Անհեթեթություն է․ «Նանտի» նախագահը՝ ակումբը վաճառելու վերաբերյալ լուրերի մասին
«Նանտ» ակումբի նախագահ Վալդեմար Կիտան հերքել է այն տեղեկատվությունը, որ ինքը բանակցություններ է վարել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի հետ ակումբի վաճառքի վերաբերյալ։
Ավելի վաղ L’Equipe պարբերականը հայտնել էր, որ Ալեքսանդեր-Առնոլդը մտադիր է գնել ֆրանսիական ակումբն իր հոր գլխավորած ներդրումային ընկերության միջոցով։ Նշվում էր, որ Կիտան և ֆուտբոլիստը տեսակապով շփվել էին նախորդ տարվա ամռանը։
«Այս ամենն անհեթեթություն է։ Որտեղի՞ց է այն հայտնվել: Ինչպես կարող է մարդը, որը ցանկանում է ակումբ ձեռքբերել, օգտագործել լրագրողի օգնությունը: Ես չեմ ճանաչում Ալեքսանդեր-Առնոլդին:
Ես երբեք ոչ ոքի հետ տեսաժողով չեմ անցկացրել։ Երբեք կյանքում։ Սա պարզապես անհեթեթություն է։ Երբ ես վաճառում էի իմ ընկերությունը, ոչ ոք այդ մասին չէր իմանում, նույնիսկ իմ աշխատակիցները։ Ահա թե ինչ է բիզնեսը»,- մեջբերում է Կիտային Ouest-France-ը։
Ալեքսանդեր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև երկրի Գավաթի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։