնարավորություն կտան սպասարկել այսօր իր գլխավոր խնդիրը, այն է՝ ապահովել հակակշիռների վրա ձևավորված անվտանգության միջավայր իր համար։

– Իշխանությունը այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր անո՞ւմ է։ 

– Հրապարակային մակարդակում մենք տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է աշխատել, այսինքն՝ ընդունեց ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, աշխատում է ԲՐԻԿՍ-ում էական դեր ունեցող երկրների հետ, ընդհանրապես այդ միջավայրի հետ, այսինքն՝ աշխատանքը մենք տեսնում ենք, ամբողջ հարցն իհարկե այն է, թե ինչպիսի բովանդակություն ունի: 

Սա չի կարելի միարժեք գնահատել, որովհետև այն զգալի մասով կարող է լինել ոչ առերևույթ, լինել դիվանագիտական սենյակներում քննարկումների առարկա, ու այստեղ գնահատականն արդեն պետք է կառուցել ժամանակի հաշվարկով, տեսնելու, թե Հայաստանն ինչպիսի՛ արդյունք կկարողանա ապահովել։ Կամ տեսնել՝ Հայաստանը կարո՞ղ է ընդհանուր օրակարգերի վրա հիմնված քաղաքական տեքստեր դաշտ բերել, առայժմ սա չենք տեսնում։ 

– Պարո՛ն Բադալյան, գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ի՞նչ սպասել այս հանդիպումից։

-Որևէ առերևույթ նշան չեմ տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ է հրաժարվել իր կարծր պայմաններից ու առավելապաշտությունից, ըստ այդմ, եթե կա ինչ-որ պրոցես, որը բարձրացնում է խաղաղության պայմանագրի հավանականությունը, ապա դա խիստ ստվերային է։ 

Եթե առաջնորդվենք առերևույթ գործոններից բխող դիտարկումներով, ապա հնարավոր է, որ քննարկման առարկա է որևէ դեկլարատիվ փաստաթղթի հնարավորությունը, որը ոչ միայն իրատեսական կարող է լինել Հայաստան-Ադրբեջան մակարդակում համաձայնեցնելու տեսանկյունից, այլ նաև գերտերությունների մակարդակում: 

Մենք գիտենք, որ այդ կենտրոնները բավական մրցակցային հարաբերությունների մեջ են Կովկասի ապագա ստատուս քվոյի դասավորության հարցում, և Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բարդությունները ոչ միայն միկրոմակարդակում են, այլ նաև՝ մակրոմակարդակում։ Հետևաբար ավելի մեծ հավանականություն ունի ինչ-որ հռչակագրային համաձայնության շուրջ որևէ պայմանավորվածության գալու հնարավորությունը։ 

Հնարավոր է՝ Կազանում քննարկվել են այս հարցերը, ու ԱՄՆ-ի հայտնի առաջարկներն էլ, որ անմիջապես Կազան մեկնելուց առաջ ստացան Փաշինյանն ու Ալիևը, թերևս կարող են որևէ պայմանավորվածության վերածվելու իրատեսականություն ունենալ միայն այդ համատեքստում։

– Ադրբեջանի նախագահը, ինչպես և հայկական կողմը, վավերացրին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Ի՞նչ զարգացումներ կլինեն առաջիկայում ձեր գնահատմամբ։

– Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանը մեկ էլ հայտարարեց՝վավերացրել է կանոնակարգը, բայց ինչպե՞ս ստուգել ու չափել դա, իսկապե՞ս այն անցել է ներպետական վավերացում, թե սա պարզապես հայելային պատկեր է ստեղծում Երևանի վավերացումը արդեն Հայաստանի հանրության առաջ հիմնավորելու կամ փաստարկելու համար։ Այս գործընթացը առնվազն բավական խորհրդապահական կողմեր ունի, որովհետև ենթադրվում էր, որ այդ ներպետական վավերացման գործընթացը պետք է զուգահեռ լինի։ 

– Պարո՛ն Բադալյան, COP29-ին Հայաստանը պե՞տք է մասնակցի, ու ինչպիսի՞ն պետք է լինի այդ մասնակցությունը։

– Չեմ բացառում, որ Կազանում քննարկվել է այդ հարցը, ու այդ հռչակագրային բնույթի փաստաթուղթ, որ ասում եմ, կարող է քննարկման առարկա լինել, ըստ իս՝ հենց այդ համատեքստում է քննարկվում։ Հասկանալի է, եթե Երևանը ընդունի հրավերը, ապա դա պետք է ունենա ծանրակշիռ հիմնավորում, առավելևս, որ հենց Երևանի հետ նախորդ տարի դեկտեմբերի 7-ի հայտնի համաձայնության շնորհիվ է, որ այդ COP29-ն անցկացվում է Բաքվում։ 

Այդ հիմնավորումը պետք է լինի հայ-ադրբեջանական ինչ-որ համաձայնություն, բայց անկասկած է, որ Երևանի մասնակցությունը որպես նվազագույն պայման պետք է ենթադրի գերիների վերադարձ: Պարզ է, որ ամբողջականի մասին խոսք լինել չի կարող, բայց այդ հնարավորությունը պետք է օգտագործել, միևնույն ժամանակ ոչ այնպես, որ դրա գինը լինի Հայաստանի համար վտանգավոր քաղաքական պայմանների ընդունումը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Աշխարհաքաղաքական իմաստով ԲՐԻԿՍ-ն է մեր անմիջական շրջապատը, ու պետք է պատրաստ լինենք դրա գոյությունը. Հակոբ Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.