Միակ ելքը հեղափոխությունն է, ուրիշ ելք չեմ տեսնում, այս համակարգը որևէ օրդինար ճանապարհով լուծումներ չի պահանջում. Նահապետյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանը
– Պարո՛ն Նահապետյան, հոկտեմբերի 17-ի գործադիրի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր հանրությունն ամեն օր մտածում է, թե ոնց անի, որ իր տղան բանակ չգնա։ Ինչո՞ւ ունենք այս իրականությունը, ի՞նչ քայլեր է արել գործող իշխանությունը կառավարման ընթացքում, որ ՀՀ քաղաքացին այդ մտածմունքը չունենա։
– Երբ որևէ ժողովուրդ ստիպված է լինում ստեղծել բանակ, որ պատերազմի, իր մոտ ծագում է ռազմավարական երկընտրանք՝ անել այնպես, ինչպես Սովետական Միությունը, այսինքն՝ միլիոններով զոհեր տալ, կամ անել այնպես, ինչպես Իսրայելը՝ մտածել ինչպես չզոհվելով հաղթել։ Մենք, չլինելով սովետական ռեսուրսների կրողը, այնուամենայնիվ, չենք որոշել նաև վարվել այնպես, ինչպես Իսրայելը, հետևաբար ստացվել է այնպես, որ մենք մեր առջև ծառացած խնդիրներին փորձում ենք տալ սովետական ոճի լուծումներ, որի հնարավորությունն ու շռայլությունը մենք չունենք։
Նախ 21-րդ դարն այն դարը չէ, որ դու հույս ունենաս, որ միլիոնավոր մարդիկ կգնան, կզոհվեն, երկրորդ դա հիմարություն է, եթե կա հնարավորություն այնպես կառավարել, տեխնոլոգիաներն այնպես աշխատեցնել, որ դա այդպես չլինի։ Հետևաբար, երբ մի հասարակություն տեսնում է, որ իր քաղաքական առաջնորդությունն այնքան տխմար է, որ այդ հարցը մի քանի տասնամյակ չի կարողացել լուծել, արդեն առաջանում է այն միտքը, որ ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսնի։
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ես կարծում եմ, որ այդպիսի խնդիր չկա դրված, որովհետև եթե դուք նայեք 44-օրյա պատերազմի քրեական գործերը, դրանք բոլորն այն մասին են, որ հաղթանակի ձգտող մեր փառապանծ վարչապետը ամեն ինչ արեց, որ հաղթենք, բայց բանակում կային վախկոտ ավագ լեյտենանտներ, որոնք փախան պատերազմի դաշտից, դրա համար էլ մենք պարտվեցինք։
Մինչդեռ այդ քրեական գործերում ինչ-որ անուններ են հոլովվում, բոլորը՝ առնվազն գեներալ-մայորի ուսադիրներով, որոնց ոչ մեկը չի կանչում, ասի՝ եղբա՛յր, ո՞նց է ստացվել, որ այդպես մի անգամ՝ 70, մյուս անգամ՝ 200 մարդու ուղարկել ես մեռնելու, երեք օր հետո ես իմացել, որ այդ մարդիկ մեռել են: Ինչո՞ւ է քո կազմակերպած լոգիստիկան պարբերաբար մարդկանց մահվան պատճառ դարձել, երբ կանգնում ասում ես՝ ինձ չի հետաքրքրում, այդտեղ պետք է զորք կանգնեցնել, իսկ այդտեղ արդեն 3-4 օր է՝ հայկական զորք չկա, բայց դու տեղյակ չես, չգիտեմ ինչու, դու գեներալ ես, բայց տեղյակ չես։
