Թատրոն է, ժամանակ շահելու փորձ՝ հիմնված Ադրբեջանի հույսի վրա, որ Թրամփի ընտրվելը կարող է փոխել ԱՄՆ-ի դիրքորոշումը. Անդրիաս Ղուկասյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը
– Պարո՛ն Ղուկասյան, Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կկնքեն այն ժամանակ, երբ բոլոր հարցերը կհամաձայնեցվեն, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հենց այս ամիս էլ պատրաստ են պայմանագիրը ստորագրելու։ Ինչո՞ւ է շտապում հայկական կողմը, և ի՞նչ հարցեր է փորձում համաձայնեցնել Ալիևը։
– Այդ ամենը, ըստ իս, թատրոն է։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիրն այսօրվա գործող ձևաչափով պետք է հաստատվի նաև Մինսկի խմբի մյուս անդամ պետությունների կողմից, այսինքն՝ ևս 9 պետություն պետք է դրան համաձայնություն տա։ Միգուցե Ռուսաստանը, Թուրքիան, Բելառուսը Ադրբեջանի կողքին են այսօր՝ հայերի էթնիկ զտումն Արցախում լեգիտիմացնելու հարցում, բայց ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Շվեդիան, Ֆինլանդիան հավանաբար այդպիսի խաղաղության պայմանագիր, որը լեգիտիմացնում է էթնիկ զտումն Արցախում, չեն հաստատի։ Տեսնում ենք, որ դա անհաղթահարելի պատնեշ է դարձել Իլհամ Ալիևի համար, նրանք փորձում են գտնել նոր ձևաչափ՝ առանց Մինսկի խմբի, և փորձում են ժամանակ շահել հավանաբար մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունները։
Իրականում չի կարող խաղաղության պայմանագիր լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ առանց Արցախի հարցի կարգավորման՝ առանց միջազգային զորքերի տեղակայման Արցախում, այնտեղ միջազգային կառավարման հաստատման ու հանրաքվեով վերջնական կարգավիճակը որոշելու գործընթացի։
Իսկ այդ ամենին Ալիևը համաձայն չէ, բողոքում է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, սպառնում է, կոչ է անում Փաշինյանին ընդհանուր ճակատով դուրս գալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ԵՄ-ի դեմ, տարբեր տեսակի պահանջներ է առաջ քաշում՝ իբրև կարգավորման համար խոչընդոտող հանգամանքներ, բայց, դե, մեծ հաշվով, ասում եմ՝ թատրոն է, ժամանակ շահելու փորձ է, ու հիմքում այն հույսն է, որ Թրամփը ինչ-որ մի հրաշքով կարող է ընտրվել, և ԱՄՆ-ի դիրքորոշումը հնարավոր կլինի, ըստ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հանցավոր ռեժիմների տեսակետների, փոփոխել։
– Այս ուղղությամբ ռեալ քայլեր կարելի է ակնկալել ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո՞։
– Այո՛, որովհետև հստակություն կմտնի այս հանցավոր ռեժիմների համար, իրենք անշուշտ ունեն պլան Բ, եթե ընտրվի Քամալա Հարիսը, ու իրենց սպասումները չարդարանան, այդ դեպքում արդեն այլ սցենարներ գործի կդրվեն։ Հիմա դրա նախապատրաստումը երևում է․ Վրաստանում որոշեցին առճակատման գնալ ԵՄ-ի դեմ, Մոլդովայում մոտակա օրերին հանրաքվե է լինելում ԵՄ-ին անդամակցելու հարցով, այնտեղ Ռուսաստանի բոլոր համախոհներն ակտիվացել են, Հայաստանում նույնպես բողոքի ակցիաները վերսկսվեցին Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։ Այսինքն՝բոլոր կետերում, որտեղ գնում է պայքար, որից աշխարհաքաղաքական դասավորությունն էլ է իրապես կախված, տեսնում ենք, որ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը փորձում են հակադրվել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ԵՄ-ին։
– Պարո՛ն Ղուկասյան, թե՛ Վրաստանում, թե՛ ԱՄՆ-ում սպասվող ընտրություններն ի՞նչ ռիսկեր կարող են ծնել Հայաստանի համար։
– Վրաստանում հետընտրական բախումների հավանականությունը շատ մեծ է այս պահի դրությամբ, Մոլդովայում նույնպես բավականին սուր մթնոլորտում է անցնում այդ հանրաքվեի քարոզարշավը։ Այսինքն՝առճակատումը, որի մասին ասացի, արտահայտվելու է նաև ներքին բախումներով, ուժային գործողություններով։ Սա իսկապես Հայաստանի համար ռիսկեր է ստեղծում, բայց ավելի կարևորը ոչ թե այդ ռիսկերն են, այլ՝ դասավորությունը, որը կլինի, երբ այդ ամենը կամփոփվի։
– Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ընթացող շարժումը դուք կապում եք արտաքին ուժերի, մասնավորապես, Ռուսաստանի՞ հետ։
– Յուրաքանչյուր պայքար ունի ներքին ռեսուրսներ, նաև արտաքին դաշտում որոնում է աջակիցներ։ Բագրատ Սրբազանի ելույթներից պարզ է, որ ինքը Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման, զարգացման կողմնակից է, ու դրա համար շատերը նրան դիտարկում են որպես ռուսական քաղաքականության համախոհներին համախմբող շարժման առաջնորդ: Դա է ինձ հիմք տալիս մտածելու, որ նա Մոսկվայից դիտվում է որպես իրենց քաղաքականությունը Հայաստանում առաջ տանող ուժ։
– Հաջողության հասնելու շանսեր ունի՞ այս շարժումը։
– Միշտ կա մաքսիմալ արդյունք ու նվազագույն, որին կարելի է հասնել, հաջողությունը հարաբերական է։ Որ մեր հանրության մեջ անհնար է մեծ մոբիլիզացիա ստեղծել հանուն Ռուսաստանի, դա ակնհայտ է բոլորին, այսինքն՝ ես չեմ էլ կարծում, որ այդպիսի ծրագիր կարող է այսօր խորհրդարանական ընդդիմությունն ունենալ ու նաև Բագրատ Սրբազանի շարժումը։ Բայց այլ քաղաքական խնդիրներ՝ Վրաստանի իրավիճակին զուգահեռ նաև Հայաստանում բողոքի ցույցեր ունենալ ու իրավիճակի վրա ազդելու հնարավորություն, անշուշտ, անխուսափելիորեն լինելու է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Թատրոն է, ժամանակ շահելու փորձ՝ հիմնված Ադրբեջանի հույսի վրա, որ Թրամփի ընտրվելը կարող է փոխել ԱՄՆ-ի դիրքորոշումը. Անդրիաս Ղուկասյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.