ru24.pro
World News
Октябрь
2024

Փողն իրենք ստանում են, իսկ ուսուցիչներին բառեր են շռայլում, խոստանում են բոլորը, բայց ոչինչ չի արվում համակարգը փոխելու համար. Խաչատրյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– «Ուզո՞ւմ ենք ունենալ լավ ապագա, պետք է ունենանք պետությունը սիրող, կրթված ու պահանջատեր երիտասարդություն, որի ձևավորման ու կայացման «բեռն» էլ դրված է մեր ուսուցիչների ուսերին: Վստահ եղեք, այդ բարդ ճանապարհին Հայաստանի իշխանությունները կանգնած են ձեր կողքին, որպեսզի միասին հասնենք ցանկալի արդյունքին». սա հատված է Ուսուցչի տոնի առթիվ ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձից։ Պարո՛ն Խաչատրյան, կոնկրետ այս իշխանությունը իր պաշտոնավարման տարիներին ի՞նչ է արել կրթության ոլորտը բարելավելու համար։

– Այո՛, ցավոք սրտի, ուսուցիչների հետ կապված հարցերում ապրում ենք երկու զուգահեռ իրականությունում։ Մի իրականությունն այն է, որ ուսուցիչը առաքյալ է, նվիրյալ է, կարևոր դեր ունի, երկրի ողնաշարն է, հենասյունն է և այլն, մյուսում՝ ուսուցիչը Հայաստանի ամենացածր վարձատրվող մասնագիտական խմբերից, ամենաշատ քննադատվող խմբերից մեկն է։ Այս երկու իրականությունը շարունակում է զուգահեռաբար գործել։ 

Ինչ վերաբերում է վերջին տարիներին արվածին, ասեմ, որ այս ընթացքում, ըստ էության, փորձել են խստացնել ուսուցիչներին ներկայացվող պահանջները, օրինակ՝ մտցրել են կամավոր ատեստավորում, որն ասում է՝ եթե կամավոր ատեստավորումից ցածր գնահատական ես ստացել, ապա չես կարող դպրոցում աշխատել: Դպրոցից հեռացրին բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, մանկավարժական բուհերի քննությունը դարձրին երկու առարկայով, ինչի հետևանքով կտրուկ նվազեց ընդունվողների թիվը, էապես ավելացրել են բյուրոկրատիան, թղթաբանությունը և այլն։ 

Իհարկե այս ամենի հետևանքով ուսուցիչներն այսօր դարձել են ավելի պասիվ ագրեսիվ, այն իմաստով, որ հանրային շատ չեն բողոքում, բայց ակնհայտ է, որ դպրոցների, համալսարանների ներսում կուտակված է դժգոհության հսկայական ալիք։ Իհարկե այս ամենն անդրադառնում է կրթության գործընթացի վրա, որովհետև ուսուցիչների լավ աշխատելու մոտիվացիան կտրուկ նվազել է, կա արտահոսք։ Տեսեք, մենք այսօր ունենք քիմիայի մոտավորապես 780 ուսուցիչ, նախորդ տարիներին այդ թիվը 1300 էր, այսինքն՝ հսկայական անկում կա։ Երբ խոսում ենք նոր սերնդի հետ, մեծ մասը չի ուզում ուսուցիչ դառնալ, ովքեր էլ ուզում են, հիմնականում ուզում են երաժշտության, նկարչության, դիզայնի ուսուցիչ, այսինքն՝ այլ ոճի։ 

– Իրականում ի՞նչ պետք է անել, որ կրթության ոլորտը բարձրացվի այն մակարդակին, աստիճանին, որ առիթների դեպքում հնչող կոչ-ճառերը համապատասխանեն իրականության մեջ առկա պատկերին։

– Նախևառաջ պետք է կարևորել իրականությունը, օրինակ՝ այդ նույն ճառերը մենք չենք լսում, չէ՞, իրավապահների մասին, երբեք չեն ասում, որ Հայաստանի քննիչները, դատախազները առաքյալներ են, մեր երկրի ողնաշարն են և այլն։ 

Նույն մասնագիտական տոնը վերցնենք. հոկտեմբերի 5-ը ուսուցչի տոնն էր, չէ՞, և ո՞վ էր մասնակցում այդ տոնակատարությանը, միայն կրթության ոլորտի ղեկավարները։ Առաջ գոնե հրավիրվում կամ մասնակցում էին Երևանի քաղաքապետը, մարզպետները, այս տարի իրենք էլ չկային, կարծեմ։ Ուշադրություն դարձրեք, երբ այլ մասնագիտական տոներ են լինում, հատկապես իրավապահ համակարգում, երկրի նախագահի մակարդակով մասնակցություն կա, բայց կրթության ոլորտում չի եղել մի տարի, որ վարչապետը կամ նախագահը մասնակցի ուսուցիչների մասնագիտական տոնին։ Սա արդեն շատ բան ցույց է տալիս, ինչո՞ւ, օրինակ, մյուս մասնագետներին նվիրված տոնին մասնակցում են, իսկ ուսուցիչներին՝ ոչ։ 

