Հրեա գործարարը 100,000 դոլար է առաջարկել պաղեստինցիներին, որոնք Թել Ավիվին կհանձնեն Գազայում պահվող իսրայելցիներին
Հրեական արմատներով ամերիկացի գործարար Դանիել Բիրնբաումը 100,000 դոլար է խոստացել Գազայի հատվածի բնակիչներին, որոնք Իսրայելին կհանձնեն Գազայում՝ ՀԱՄԱՍ խմբավորման մոտ, պահվող իսրայելցի գերիներին: Այս մասին գրում է Times of Israel-ը:
Արաբերեն ենթագրերով տրված իր տեսաուղերձում SodaStream-ի նախկին գործադիր տնօրեն Դանիել Բիրնբաումն ասել է.«Սա սարսափելի տարի էր... յուրաքանչյուր ոք, ով Գազայից կբերի կենդանի իսրայելցի բանտարկյալի, կստանա 100,000 դոլար, որը կվճարվի կամ կանխիկ կամ բիթքոյնով, ինչպես նախընտրեք»:
Նա հավելել է, որ առաջարկը կգործի միայն մինչև չորեքշաբթի կեսգիշեր և տրամադրել է հեռախոսահամար, որով կարելի է իր հետ կապ հաստատել Telegram-ի կամ WhatsApp-ի միջոցով:
Ենթադրվում է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 251 պատանդներից 97-ը մնում են Գազայում։