Պայքարը չի ավարտվել և հենց հիմա շարունակում ենք և շարունակելու ենք ու հասնելու ենք հաղթական ավարտին. Գառնիկ Դանիելյան
Պայքարը չի ավարտվել և հենց հիմա շարունակում ենք և շարունակելու ենք ու հասնելու ենք հաղթական ավարտին։
Այս մասին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարած Սրբազան պայքարի հավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մենք այս պայքարը սկսել ենք Ոսկեպարից, Կիրանցից, Բաղանիսից՝ Սրբազան Հոր առաջնորդությամբ։
Այս ամեն ինչը չէր լինի, եթե չլիներ Սրբազան Հոր կամքը, ոգին, ներդրումը։
Երբ լսեցինք ազգակործանի խոսքերը, որ պետք է զորքերը նահանջեն և այդ նույն մարդը տարիներ շարունակում ասում էր, թե ձեռքերս կկտրեմ, բայց Տավուշից մեկ մմ չեմ տա, նույն անձը հայկական զորքերին նահանջի հրաման տվեց, կառուցեց մի պատ, որը համարեց արժանապատվության պատ, ասաց, թե ծառերը կպաշտպանեն մեզ։
Այդ նույն օրերին թշնամի պետության առաջնորդը մեր հայկական Շուշիում և Ստեփանակերտում իր հյուրերին ցույց էր տալիս հայկական տաճարներն ու հայկական քաղաքները։ Մեզ այլընտրանք չէր մնացել, քան ոտքի կանգնել ու պայքարել»,-ասել է Դանիելյանը։
«Ու ուզում եմ ասել, որ պայքարը չի ավարտվել և հենց հիմա շարունակում ենք և շարունակելու ենք ու հասնելու ենք հաղթական ավարտին, որովհետև դուք ոչ մեկից չեք վախենում։ Ո՛չ թշնամին, ո՛չ այս իշխանությունները չեն կարող մեզ հետ պահել մեր իղձերից ու նպատակներից»,-ասաց նա։
Գառնիկ Դանիելյանը դիմեց դահլիճում ներկա արցախցիներին. «Ես ուզում եմ մեր արցախցի քույրերին ու եղբայրներին ասել, որ իրենք այստեղ հյուր չեն, որ սա իրենց տունն է, մեր բոլորի հայրենիքն է և այս ապազգային իշխանություններին վռնդելուց հետո մենք վերադառնալու ենք մեր Արցախ, վերադառնալու ենք մեր տները»։