Նայեք սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ պարգևատրվածների ցուցակը: Որպես կանոն՝ պարգևատրվողների ցուցակում միշտ լինում էին ուսուցիչներ, դասախոսներ, այս տարի նայեք՝ Անկախության տոնին նախագահի կողմից  քանի՞ ուսուցիչ, դասախոս են պարգևատրվել: Հիմնականում նորից պարգևատրվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Ստացվում է, որ կրթության ոլորտը շարունակում է փաստացի չկարևորվել։ 

Փորձեմ ձեր բուն հարցին անդրադառնալ․ առաջին բանը, որ մենք պետք է անենք, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումն է, ու պետք է լինի մեկնարկային աշխատավարձի բարձրացում, այլ ոչ թե՝ եկեք քննություն տվեք, կբարձրացնենք: Ուսուցչի մեկնարկային աշխատավարձը պետք է բարձր լինի, որովհետև երբ մարդիկ ինչ-որ ոլորտ են ուզում գնալ, նրանց հետաքրքիր է մեկնարկային աշխատավարձը։ 

Մենք Հայաստանում չենք քարոզում, չէ՞, իրավաբան դառնալ, բայց տեսեք՝ ինչ մրցակցություն է, չենք քարոզում ծրագրավորող դառնալ, բայց տեսեք՝ ինչ մրցակցություն է, որովհետև այդ ոլորտներում աշխատավարձերը բարձր են։ Հասկանալի է, որ ուսուցիչների աշխատավարձը հնարավոր չէ շատ բարձրացնել, որովհետև նրանց թիվը մեծ է, ու, ասենք, 20-30 տոկոս բարձրացումը հսկայական թիվ է, բայց դա պետք է անել, ինչը, ցավոք սրտի, չի արվում։ 

Խնդիրն այնքան մեծ է, որ սրանով էլ հարցը չի լուծվի, որովհետև շատ մարդիկ այսօր ուսուցիչ չեն ուզում դառնալ նաև, որովհետև ուսուցիչ աշխատելը շատ դժվար է: Ասացի, որ, այո՛, տարբեր առիթների կենացներ են ասում ուսուցիչներին, առաքյալներ են կարգում և այլն, բայց կան մեծ պահանջներ։ Դուք տեսեք, թե այսօրվա ծնողները, պաշտոնյաները ինչքան շատ են պահանջում ուսուցչից․ ծնողը երկու երեխա չի կարողանում դաստիարակել, բայց պահանջում է, որ ուսուցիչը երեսուն հոգանոց դասարանում ապահովի դաստիարակություն, այն էլ՝ տարբեր երեխաների։ 

Այս իմաստով շատ կարևոր է, որ երկրում մի քիչ ծնողավարության խնդիրները նաև առաջ քաշել, որովհետև այսօր նաև ուսուցիչներին դժվար է այն իմաստով, որ նաև ծնողներն էլ են շատ տարբեր՝ կան խիստ ծնողներ, պահանջկոտներ ու անտարբեր ծնողներ, լիբերալներ, պահպանողականներ։ Ներկապնակն այնքան բազմազան է, որ ուսուցչի համար շատ դժվար է, այդ իմաստով ծնողները ևս պետք է օգնեն ուսուցիչներին՝ իրենց երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելով։ 

Այսօր բազմաթիվ ծնողներ մտածում են, որ կրթությունը միայն դպրոցի և ուսուցչի պարտականությունն է, իրենցը՝ երեխաներին կերակրելը, հագցնելն ու դպրոց ուղարկելը։ Տեսեք՝ որքան քիչ ծնողներ են այսօր իրենց երեխաներին ժամանակ հատկացնում։ Այս կարգի գլոբալ խնդիրներ պետք է լուծել, որ կրթության վիճակը լավանա, ցավոք, այս ուղղությամբ ոչինչ չի արվում, այսօր ամբողջ հասարակությունը նստած է չափորոշիչների սպասելիքների վրա, բոլորին ներարկում են այն գաղափարը, որ, ահա, մենք կներդնենք նոր չափորոշիչներ, ու կրթության վիճակը կլավանա, այդպես չի լինում, աշխարհում չկա մի դեպք, որ չափորոշիչով կրթության որակ են ապահովել։ 

