ru24.pro
World News
Октябрь
2024

«3+3» ձևաչափը սպառնալիքները չեզոքացնելու հնարավորություններից մեկն է. Սամվել Մելիքսեթյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը 

– Պարո՛ն Մելիքսեթյան, հայկական ու ռուսական կողմերն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը «3+3» ձևաչափի երրորդ հանդիպմանը։ Ի՞նչ է Հայաստանին տալու մասնակցությունը այս ձևաչափին։

– Հիմնական սպառնալիքները Հայաստանի համար կապված են հենց տարածաշրջանային պետությունների, այսինքն՝ Հայաստանի հարևանների հետ։ Այս ձևաչափը այդ սպառնալիքները չեզոքացնելու հնարավորություններից մեկն է, բացի դա՝ այս ձևաչափը կարելի է նաև որպես պահեստային տարբերակ դիտարկել, քանի որ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները բավականին անկանխատեսելի են, ամեն ինչ կախված է Վրաստանի ու ԱՄՆ-ի ընտրություններից, Իրան-Իսրայել հնարավոր կոնֆլիկտից: Այդ առումով Հայաստանը ձգտում է ավելի կանխատեսելի հարաբերություններ ունենալ տարածաշրջանային պետությունների հետ, ու սա բավական ռացիոնալ մարտավարություն է։ 

Գիտենք նաև, որ Վրաստանն ի սկզբանե հրաժարվել է այս ձևաչափին մասնակցելուց, բայց այստեղ կան առնվազն Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավորություն, մենք գիտենք, որ խողովակները բավականին սահմանափակ են, գիտենք, որ Իրանի հետ նույնպես կա այդ հանդիպումների հնարավորությունը, ու Իրանն այդ առումով շատ կարևոր երկիր է Հայաստանի համար: 

Ռուսաստանի պարագայում, պարզ է, որ կան այլ խողովակներ, ձևաչափեր, Ռուսաստանի ցանկությունն է առաջին հերթին փակել տարածաշրջանը, թույլ չտալ այստեղ ինչ-որ արտաքին ուժեր միջամտեն, ու այդ հարցում նա որոշակի փոխըմբռնում է գտնում Թուրքիայի ու Իրանի կողմից: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ ցանկությունն իրագործելի չէ, բայց մասնակցելով նման ձևաչափերի՝ Հայաստանը հնարավորություն է ստանում որոշ չափով չեզոքացնել սպառնացող մարտահրավերները, այդ պետությունների հետ ստեղծել նոր կապեր և ունենալ այդ պահեստային ծրագիրը:

Եթե մենք, ենթադրենք՝ նույն ԱՄՆ նախագահի ընտրությունների ոչ ցանկալի արդյունք՝ Թրամփի հաղթանակը, ապա պարզ է, որ Հայաստանի կախվածությունը տարածաշրջանային այդ տերություններից ավելի մեծ է լինելու, ու այդ դեպքում կարևոր է, որ լինի ավելի կանխատեսելի հարաբերություն։ 

– Որոշ փորձագետների պնդմամբ՝ Հայաստանի մասնակցությունն այս ձևաչափին որևէ օգուտ չի բերելու, բացի Հայաստանի շահերի ոտնահարումից, որովհետև, ըստ նրանց, այս ձևաչափին անդամակցող մյուս պետություններն ունեն ընդհանուր շահեր, որոնք դեմ են հայկական շահերին։ Նման մտահոգություն դուք չունե՞ք։

– Ինչպես ասացի, այդ պետություններից յուրաքանչյուրն ունի իր շահը, ընդհանուր շահը, իհարկե, ցանկությունն է՝ պահպանել տարածաշրջանը ավելի շատ իրենց ենթակայության տակ, չթողնելով արտաքին ինչ-որ ուժերի, բայց Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը բազմաթիվ հարցերում հակասում են, ես չեմ մտածում, որ նրանք ընդհանուր շահեր ունեն նաև Հայաստանի հետ կապված հարցերում։ 

Ադրբեջանական կոնֆլիկտի հետ կապված ևս, այդ պետությունները տարբեր մոտեցումներ ունեն, ու դրանք Հայաստանի անմիջական հարևաններն են։ Սա, իհարկե, լավագույն ձևաչափը չէ, որին Հայաստանը կձգտեր, բայց Հայաստանի համար շատ կարևոր է ունենալ կանխատեսելի հարաբերություններ այդ պետությունների հետ՝ հնարավոր անցանկալի զարգացումների պարագայում։ 

Հայաստանը, ցավոք սրտի, այսօրվա իր ռեսուրսներով ու կարողություններով չի կարող իրեն ավելի լավ ձևաչափերի ընտրություն թույլ տալ։ Այս ձևաչափերն ավելի շատ դիվանագիտական հանդիպումներ են ենթադրում ու ինչ-որ պարտադրողական որոշումներ չունեն, այսինքն՝ սրանք խողովակներ են, որոնցով կողմերն ինչ-որ մոտեցումների, շահերի փոխանակում են կատարում։ Հայաստանը, անկասկած, պետք է մասնակցի այս ձևաչափին, առավելևս, երբ կա հայ-թուրքական ձևաչափը, ու այս հարցը ևս շատ կարևոր է Հայաստանի համար, ու սա հնարավորություն է նաև այդ հանդիպումներն ինչ-որ ձևով շարունակելու։ 

– Պարո՛ն Մելիքսեթյան, քանի որ գործող իշխանությունը ժամանակ առ ժամանակ խոսում էր արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք փոխելու մասին, այս ձևաչափին մասնակցելով՝ կարո՞ղ ենք ասել, որ, ըստ էության, իշխանությունը հրաժարվում է այդ փոփոխությունից։

– Չէ՛, սա այս ձևաչափում առաջին հանդիպումը չէ, արդեն երկու անգամ հանդիպել են։ Երկրորդ՝ մենք պետք է հասկանանք, որ այսօր ոչ թե Հայաստանն է որոշում թեքվել դեպի Արևմուտք, այլ Արևմուտքն է բավականին անկայուն վիճակում, ու պարզ չէ, թե որտեղ է թեքվելու նույն ԱՄՆ-ն ընտրություններից հետո։ Այս պարագայում, իհարկե, բավականին ռացիոնալ է ունենալ իմ նշած պահեստային ծրագրերը ու փորձել տարբեր ձևաչափերում ներկայացնել քո շահերը, հասկանալ ուրիշներինը ու փորձել բանակցել։ 

Ինչպես նշեցի, Հայաստանն այսօր այլընտրանքի ու շռայլության այդ հնարավորությունը չունի, որ իրեն թույլ տա այս հարցերին ավելի ընտրողաբար մոտենալ, ու քանի որ կան նաև միջազգային այս լուրջ ճգնաժամերը՝ Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, Հայաստանի նման պետությունները ստիպված են ավելի զգուշավոր քաղաքականություն վարելու։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post «3+3» ձևաչափը սպառնալիքները չեզոքացնելու հնարավորություններից մեկն է. Սամվել Մելիքսեթյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.