ru24.pro
World News
Сентябрь
2024

Երբ վերադարձա Հայաստան, օդանավակայանում կարոտից լաց էի լինում, մտքումս կրկնում էի՝ ես արդեն տանն եմ. Օբրի Կարոն՝ երևանցի ֆիլիպինուհին

0

Ֆիլիպինուհի Օբրի Կարոն արդեն երկուսուկես տարի է՝ ինչ մերսման ծառայություններ է մատուցում Երևանում գտնվող իր փոքրիկ կենտրոնում։ Ասում է՝ թեև բարդ էր Հայաստանում մեն-միայնակ հաստատվելն ու մարտահրավերներին դիմակայելը, այնուամենայնիվ, Հայաստանն իր տունն է, որ սիրում է ավելի, քան նույնիսկ հայրենի Ֆիլիպինները։

«Երբ 2023 թվականին գնացի Ֆիլիպիններ, հասկացա, որ այնտեղ կարոտել էի միայն ընտանիքիս անդամներին, ուրիշ ոչինչ, իսկ երբ վերադարձա Հայաստան, կանգնել էի օդանավակայանում և կարոտից լաց էի լինում, մտքումս կրկնում էի՝ ես արդեն տանն եմ, ես արդեն ապահով եմ»,- «Մեդիալաբին» պատմում է 29-ամյա Օբրին, որն այսօր մեկ նպատակի շուրջ է համախմբել ոչ միայն համերկրացիներին, այլև օտարազգի այլ կանանց ևս։

Ծնունդով Ֆիլիպինների Մանիլա քաղաքից Օբրի Կարոն երկու երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել դեռևս 2019 թվականին։ Օբրիի խոսքով՝ թեև ֆիլիպինյան կյանքի մասին ստեղծված հեքիաթային պատկերացումներին, կյանքն այնտեղ ամենևին էլ հեշտ չէ, և հենց դա էր, որ ստիպեց իրեն մտածել տեղափոխվելու մասին։

«Երբ մարդիկ լսում են, որ Ֆիլիպիններից ես, անմիջապես պատկերացնում են, որ դրախտում ես ապրում՝ միայն այն պատճառով, որ լսել են Ֆիլիպինյան կղզիների մասին, որ ծառայում են որպես հանգստյան գոտիներ զբոսաշրջիկների համար։

Իրականում Ֆիլիպինների բազմաթիվ քաղաքներում մարդկանց մեծ մասն ապրում է աղքատության և անգամ ծայրահեղ աղքատության մեջ։ Մենք ևս բացառություն չէինք և շատ դժվար էինք ապրում։

Մի օր մեծ աղջիկս եկավ և ինձանից կոնֆետ գնելու համար շատ չնչին գումար խնդրեց, բայց ես այդ գումարը չունեի։ Դա ինձ այնքան խոցեց, որ որոշեցի ցանկացած գնով դուրս գալ երկրից և լուսավոր ապագա ստեղծել երեխաներիս համար»։

Հարցին, թե ինչու քարտեզի վրա եղած բազմաթիվ երկրներից ընտրեց հենց Հայաստանը, Օբրին ասում է՝ այդպես խորհուրդ տվեց իրենց ծանոթներից մեկը, որ այդ պահին աշխատում էր Հայաստանի բրենդային խանութներից մեկում։

«Երբ սկսեցի փնտրել, թե ուր կարող եմ գնալ երեխաներիս հետ, առաջարկ ստացա քրոջս ընկերոջից, որն այդ ժամանակ աշխատում էր Հայաստանի խանութներից մեկում՝ որպես խորհրդատու-վաճառող։ Ասաց՝ եթե կարողանաս դուրս գալ Ֆիլիպիններից, արի այստեղ, իսկ ես անգամ չգիտեի, որ Հայաստան անունով երկիր կար»,- պատմում է Օբրին և հավելում՝ Հայաստան գալով՝ բախվեց մի շարք խնդիրների, որոնցից առաջինը հաղորդակցության խնդիրն էր։

«Հայաստան գալուց և աշխատանքի ընդունվելուց հետո ես մարդկանց հետ հաղորդակցվելու լուրջ խնդիր ունեի։ Հիշում եմ, թե ինչպես էի փորձում ոտքերով ու ձեռքերով ինչ-որ բաներ հասկացնել հաճախորդներին։ Այդ ժամանակ հասկացա, որ եթե ուզում եմ այս երկրում ապրել, պիտի սովորեմ այդ լեզուն։

Հայերեն սովորելու համար սկսեցի օգտագործել Յութուբը, բացի այդ՝ ամեն օր սովորում էի 3 բառ։ Գրում էի այդ բառերն ինչ-որ թերթիկի վրա և փակցնում ինձ համար տեսանելի որևէ տեղ, օրինակ՝ սառնարանի դռանը, անկողնուս դիմաց և այլն։ Ես նաև շատ էի լսում, թե ինչպես էին կողքիս հայերեն խոսում, դա ևս օգնում էր լեզուն սովորելուն։

Կարճ ժամանակ անց ես սկսեցի հաղորդակցվել հաճախորդների հետ, հասկանալ՝ ինչի կարիք ունեն կամ ինչ խնդիր ունեն, իսկ այսօր արդեն կարողանում եմ գրել-կարդալ հայերեն»,- ասում է Օբրին և նշում՝ մոտ երկուսուկես տարի սպասարկման ոլորտում աշխատելուց հետո որոշեց սեփական բիզնեսը հիմնել։

«Աշխատավարձը, որ ստանում էի խանութում աշխատելու դիմաց, համարժեք չէր աշխատանքի այն ծավալին, որ կատարում էի։ Ես համարում էի, որ դա արդար չէր, այդ պատճառով սկսեցի մտածել սեփական բիզնեսի մասին։

Քանի որ Ֆիլիպիններում մերսման ծառայությունները շատ հարգի են, և բոլորն են օգտվում դրանցից, ես կրթություն էի ստացել այդ ոլորտում, սակայն դեռ չէի հասցրել իմ մասնագիտությամբ աշխատել, այստեղ որոշեցի զբաղվել հենց մերսումով»։

Օբրիի խոսքով՝ ֆիլիպինյան մերսումը տարբերվում է այլ երկրների մերսման ծառայություններից նրանով, որ մեծապես կենտրոնանում է մարդուն բուժելու, այլ ոչ հանգստացնելու վրա, իսկ մերսումն իրականացնող մասնագետը պետք է նաև որոշակի հմտություններ և գիտելիք ունենա, որ կարողանա ճիշտ կերպով բուժել մարդուն։

«Ֆիլիպիններում մերսումն անվանում ենք հիլո (անգլերեն heal բառից), որ նշանակում է՝ բուժել, այլ ոչ միայն ձգել կամ հանգստացնել մարդուն։

Մենք պետք է զգանք մարդու ամեն մի նյարդը՝ կենտրոնանալով այն խնդիրների վրա, որն ունի անձամբ այդ մարդը։ Հենց սա է ֆիլիպինյան մերսման գլխավոր առանձնահատկությունը, որ զգում են մեր հաճախորդները»,- պատմում է Օբրին և հավելում՝ իսկական մերսման և դրա նրբությունների մասին Հայաստանում գաղափար անգամ չունեն։

«Հաճախ է պատահում, որ մարդիկ ուզում են, օրինակ, կոշտ մերսում, սակայն չեն պատկերացնում, թե ինչ է դա և թե ինչպես է արվում։ Մի հաճախորդ ունեի, որ բավականին խոշորամարմին էր։ Երբ առաջին անգամ այցելել էր կենտրոն, հարցրեց՝ կարո՞ղ եմ իրեն կոշտ մերսում անել, ասացի՝ կարող եմ: Հաճախորդս շատ զարմացավ, ասաց՝ ինչպե՞ս եմ այդ մերսումն անելու, եթե այսքան փոքրամարմին եմ։

Երբ սկսեցի մերսել այդ մարդուն, նա պարզապես գոռում էր, ասում էր, որ չի պատկերացրել, թե ինչ է դա, և խնդրում էր, որ ավելի մեղմ մերսեմ»,- ասում է Օբրին՝ նշելով, որ Հայաստանում մերսման ծառայություններից երբեմն գլուխ չեն հանում նույնիսկ մասնագետները։

«Հայաստանում այցելել եմ մի քանի մերսման կենտրոններ՝ թանկից մինչև մատչելի, ռուսականից մինչև չինական, և մերսումից հետո մեծ մասամբ ես զգում էի, որ ավելի վատ եմ։

Տպավորություն էր, որ ինձ շոյում են, ոչ թե մերսում, իսկ մերսումն անելուց առաջ որևէ մասնագետ ինձ չհարցրեց, օրինակ, ճնշման, հիվանդություններիս կամ ունեցածս մյուս խնդիրների մասին, իսկ այդ դեպքում անհնար է լավ մերսում կատարել»։

Օբրիի խոսքով՝ Հայաստանում մարդկանց և հատկապես տղամարդկանց պատկերացումները հաճախ անհամատեղելի են իրական մերսման ծառայությունների հետ։ Ասում է՝ երբեմն այնպիսի առաջարկություններ է ստանում, որոնց մասին խոսել անգամ չի ուզում։

«Նոր էի կենտրոնս բացել, երբ ինձ սկսեցին այցելել տարբեր տարիքի տղամարդիկ և ինչ-որ գումարներ առաջարկել՝ իրենց սեքսուալ ծառայություններ մատուցելու դիմաց։ Դեպքեր էին լինում, երբ հանում էին, մեծ գումար դնում սեղանին և փորձում համոզել, որ ես իրենց ուզածն անեմ։

Ես ժամանակի ընթացքում հասկացա միայն, որ այստեղ մարդիկ մերսման ծառայություններն ասոցացնում են ավելի շատ հենց սեքսուալ ծառայությունների հետ, բայց դա ամենևին այդպես չէ։ Ես ինքս ինձ խոստացել եմ, որ մաքուր եմ մնալու և բարձր եմ պահելու Ֆիլիպինների դեմքն ու ցույց եմ տալու, թե որն է իրական մերսումը»,- ասում է նա։

Թեև արդեն իսկ ունեցած հաջողություններին, այնուամենայնիվ, Օբրին նպատակ չունի շարունակել աշխատանքը մերսման ոլորտում, քանի որ այն արդեն վնասակար է դառնում իր սեփական առողջության համար, սակայն իր գիտելիքները մյուսներին փոխանցելուն այնքան էլ դեմ չէ, մտածում է այդ մասին։

«Այսօր ես շատ հաճախորդներ ունեմ, որոնց համար կարծես «շտապօգնություն» լինեմ։ Հենց ցավեր են ունենում, անմիջապես զանգում են ինձ՝ Օբրի՛, հասի՛ր, այս կամ այն տեղս ցավում է, կարո՞ղ ես օգնել։ Ես բոլորին իհարկե օգնում եմ, բայց ինքս էլ եմ թուլանում, որովհետև ամեն մի մերսման հետ կենտրոնացնում եմ բոլոր ուժերս, և հաճախ դա լինում է նաև իմ առողջության հաշվին։

Մերսումով գուցե մի քիչ էլ զբաղվեմ, իսկ դրանից հետո կցանկանամ դասընթացներ կազմակերպել, մյուսներին փոխանցել իմ ունեցած մերսման բոլոր նրբությունները և հմտությունները, իսկ մինչ այդ իմ կենտրոնի դռները միշտ բաց են իսկական մերսում ցանկացող բոլոր այցելուների առաջ»,- ասում է Օբրի Կարոն։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am

The post Երբ վերադարձա Հայաստան, օդանավակայանում կարոտից լաց էի լինում, մտքումս կրկնում էի՝ ես արդեն տանն եմ. Օբրի Կարոն՝ երևանցի ֆիլիպինուհին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.