Եկան գլխիկոր, գլխիկոր գնացին. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ Մայր տաճարի վերաօծման արարողությանը իշխանության ներկայության մասին
«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը
-Սրբազա՛ն, տեղի ունեցավ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությունը, որին նաև մասնակցում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները։ Սպասո՞ւմ էիք, որ իշխանությունը կընդուներ Եկեղեցու հրավերն ու կմասնակցեր արարողությանը։
– Չմասնակցեց, ներկա եղավ։ Ես անտարբեր էի՝ կընդունեին, թե չէ, ես այդ մասին ասել եմ։ Ես ասել եմ, որ շատ-շատ գլխիկոր կգան, գլխիկոր կգնան, եկան գլխիկոր, գլխիկոր գնացին։ Ի՞նչ կա դրա մեջ։
– Կարծում եք՝ գլխիկո՞ր էին։
– Այո՛։
– Սրբազա՛ն, իսկ ինչո՞վ եք բացատրում Պատարագի կեսից իշխանության ներկայացուցիչների հեռանալը Մայր Աթոռից։
– Միշտ էլ այդպես է եղել, այնպես չէ, որ այդ հարցում իրենք օրիգինալ են, բոլորն էլ այդպես են եղել, ուղղակի նախկինները հեռանում, գնում էին վեհարան, սպասում էին Վեհափառին, սրանք հեռացան, դա է տարբերությունը, թե չէ այնպես չէ։ Բոլորն էլ պատարագի ոչ թե կեսից, վերջավորությանը թողել-գնացել են։
– Եկեղեցու կողմից իշխանությանը հրավիրելու վերաբերյալ քննադատությունները չեն դադարում։ Այս քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում։
– Եկեղեցին անում է այն, ինչ հարմար ու անհրաժեշտ է գտնում։ Ո՛չ աջի թելադրանքով է, ո՛չ ձախի, ո՛չ էլ կենտրոնի թելադրանքով է, միայն վերևի թելադրանքով։ Իրենք կարող էին օծումից հետո էլ մտնել, ինչ է, որևէ մեկը պետք է փակե՞ր ճանապարհը կամ պետք է արգելե՞ր։
– Սրբազա՛ն, նաև Բագրատ Սրբազանի՝ Մայր Տաճարի վերաօծմանը չմասնակցելու հանգամանքի վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններ հնչեցին, դուք տեղյա՞կ եք, թե որն էր Սրբազանի նման որոշման պատճառը։
– Ես տեղյակ չեմ, դա իրենից պետք է հարցնել, կարծում եմ, դա Բագրատ Սրբազանի որոշումն է եղել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Եկան գլխիկոր, գլխիկոր գնացին. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ Մայր տաճարի վերաօծման արարողությանը իշխանության ներկայության մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.