ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանում փակել է ադրբեջանական ագրեսիայի ճանապարհը, նաև ԱՄՆ-ն շատ հստակ ազդանշան է տվել. Վարդանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը 

– Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի որոշումն առ այն, որ 2025-ի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։

– Շատ դրական եմ գնահատում, շատ կարևոր քայլ է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման տեսանկյունից: Մանավանդ Իրանի հետ կապված՝ Հայաստանը որևէ խնդիր չունի, ու անհասկանալի է այնտեղ ռուս սահմանապահների ներկայությունը: Պետք է ասեմ, որ այդ սահմանն ամբողջությամբ պատված է փշալարերով, մարդիկ չեն կարողանում շրջակայքից կարգին օգտվել, Արաքսից օգտվել։ Իրանցի վարորդներն են նաև երբեմն բողոքում ռուս սահմանապահների վատ վերաբերմունքից և այլն։ Ամեն դեպքում սա շատ կարևոր է, մանավանդ Իրանի հետ սահմանին հայ սահմանապահների առկայությունը։ 

– Կարծում եք, իրանական կողմը և՞ս գոհ է այս որոշումից։

– Այո՛, վստահ եմ, որ գոհ են։ 

– Պարո՛ն Վարդանյան, քանի որ առաջիկայում սպասվում է Իրանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, կարո՞ղ ենք ասել, որ սա այդ հանդիպումից առաջ ռուսական կողմից Իրանին ուղղված ինչ-որ դրական քայլ էր, թե՞ ամենևին էլ կապ չունեն միմյանց հետ։

– Չեմ կարծում, թե Իրանից նման պահանջ է դրվել, կարծում եմ, որ սա Հայաստանի պահանջն է, հետևաբար ես սա չէի կապի Պուտին-Փեզեշքիան հանդիպման ու հնարավոր բանակցությունների հետ։ 

– Այս փուլում հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք։

– Այդ հարաբերությունները հիմա տրանսֆորմացիայի են ենթարկվում ու այլևս դաշնակցայինից վերածվում են ավելի շատ գործընկերայինի։ Հայաստանը մի կողմից չի ուզում այլևս մնալ այդ «դաշնակցային հարաբերությունների» մեջ, բայց մյուս կողմից էլ՝ չի ուզում ամբողջովին հարաբերությունները խզել, պարզապես գործընկերային հարաբերություններ են լինելու, ռացիոնալ հաշվարկների վրա հիմնված, որտեղ կողմերից յուրաքանչյուրը գործելու է ազգային ու պետական շահերից ելնելով։ Մանավանդ Հայաստանն այլևս նախկինի նման չի լինի ռուսական շահերի կցորդը, ավտոմատ կերպով չի գնալու ռուսական շահի սպասարկմանը։ Այս պայմաններում Հայաստանն այլևս չի լինելու սինքրոն ռուսական շահերի, դիրքորոշումների հետ։

– Դմիտրի Պեսկովը ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման, հավանաբար, շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի բանակցությունների ժամանակ։ Ի՞նչ եք կարծում՝ այս հարցի վերաբերյալ ի՞նչ հայտարարի են կողմերը եկել։

– Կարծում եմ, այն տեսքով, որ ռուսներն ու ադրբեջանցիներն են ուզում, այդպես չի լինելու, հայկական կողմը պնդելու է այն, ինչի մասին Փաշինյանը երեկ խոսեց ՝ պատրաստ է տալ ճանապարհ, բայց միայն Հայաստանի իրավազորության ներքո, այս հարցում զիջումներ չեն լինելու։ 

Ռուսական կողմը, իհարկե, կփորձի ինչ-որ բաներ անել, բայց շանսեր չունի ինչ-որ ձևով հաջողության հասնելու, որովհետև այս հարցում Հայաստանի դաշնակիցներն են Արևմուտքն ու Իրանը: Եթե մինչև հիմա չեն հասել դրան, երբ Հայաստանն ավելի թույլ էր, հիմա շանսերը զրոյական են դարձել, որովհետև փորձում էին պատերազմով վախեցնել, որ Հայաստանն ինքնակամ գնար այդ տարածքի տրամադրմանը, բայց մի քանի հանգամանք խոչընդոտեց դա։ 

Առաջին՝ ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանում, որը փակել է ադրբեջանական ագրեսիայի ճանապարհը, երկրորդ՝ ԱՄՆ-ն շատ հստակ ազդանշան է տվել, որ Հայաստանի տարածք մուտք գործելը Ադրբեջանի համար ծանր գին է ունենալու։ Հենց սրա համար է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը քննադատում են Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումը, որովհետև իրենք սահմանին ուզում էին ագրեսիա իրականացնել, ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանն ինքնակամ տար այդ միջանցքը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանում փակել է ադրբեջանական ագրեսիայի ճանապարհը, նաև ԱՄՆ-ն շատ հստակ ազդանշան է տվել. Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.