Մենք նաև տեսնում ենք, որ այդ չափորոշիչները ոչ էլ նորմալ ներդրվում են, երբ նայում ենք դասագրքերը, կան դասագրքեր, որոնք չափորոշիչներին մասամբ են համապատասխանում, չեն համապատասխանում, մի մասը հին ոճով է գրված, այսինքն՝ անգամ չափորոշիչն այդպես համակարգված, հետևողական ձևով չի ներդրվում։ Ամեն դասագիրք մի ձևով է գրված ու հաճախ՝ մեկը մյուսին հակադիր, եթե այդպես է՝ ո՞րն է չափորոշչի դերն այդ ամեն ինչում։

– Պարո՛ն Խաչատրյան, չնայած հնչող այդ հայտարարություններին, թե պետությունը ձեր կողքին է ու կանի ամեն ինչ, որ ունենանք կիրթ սերունդ, մենք տեսնում ենք, որ տարեցտարի բուհերում թափուր տեղերի թիվն ավելանում է։ Այս իրականության ֆոնին նման հայտարարություններն ինչի՞ հետևանք են։

– Մեր իրականությունը մեծ հաշվով կախված է նրանից, թե ինչ ես քարոզում, ու մարդիկ փորձում են բառերի միջոցով ստեղծել կեղծ իրականություն կամ քողարկել իրականությունը։ Կրթության ոլորտում վիճակը վատ է, մենք կփորձենք բառերի, խոստումների, կեղծ ակնկալիքների միջոցով ստեղծել ծխածածկույթ, փոշի տարածել, որ մարդիկ չտեսնեն իրականությունը։ 

Ինձ թվում է, որ այդ բառերը, ուղերձներն ընդամենը իրականությունը քողարկելու միջոց են, որովհետև եթե դրանց հետևում լիներ կամք, այսօր բոլոր պաշտոնյաները պետք է հրաժարվեին իրենց բարձր աշխատավարձերից, պարգևավճարներից ու ասեին՝ եկեք այս փողերը տանք ուսուցիչներին, բայց չեն անում։ Գումարն իրենք են ստանում, իսկ ուսուցիչներին բառեր են շռայլում, այսինքն՝ ուսուցիչները ստանում են բառեր, մյուսները՝ փող։ 

– Դե, ասում են՝ Ակադեմիական քաղաք են կառուցում, որ ոլորտի որակը հիմնովին փոխվի։

– Մի կարևոր բան ասեմ, հիմա նմանատիպ ծրագրերի մասին էլ, կներեք բառի համար, աչքերին թոզ փչելու համար է խոսվում։ Հայաստանի կրթության պատմության մեջ անընդհատ նման հավակնոտ ծրագրերի մասին է խոսվել, հիշենք առանձնացված ավագ դպրոցների ծրագիրը, 12-ամյա կրթությունը: Երբ ներդրվում էր առանձնացված ավագ դպրոցների ծրագիրը, ասում էին, թե հանրակացարաններ կկառուցեն, որ փոքր գյուղերի երեխաները գան մեծ գյուղեր, իրենք էլ ավագ դպրոցներից օգտվեն, այլևս կրկնուսույցներ չեն լինի, արմատախիլ կանեն այդ ամենը, ո՞ւր է արդյունքը։ 

Ասել եմ՝ փոխանակ Ակադեմիական քաղաք անենք, եկեք ավագ դպրոցների հարցը լուծենք, որովհետև ավագ դպրոցներն այսօր շատ վատ վիճակում են, կրթության վերջին երեք տարիներն իմաստազուրկ են, ժամանակի անարդյունավետ վատնում, այդ հարցը պետք է լուծենք, որովհետև եթե դու այդ հարցը չլուծես, քո բուհերի, կրթության հարցը չի լուծվի։ 

Խոստանալ կարող են բոլորը, բայց ոչինչ չի արվում գործող համակարգը փոխելու համար։ Ցանկացած երկրում այդ քո հավակնոտ ծրագրերը, գործող համակարգը իջեցնելու է իր մակարդակին, ու ինչպես ասում էր մենեջմենթի հայտնի մասնագետներից մեկը՝ գործող համակարգը որպես նախաճաշ կուլ է տալիս քո բոլոր երազանքներն ու հավակնոտ ծրագրերը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փողն իրենք ստանում են, իսկ ուսուցիչներին բառեր են շռայլում, խոստանում են բոլորը, բայց ոչինչ չի արվում համակարգը փոխելու համար. Խաչատրյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.