ru24.pro
World News
Октябрь
2024

ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել դպրոցում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ

0

Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

«Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները:

Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին՝ ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել վերը նշված հանգամանքները:

Միաժամանակ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ՀՀ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ՝ ուսումնական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում նաև աջակցելու իրավապահների օրինական գործողությունների իրականացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։ Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում»,-գրել է նա:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածը:

Հոդված 201. Անառակաբարո արարք կատարելը

1. 18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 198-րդ, 199-րդ կամ 200-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) 14 տարին չլրացած անձի նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից կամ

3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն,

2) կատարվել է 12 տարին չլրացած անձի նկատմամբ,

3) կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ,

4) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

5) անզգուշությամբ առաջացրել է հոգեկան խանգարում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: