ru24.pro
World News
Сентябрь
2024

Վաճառվում է Ցանկություն. գումարը՝ 50 հազար ստորագրություն

0

Կրկին հանրաքվե է: Կրկին ինչ-որ հավաքական ցանկության դիմաց ենք ստորագրում: Նույն տրամաբանությամբ կարող էինք հանրաքվե կազմակերպել այն մասին, որ բոլորս այսուհետ լինենք «չաղ ու բախտավոր», «կրթված և հարուստ», «առողջ ու գեղեցիկ», «հաղթող և անպարտելի»:

Ընտրեք ձեր սրտի երազանքը և եկեք միասին քվեարկենք, դարձնենք օրինագիծ, հետո այդ նույն «օրենքին մեռնելով» հերթ կանգնենք օտար երկրների դեսպանատների դիմաց: 

Մոտ մեկ տարի առաջ էր: Երևանի փողոցներում ստորագրահավաք էր անցկացվում: «Հայաքվեն» պահանջում էր Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-15 տարվա ազատազրկում։

Այն, որ սա քաղաքական, ես կասեի՝ նեղ քաղաքական ակցիա էր, որի իմաստը ավելի շատ տարբեր ուժերի ակտիվացումն էր դաշտում, քան բուն արձանագրված նպատակը, պարզ էր առաջին իսկ օրից: Այս ստորագրահավաքը գեներացնում էր հույզ և արտահայտում հանրության մեջ կուտակված ցասումը: Նման օրինագիծ, եթե անգամ այն ինչ-որ հրաշքով հասներ Ազգային ժողով, ընդունելու հավանականությունը մոտ էր զրոյի: Այստեղ հատուկ շնորհակալություն հայտնենք նախկին իշխանություններին, որոնց ջանքերով խորհրդարանական մեծամասնությանը փաստացի կողքից ոչ ոք պետք չի: 

Մոտ մեկ տարի անց Երևանում և մարզերում կրկին գրիչներով զինված նոր ակցիա է: Այս անգամ հույզերը բարի են և երազկոտ: «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար պետք է 60 օրում՝ մինչև նոյեմբերի 14-ը, 50 հազար ստորագրություն հավաքվի։ Այս անգամ հավանականությունը, որ օրինագիծը կմտնի խորհրդարան և անգամ կընդունվի, զրոյից բարձր է: Բայց արդյոք սա՞ ինչ-որ լուրջ բան է նշանակում: Իմ համոզմունքն է, որ ոչ: 

Երկու ստորագրահավաքների դեպքում էլ մենք գործ ունենք նախ հույզերի և ոչ ծրագրերի հետ: Երկու դեպքում էլ ստորագրահավաքը պարզապես ցանկության արտահայտում է: Հավանականությունը, որ ՀՀ-ն կանդամակցի Եվրոպային, մոտ այնքան է, որքան հավանականությունը, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Հատկապես Վրաստան-ԵՄ հարաբերությունների վատթարացումից հետո: 

Ես չեմ ուզում բացարձակ վատը տեսնել այս ակցիայի մեջ: Գուցե կան ինչ-որ հաշվարկներ, որ եթե ԵՄ դրոշն ուժգին թափահարենք, արտաքին աշխարհից դրական ազդակները շատ կլինեն: Չեմ կարող ասել: Այդուհանդերձ պետք է, կարծում եմ, սթափ հասկանալ, որ ներքին իրավիճակում նման ստորագրահավաքները ոչինչ չեն փոխում: Ավելին՝ վնասում են: Եվ ահա թե ինչպես: 

Նախևառաջ՝ ժողովրդավարությունը բերում հանգեցնում են միայն քվեների տոնավաճառի: Մեր հասարակությունը, ժողովրդավարություն ասելով, հիմնականում հասկանում է՝ ընտրություն, քվե, որը կարելի է վաճառել, գողանալ և որը, մեծ հաշվով, լուրջ հարց չի լուծում: Հանրաքվեն նույնպես ընտրության ձև է: Եվ այսպիսի դատարկ հանրաքվեներ կազմակերպելը, որից հետո բացի լավագույն դեպքում ուրախ հրավառությունից ոչինչ չի լինելու, էլ ավելի է մանրացնում հանրության աչքերում սեփական քվեի գինը և ընդհանրապես ժողովրդավարության իմաստը: 

Երկրորդ պատճառը ավելի շատ բարոյական տիրույթում է: Այստեղ կարծիքները կարող են տարբերվել, բայց, իմ կարծիքով, ժողովրդին քվեի դիմաց անիրականանալի երազ վաճառելը այնքան էլ ազնիվ չէ: 

Նման ստորագրահավաքների երրորդ և երևի թե ամենամեծ ու գլխավոր վնասը  բովանդակության փոխարինումն է ձևով:

Քաղաքական դաշտը դարձնել կենացների հարթակ: Ցանկությունների տոնավաճառ: Մեկ քվեի դիմաց գնեք ձեր ցանկացած քաղաքական երազանքը:

Գուցե այն իրականության հետ կապ չունի, և մի օր իրականության ծանր բեկորները փոշու հետ թափվելու են ձեր գլխին, բայց դա մեր քաղաքական գործիչներին չի հետաքրքրում: Նրանք նույնպես թևեր են առնում այդ երազների դաշտում:

Ճախրում են իրենց գունավոր ցանկությունների երկնակամարում: Դա թույլ է տալիս չտեսնել իրականությունը, ստիպված չլինել աշխատել, քանի որ անելիքը շատ է, իսկ զանգ կախելը կամ գոնե ազնիվ խոսելը չափից դուրս ռիսկային թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար:

Լիանա Խաչատրյան

MediaLab.am

The post Վաճառվում է Ցանկություն. գումարը՝ 50 հազար ստորագրություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.