Չպետք է թույլ տանք, որ Լիբանանը Իսրայելի ձեռքով վերածվի հերթական Գազայի. Փեզեշքիան
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կանգնած է մինչև ատամները զինված թշնամու դեմ, որին հասանելի են առաջադեմ զինատեսակները և որին աջակցում են ԱՄՆ-ն, Եվրոպան. այս մասին Նյու Յորքում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Tasnim գործակալությունը:
Նա ընդգծել է, որ չպետք է թույլ տալ, որ Լիբանանը Իսրայելի ձեռքով վերածվի հերթական Գազայի:
«Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի լայնածավալ հարձակումները մարդասիրական ճգնաժամ են, որոնք տարածաշրջանն ավելի մեծ հակամարտության մեջ ներքաշելու վտանգ են պարունակում։ «Հեզբոլլահ»-ը չի կարող միայնակ կանգնել Իսրայելի դեմ, որին պաշտպանում, աջակցում են արևմտյան, եվրոպական երկրները։ Ուստի մենք պետք է կանխենք Իսրայելի հանցավոր գործողությունները», -ասել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ:
Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել էին, նրանց կոչ էր արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը թիրախավորում է այն տները, որտեղ «Հեզբոլլահ»-ը «հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր» է պահում:
Լիբանանի հարավի հազարավոր բնակիչներ երեկվանից շտապում են հեռանալ բնակավայրերից: Հաղորդվում է, որ «Հեզբոլլահ»-ը իր հերթին երկուշաբթի ավելի քան 200 հրթիռ է արձակել, իսկ անցած գիշեր՝ 20: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Իսրայելի հյուսիսում դպրոցները փակվել են:
Ելույթ ունենալով Թել Ավիվի ռազմական շտաբի ստորգետնյա հրամանատարական սենյակից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը փոխում է ուժերի հավասարակշռությունը «Հեզբոլլահ»-ի հետ: