Ուելսում ձերբակալվել է տղամարդը, որը ներթափանցել է անծանոթների բնակարաններն ու տնային գործերն արել
Ուելսի Նյուպորտ քաղաքում 22 ամսվա ազատազրկման է դատապարտվել 36-ամյա Դամիան Վոյնիլովիչը, որը ներխուժել է անծանոթ մարդկանց բնակարաններն ու որոշ տնային գործեր արել, օրինակ՝ լվացքը փռել, աղբը թափել, հատակը մաքրել:
Ինչպես գրում է odditycentral.com-ը, նա նաև գրություն է թողել.«Մի՛ անհանգստացեք, ուրա՛խ եղեք»:
Լեհ տղամարդն ընդհանուր առմամբ ներխուժել է երկու բնակարան, որոնց տերերը դիմել են ոստիկանություն: Նրան մեղադրել են գողության համար:
Տանտերերից մեկը վերադարձից հետո նկատել է, որ աղբամանը դատարկ է, տնային թռչունների կերակրամանը լիքն է, ծաղկամանների տեղերը փոփոխված են: Կինն ուղղակի սարսափել է՝ ենթադրելով, որ տուն գող է մտել: Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա հուլիսի 16-ին:
Դրանից մի քանի օր անց նմանատիպ դեպք է կրկնվել մեկ այլ տանը: Տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, որ Վոյնիլովիչը մտել է տուն, լվացքի մեքենան միացրել, հետո լոգանք է ընդունել, մի քիչ գինի է խմել ու հեռացել:
Վոյնիլովիչի փաստաբանը դատարանում ասել է, որ այդ դեպքերի ժամանակ իր պաշտպանյալն անօթևան է եղել և ցավում է պատճառած ցանկացած անհարմարության համար: