ru24.pro
World News
Сентябрь
2024

Հաջողության համար պետք է նպատակդ հստակեցնես, իշխանափոխություն ասելով չի նշանակում՝ կարող ես դրան հասնել. Արմեն Բադալյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, սեպտեմբերի 22-ին կայացավ Սրբազան պայքարի մեծ հավաքը, մարտավարական ի՞նչ փոփոխություններ նկատեցիք, որ շարժման առաջնորդը կիրառեց կամ պատրաստվում է կիրառել։

– Խնդիրը մարտավարությունը չէ, խնդիրը ռազմավարությունն է, եթե իշխանափոխություն ես ուզում, պետք է ռազմավարությունդ փոխես, մարտավարական խնդիրների փոփոխությունը քեզ հաջողություն չի բերում, որովհետև եթե դու, պայմանականորեն ասած, երկու հանրահավաքի փոխարեն չորս հանրահավաք անցկացնես՝ հինգ հազարի փոխարեն տասը հազար մարդկանցով, դա դեռ չի նշանակում, որ դու ունես ռազմավարական հաջողություն, իսկ ռազմավարական հաջողություն ունենալու համար դու պետք է նպատակ ունենաս։ 

Իրենց կողմից չի հռչակվում հստակ նպատակ, դրա համար էլ ես չեմ կարող հստակ գնահատական տալ, որովհետև իրենք նախկինում նշում էին, որ սա քաղաքական պայքար չէ, կողմնակիցներից մեկը հակառակն էր պնդում, առաջնորդը նշում է, որ սա արժեքային համակարգի համար մղվող պայքար է: Դե, եթե այդպես է, ապա դրա մասին պետք է գնահատական տան մշակութաբանները, իսկ ես քաղաքական պայքարի մասին կարող եմ գնահատական տալ։ 

Եթե հաջողություն ես ուզում, պետք է նախ նպատակդ հստակեցնես, որովհետև զուտ իշխանափոխություն ասելով չի նշանակում, որ դու իշխանափոխություն ես ուզում կամ կարող ես դրան հասնել։ Դու պետք է ընտրես քո ռազմավարությունը, հետո նոր մարտավարական հնարքներ կիրառես, ապա նոր՝ համապատասխան տեխնոլոգիական մասը կիրառես։ 

– Իսկ ձեր գնահատմամբ՝ այս շարժումն իսկապե՞ս քաղաքական չէ։

– Անկախ իրենց ասելուց՝ շարժումը քաղաքական է, որովհետև եթե այս թիմի առջև խնդիր է դրվել իշխող քաղաքական ուժին իշխանությունից հեռացնել և գալ իշխանության, ապա դա ամբողջ աշխարհում գնահատվում է որպես քաղաքական գործընթաց, անկախ նրանից, թե շարժման առաջնորդն ինչ մասնագիտության տեր է: Եթե հիմա շարժման առաջնորդը հոգևոր գործիչ է, ապա դա չի նշանակում, որ շարժումը հոգևոր է։ 

Ցանկացած գործընթաց, որի նպատակը տվյալ երկրում իշխանության հեռացումն է ու տվյալ ուժի իշխանության գալը կամ մեկ այլ ուժի աջակցելը, որպեսզի նա գա իշխանության, կոչվում է քաղաքական գործընթաց։ Ուղղակի քանի որ շատերը քաղաքական գործընթացը շփոթում են կուսակցականի հետ, դրա համար էլ ասում են՝ քաղաքական չէ, բայց կարող է լինել քաղաքական գործընթաց, որը կուսակցական չէ։ Իսկ սա, այո՛, քաղաքական գործընթաց է, ու առաջնորդը պետք է ընդունի այդ, բայց, չգիտես ինչու, նա այն համարում է արժեքային, մշակութային։ Պետք է իրենք իրենց մեջ այս ամենը հստակեցնեն։ 

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են խուսափում հստակ ասել, որ սա քաղաքական շարժում է։

– Հավանաբար իրենք խուսափում են կրկնել նախորդ 30 տարվա որոշ շարժումների սխալները ու հիմա, հավանաբար, վախենում են, որ ասեն քաղաքական պայքար է: Կասեն՝ դե ցույց տուր քո կառավարության կազմը, իսկ սա արդեն սուր քննադատության կենթարկվի, ինչն իրենք չեն ուզում։ 

Եթե դու քաղաքական հստակ դիրքորոշում ես տալիս, ապա ոչ միայն քեզ ես պարզում, քո նպատակներն ես հստակեցնում, այլ նաև որոշակի սահմանների մեջ ես սկսում գործել, դու չես կարող ինչ ուզում ես ասել, պետք է առաջնորդվես քո քաղաքական ծրագրերին համապատասխան։ Այսինքն՝ եթե դու ասում ես, որ պետք է հասնենք արժանապատիվ խաղաղության, ապա պետք է ցույց տաս, թե ինչպե՛ս ես հասնելու դրան, ու ինչով է քո արժանապատիվ խաղաղությունը տարբերվում ներկա գործընթացից։ Դու պետք է նաև այդ պարագայում ցույց տաս քո կադրային քաղաքականությունը, հենց դրա համար էլ իրենք խուսափում են գործընթացը քաղաքական կոչելուց։ Ասում են՝ արժեքային է, ու դրա տակ ինչ ուզում են հասկացնում են։

– Այսինքն՝ ճանապարհային քարտեզ չունե՞ն, պարո՛ն Բադալյան։

– Կարող է ունեն, բայց չեն ուզում ցույց տալ, դրա համար էլ ասում են՝ արժեքային է, որովհետև քարտեզը ցույց տալուց հետո փորձագետները, լրագրողները կվերցնեն ցանկացած կետ ու կպահանջեն հստակեցում՝ ո՞նց ես սրան հասնելու։ 

– Հոկտեմբերի 2-ից մեկնարկում է պայքարի նոր փուլը, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։

– Ես գուշակություններ չեմ անում, երկրորդ՝ երեսուն տարվա ընթացքում այնքան շարժումներ եմ տեսել՝թեժ աշուն, գարուն, որ մի հատ ավել, մի հատ պակասն այնքան էլ էական չեն։ Խնդիրն այն է, որ պետք է հստակեցվի՝ իրենք ի՛նչ են ուզում։ Որովհետև ցանկացած նպատակ ունի իր ստրատեգիան, որն էլ ունի իր տակտիկական բաղադրիչը ու տեխնոլոգիական քայլերը։ Ինքդ ինչ ես ուզում, սա պետք է որոշվի, եթե նպատակը շարժումը չմարելն է մինչև 2026-ը, իսկ հետո խորհրդարան մտնելը, ուրեմն դրան գնում են, բայց, կարծեմ, իրենց նպատակը տասը օրում իշխանափոխություն անելն էր։ Դրա համար եմ ասում, որ նպատակի հստակեցում է պետք, որ ես էլ գնահատեմ գործընթացի արդյունավետությունը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հաջողության համար պետք է նպատակդ հստակեցնես, իշխանափոխություն ասելով չի նշանակում՝ կարող ես դրան հասնել. Արմեն Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.