Հակակոռուպցիոն կոմիտեն եզրահանգել է՝ Քյարամյանն ու բարձրաստիճան քննիչը նախկին ակտիվիստին չեն խոշտանգել. «Ազատություն»
«Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս», – տնային կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանի այս հայտարարությունը քննելուց մեկ տարի անց Հակակոռուպցիոնը եզրակացրել է՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ու բարձրաստիճան քննիչ Ազատ Գևորգյանը նախկին ակտիվիստին չեն խոշտանգել, հետևաբար նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի։Այս մասին գրում է «Ազատություն»-ը:
Դատախազության փոխանցմամբ՝ Քննչականի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են ցուցմունք տալ, օգտվել են իրենց իրավունքից։
Նախքան կալանավորվելը Տիգրան Առաքելյանը պնդել էր, թե իրեն խոշտանգել են Քննչական կոմիտեի Երևանի վարչության շենքում, պետի՝ Ազատ Գևորգյանի աշխատասենյակում։
«Սպառնալիքներ ընտանիքիս համար, ինձ ասել են՝ կնոջդ ու երեխայիդ այլևս չես տեսնելու, մեքենա է՝ կգցի տակը, ձեր տունը պաժառ կընկնի, ինչ-որ մի բան կպատահի, որովհետև ընտանիքով ենք վերացնելու», – պատմել է Տիգրան Առաքելյանը:
Առաքելյանը մեղադրյալ է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի ձևավորած խմբի կազմում շորթման, դատավորի բարի համբավն արատավորելու հոդվածներով։
Այս գործի համար էին նրան կանչել Քննչական կոմիտե հարցաքննության։ Իրավապահները Առաքելյանի այս պնդումներից հետո խոշտանգման հոդվածով քրեական գործ էին հարուցել, բայց այն ամիսներ առաջ կարճվել է։ Այս որոշումը այժմ փաստաբան Դավիթ Ավագյանը բողոքարկում է դատարանում։
«Նախաքննական մարմինը գտել է, որ խոշտանգում չի իրականացվել նշված անձանց նկատմամբ, առհասարակ նրանց նկատմամբ հակաիրավական գործողություն չի կատարվել և վերջիններիս հայտնած տեղեկությունները նրանք համարել են մտացածին: Իհարկե, այն իրավաչափ չէ, անհիմն, մեր գնահատմամբ, դա ապօրինի որոշում է: Միգուցե այն անունները, որոնք շոշափվում են հանցագործության մասին հաղորդմամբ, ազդեցություն են ունեցել, որպեսզի քրեական վարույթն այս ճակատագիրն ունենա», – ընդգծեց փաստաբանը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post Հակակոռուպցիոն կոմիտեն եզրահանգել է՝ Քյարամյանն ու բարձրաստիճան քննիչը նախկին ակտիվիստին չեն խոշտանգել. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.