Այս պետությունը խորապես ու հետևողականորեն ցույց է տալիս, որ թքած ունի մարդկանց կյանքի վրա, որովհետև ոչ մեկը իր սխալների համար պատասխան չի տվել, որովհետև չկա այդպիսի խնդիր դրված, որովհետև մեր քաղաքական էլիտան, մասնավորապես նկատի ունեմ իշխանավորներին, պատերազմ հաղթելու խնդիր չի դրել, այլ դրել է պատերազմի պարտության մեջ քիչ մեղավոր լինելու խնդիր, ու դրա համար էլ ծագում են այդ քրեական գործերը, որոնցում հերոս վարչապետին դավաճանել են վախկոտ ավագ լեյտենանտները։
– Իսկ ո՞վ կամ ովքե՞ր պետք է ստիպեն իշխանությանը պատասխանատվության ենթարկել մեղավորներին, նույն ընդդիմությունն այդտեղ գործառույթ ունի՞։
– Իհարկե, և՛ ընդդիմությունը, և՛ քաղաքացիները։ Առհասարակ, նման խոշոր աղետներն ու ողբերգությունները հասարակություններին ու դրանց քաղաքական ակտիվ շերտերին պիտի ստիպեն փոխել մոտեցումներն ու ապրելու որակները։ Մենք պետք է դադարենք այդ՝ «ոչ մեկը մեղավոր չէ», կամ «բոլորս էլ մեղավոր ենք», «բոլորն էլ մեղավոր են՝ բացի մեր ընկերներից» սկզբունքով ապրելը, անուններ չտալը, կոմֆորմիզմը։ Այս որակներով չի կարող պատասխանատվության ինստիտուտ ձևավորվել, մեր պետությունն իր նորագույն պատմության խոշորագույն ողբերգությանն է բախվել, բայց ոչ մեկը մեղավոր չէ դրա համար։
– Պարո՛ն Նահապետյան, ընդդիմությունն ինչո՞ւ չի պահանջում։
– Պահանջում է, ուղղակի այդտեղ էլ կան հարցեր․ ասենք, այդ դուխով հրաման տվողներից մեկը ընդդիմության ցույցերի առաջին շարքերում կանգնող մարդկանցից մեկն է, իսկ ինչպես արդեն ասացի՝ մեր ընկերն է, ուրեմն մեղավոր չէ։
– Իրավիճակից, որում մենք ենք հիմա, ելքը ո՞րն է։
– Իմ տեսած միակ ելքը հեղափոխությունն է, ուրիշ ելք ես չեմ տեսնում, այս համակարգը որևէ օրդինար ճանապարհով լուծումներ չի պահանջում։ Ընտրություններով, էվոլյուցիայով չի ստացվելու, այստեղ նորից պետք է հեղափոխություն անել։
– 2018-ին էլ արեցինք։
– Ֆրանսիացիները Ֆրանսիա ունենալու համար հինգ անգամ են արել, որից գրեթե բոլորը՝ ձախողված։ Եթե դու հոգնում ես, կեսից ձանձրանում ես, գնա ուրիշ պետության անձնագիր վերցրու ու ապրիր։ Պետություն ունենալը պարբերաբար սխալվելու ու դրա համար գլուխդ գիլիոտինի տակ դնելու, չհիասթափվելու, նորից փորձելու մասին է։
– Ո՞վ կամ ովքե՞ր պետք է անեն այդ հեղափոխությունը։
– Ես։ Այս հարցին ամեն մարդ պետք է պատասխանի՝ ես, այդ թվում՝ գործող ընդդիմությունը։
– Իսկ գործող ընդդիմությունը պատրա՞ստ է հեղափոխություն անելու։
– Չգիտեմ։
– Ասում են՝ պատրաստ ենք, բայց հանրությունը պետք է մեզ աջակցի, ինչը չի անում։
– Էդ դեպքում պետք է ռազմավարական ծրագիրը փոխել, եթե քո փառահեղ ծրագիրն ամեն անգամ չի աշխատում, իսկ դու ամեն անգամ չես լսում դիմացինի կարծիքը, հանրությունն էլ որտեղի՛ց աջակցի։ Մի անգամ երևի պետք է լսել դիմացինի կարծիքը։
Քրիստինե Աղաբեկյան
Լուսանկարը՝ անձնական արխիվից
MediaLab.am
The post Միակ ելքը հեղափոխությունն է, ուրիշ ելք չեմ տեսնում, այս համակարգը որևէ օրդինար ճանապարհով լուծումներ չի պահանջում. Նահապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.