ru24.pro
World News
Сентябрь
2024

«Մարտի 1»-ի գործը նորից հետ բերելն ու իբր զրոյից սկսելն ուղղակի լինելու է նախընտրական հերթական շոու. Ժաննա Ալեքսանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը 

– Տիկի՛ն Ալեքսանյան, դատախազ Հայկ Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը սկսվելու է զրոյից։ Ի՞նչ է նշանակում զրոյից սկսել, ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։

– Ենթադրում եմ, որ նոր ձև են մշակել, բայց ես զրոյից սկսելը չեմ կապում օբյեկտիվ քննության հետ, չեմ պատկերացնում, որ դատախազությունը կարող է օբյեկտիվ քննություն կատարել «Մարտի 1»-ի գործով։ Մենք հիշում ենք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «Մարտի 1»-ը բացահայտված է ու վերջ, իր հերթական վերջերի շարքից էր, բայց հետո տեսանք, որ ոչ մի բացահայտում չեղավ, գործը փակվեց, Քոչարյանն էլ արդարացվեց։ 

Մարտի 1-ն ու Քոչարյանը կապված են միմյանց հետ, ու սա մի սև իրադարձություն էր, որը հանրությունը երբեք չի մոռանա, և այս թեմայի շահարկումը իշխանությունների մոտ կարող է շատ լավ ստացվել: Ես համարում եմ, որ «Մարտի 1»-ի գործը նորից հետ բերելն ու իբր զրոյից սկսելը, շատ հավանական է, որ արվում են նախընտրական նպատակներով, որովհետև տեսնում ենք, որ ՔՊ-ն նախընտրական հոգեվիճակի մեջ է։ 

Այստեղ կա նաև այլ հանգամանք ևս՝ նախկինների թեման կրկին շահարկել, որովհետև մեր հանրությունը սևեռված է նախկիններ-ներկաներ թեմայի վրա ու չի կարողանում դրանից ոչ մի կերպ ազատվել։ Իսկ սա իշխանությունների համար անընդհատ շահարկման թեմա է, նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը վտանգի մեջ է։ 

Բայց իրականում նախկիններն ու ներկաները մեկ են, նրանք ոչնչով չեն տարբերվում, ու իրենք մեզ համոզել են դրանում, այստեղ արդարադատության հարցն է, այսինքն՝ այդ չբացահայտված քրեական գործից անցել է 16 տարի, ու ես շատ լավ հիշում եմ, որ մինչև այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը լսումներ էր կազմակերպել մարտի 1-ի թեմայով: Ինքը խաբել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև հենց այդ իրադարձությունների ժամանակ տուժածների հարազատներին, որոնք տարբեր երկրներում գտնվելով հանդերձ, այնուամենայնիվ եկել էին այդ լսումներին, այսինքն՝ մարդկանց բերել էր ու խոստումներ էր տալիս։ 

Ի՞նչ խնդիր կա «Մարտի 1»-ը բացահայտելու համար, շատ հեշտ է դա անել։ Քննչական կոմիտեն, Դատախազությունը մեկ զինծառայողի մահվան դեպք չեն բացահայտում, պարզ չէ՞, որ «Մարտի 1»-ն ուղղակի իշխանության հրահանգով պետք է բացահայտվի և վերջ, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը։ 

– Ինչո՞ւ չի տրվում այդ հրահանգը։ 

– Դա քաղաքական հարց է, գիտենք, որ ռուսական հովանավորություն կա, կարող են ուղղակի պայմանավորվածություններ լինել Քոչարյանի համար և այլն, թեև այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական քաղաքականության կատարողը չէ։ Այս համատեքստում է, որ այդ գործը չի բացահայտվում, այնպես էլ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի, որ որևէ քրեական գործ բացահայտվի, ես էլի կբերեմ զինծառայողների օրինակը։ 

Ինչքան հեշտ է, չէ՞, իր ենթակա Քյարամյանին ասի, որ բացահայտի գործերը, բայց չի ասում, դա իրեն պետք չէ: Իրեն պետք է իր իշխանությունը ամրացնել ոչ թե ժողովրդավարությամբ, վերահսկողությամբ, թափանցիկությամբ, այլ՝ ոստիկանությանն իր շուրջը պատ դարձնելով։ Երկրում արդարադատության, բանակի բարեփոխումներ, ընդհանրապես որևէ բան տեղի չեն ունենում, գիտեք, ինձ մոտ երբեմն տպավորություն է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի անձնական խնդիրն է, իր այդ անձնական մոտեցումներն այդքան մեծ են, իրեն ենթարկվող այս հպատակները։

 Հիշում ենք անցած շաբաթ՝ գործադիրի նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ճեպազրույցը, երբ ասաց, թե արցախցիները հանձնեցին Արցախը, որ գան այստեղ, ընդդիմանան Նիկոլ Փաշինյանին: Քծնանքի մթնոլորտն այն աստիճանի է, որ Պապոյանը նույնիսկ չի գիտակցում, թե ինչ է ասում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին ավելի վեր է դրել, քան Արցախի կորուստը, հասկանո՞ւմ եք հպատակության աստիճանը։ 

Նիկոլ Փաշինյանը շատ լավ համագործակցում է ընդդիմության հետ, ինչո՞ւ պետք է «Մարտի 1»-ը բացահայտի, նախկիններ-ներկաներ այդ խաղը բոլորին ձեռնտու է՝ և՛ նախկիններին, և՛ ներկաներին ու նաև Վլադիմիր Պուտինին, բոլորը կատարում են նրա ցանկությունները։

– Փաստորեն, օբյեկտիվ քննության հույս չունե՞ք։

– Ես նման հույս չունեմ։ Դատախազը, այո՛, ասել է, որ նոր մեղադրանք են առաջադրելու, բայց թե ինչ մեղադրանք, դեռ չի ասել, իսկ ինչո՞ւ չի ասել։ Դատախազությունը պարտավոր էր հայտարարել, իրենց ասած՝ զրոյից սկսած քննության հիմնավորումները, բայց դեռ գաղտնիության քողի տակ են, երևի ընթացքում են մտածելու՝ ի՛նչ անեն, ո՛նց ու ե՛րբ անեն։ 

Այս երկրում արդարադատություն չկա ու չի կարող լինել, քանի իշխանությունն այս քաղաքականությունն է վարում՝ հարմարավետության, ինչպես իրեն հարմար է, մի անձի ղեկավարությամբ է այս երկրում ամեն ինչ կատարվում, ոչ մի համակարգ: Նայեք Ռուսաստանին՝ ոչ մի համակարգ չի գործում, Պուտինն է բոլոր համակարգերի փոխարեն, այստեղ էլ Նիկոլն է։ 

– Այսինքն՝ իշխանության համար այս պահին հարմար է «Մարտի 1»-ը կրկին օրակարգ բերել, բերո՞ւմ են, տիկի՛ն Ալեքսանյան։

– Այո՛, ու գիտե՞ք՝ ինչն է անբարո, սպանվածների հարազատների մեջ անընդհատ հույս արթնացնել, որ պատժվողներ են լինելու, հետո փակել գործն ու այդ մարդկանց հուսահատության գիրկը նետել։ Այսինքն՝ թքած ունեն, որ այս մարդիկ ամեն անգամ վերապրում են իրենց տառապանքը։ Ի՞նչ զրոյից սկսել, 16 տարի անց նաև ապացույցներ են կորչում։ Ես չեմ պատկերացնում, որ այս դատախազը կարող է շրջանցել Նիկոլ Փաշինյանի պատվերը, դա ուղղակի անհնար է։ Սա ուղղակի լինելու է նախընտրական հերթական շոու։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post «Մարտի 1»-ի գործը նորից հետ բերելն ու իբր զրոյից սկսելն ուղղակի լինելու է նախընտրական հերթական շոու. Ժաննա Ալեքսանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.