Դատավոր Դավիթ Հարությունյանը դիմել է ԲԴԽ լիազորությունները վերականգնելու համար, նիստը դարձյալ դռնփակ է
Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները մեկ տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է, դիմել է ԲԴԽ՝ իր գործը վերանայելու պահանջով։
Լրագրողների հետ զրույցում դատավորը նշեց՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դիմել է ԲԴԽ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածով սահմանված կարգով գործի քննությունը վերանայելու պահանջով:
Հարցին՝ հերթական անգամ դիմում ներկայացրեցիք թույլ տան մասնակցել նիստին, բայց մերժում ստացաք, ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը, նա պատասխանեց.
«Պետք է սպասեմ այսօրվա դատական նիստի արդյունքներին ծանոթանալու հնարավորությանը: Նախորդ նիստից հետո միայն 48 ժամ հետո ենք իմացել թե ինչ է տեղի ունեցել, ինչ դատավարական գործողություններ են կատարվել, ինչ որոշումներ են կայացվել: Հուսում եմ այս անգամ ավելի կարճ ժամանակահատվածում կստանանք այդ տեղեկությունները ու դրան համապատասխան էլ կձեռնարկվեն քայլեր»:
Դատավորի խոսքով՝ ԲԴԽ կողմից անորոշությունը կայանում է նաև հետևյալում՝ նշում են թե գրավոր է ընթացակարգը, բայց օրինակ՝ ՍԴ-ում, երբ գործի քննությունն իրականացվում է գրավոր, ապա գրավորին էլ երկու տեսակ կա` դռնբաց դատական նիստում գրավոր և դռնփակ դատական նիստում գրավոր:
«Հիմա ԲԴԽ-ն բոլոր կանոնները խառնել է, անհասկանալի ընթացակարգ է կիրառում, դրանից էլ գալիս է այս անորոշությունը»,- ասաց Հարությունյանը:
Հարցին՝ թեկուզ գրավոր ընթացակարգով քննությունը, որ իրականացվում է, ի՞նչ սպասելիքներ ունեք ԲԴԽ-ից, նա ասաց, որ նշված կազմի հետ կապված արդարադատություն իրականացնելու որևէ օբյեկտիվ ակնկալիք չունի:
«Նախ այս պահին Անդրեասյանը, չբացահայտելով իր բացարկի իրական հանգամանքները, հեռացել է կազմից, սակայն նախկին կազմից 4 հոգի՝ երկուսը ոչ դատավոր անդամ, երկուսը դատավոր անդամ մնացել են: Նրանք, ըստ ՍԴ-ի, իրականացրել են ստվերային արդարադատություն, խախտել էին անձի՝ տվյալ դեպքում իմ հիմնարար իրավունքները»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ որ 2023 թվականի հուլիսի 3-ին ԲԴԽ-ն որոշել էր դադարեցնել Հարությունյանի դատավորի լիազորությունները՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար, որտեղ նա քննադատել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին:
Ավելին, Խորհուրդը որոշել էր Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից, և սա այն դեպքում, երբ դատավորը դեռևս չէր հասցրել իր կարգապահական գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ չնայած բազմիցս պնդել էր, որ դիրքորոշում ներկայացնելու է։
Այն պահին, երբ դատավորին հեռացրել են նիստերի դահլիճից, այնտեղ ներկա չեն եղել նաև դատավորի փաստաբանները ԲԴԽ որոշումից հետո Հարությունյանը դիմել էր ՍԴ: ՍԴ-ն մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։
Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է։
Արդյունքում Դավիթ Հարությունյանի գործն այս պահին ԲԴԽ-ում է և Դատավորի կողմից ՀՀ ԲԴԽ է ներկայացվել պատճառաբանված միջնորդություն` իր դիմումի քննությունը բանավոր, դռնբաց դատական նիստում անցկացնելու վերաբերյալ: Սակայն ԲԴԽ-ն նիստը անցկացնում է դռնփակ: