ru24.pro
World News
Октябрь
2024

Անկախ նրանից՝ մեղադրյալի աթոռին նստած կլինի նախագահ, թե վարչապետ, մրցակցային դատավարությունից մի գրամ շեղում չի լինելու. Քոչարյանի գործով դատավոր

0

Մենք մեր դիրքորոշումը ներկայացրեցինք, թե որ փուլում ենք պատրաստ այն ներկայացնելու, բնականաբար որոշում կայացնողն այս վարույթում դատարանն է, և եթե դատարանը կորոշի, որ դատախազությունը կարող է նման միջնորդությամբ հանդես գալ, մենք չենք ընդդիմանա: Այս մասին մարտի մեկի գործով դատական նիստին հայտարարեց մեղադրանքի կողմը:

Դատախազը շարունակեց նշելով՝ ինչ վերաբերում է պաշտպանական կողմի պնդումներին քրեական վարույթը փոխելու վերաբերյալ, նախնական դատական լսումների փուլում նման ընթացակարգ նախատեսված չէ ու այդ պնդումները իրավազուրկ են:

Գործով դատավորն էլ արձագանքեց. «Ձեր ելույթից հասկացա, որ դատարանն ինքը պետք է որոշի, եթե դատարանն այս պահին որոշի և շուռ գա ձեր ուղղությամբ, թույլատրի, մրցակցության սկզբունքի որոշակի խախտում տեղի կունենա, իսկ իմ նախագահությամբ բոլոր նիստերն անկախ նրանից, թե մեղադրյալի աթոռին նստած կլինի քաղաքական գործիչ, նախագահ, վարչապետ, թե գեներալ-գնդապետ միևնույնն է, մրցակցային դատավարությունից մի գրամ շեղում չի լինելու: Հիմա եթե ունեք նման միջնորդություն դատարանը կթույլատրի, եթե չունեք, անցնենք առաջ»:

Մեղադրանքի կողմն էլ նշեց, որ ունի նման միջնորդություն, բայց դատարանի հայեցողությանն է թողնում առաջնահերթ միջնորդությունը լինի բացարակի միջնորդությունը, թե մեղադրանքի կողմի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում արդարացումից երեք տարի անց վերաբացվել ու քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի և նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործը։ Վճռաբեկ դատարանը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը։