ru24.pro
World News
Сентябрь
2024

Ես դատարանի առաջ կանգնել եմ միայն նրա համար, որ ես համարձակություն եմ ունեցել այդ փուլում բարձրաձայնել այն, ինչը որ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)

0

Պետության կյանքի համար կարևոր է տեսնել այն, ինչ մնացածը չեն տեսնում։ Ես դատարանի առաջ կանգնել եմ միայն նրա համար, որ ես համարձակություն եմ ունեցել այդ փուլում բարձրաձայնել այն, ինչը որ մնացածը չէին տեսնում։

Իր գործով դատական նիստին պաշտպանական ճառի եզրափակիչ մասում հայտարարել է ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը․ «Պետության կյանքի համար կարևոր է տեսնել այն, ինչ մնացածը չեն տեսնում։ Ես դատարանի առաջ կանգնել եմ միայն նրա համար, որ ես համարձակություն եմ ունեցել այդ փուլում բարձրաձայնել այն, ինչը որ մնացածը չէին տեսնում։

Այն ժամանակ չհավատացին, չվստահեցին, չցանկացան փրկել։ Հիմա էլ ամեն ինչ կորսված չէ, ունենք հնարավորություն ինչ որ բան փրկելու։ Եթե այն ժամանակ դա, ցավոք սրտի Արցախի կորուստն էր, հիմա ավելի մեծ բան կա, որ կարող է կորսվել։ Կարող եք ասել՝ այս դատավարությունն ի՞նչ կապ ունի, ասում եմ՝ հենց այս դատավարության հետ է կապված։

Ես հրապարակային չեմ ասի,թե ինչի համար եմ այստեղ, իմ ընկերները գիտեն։ Ինձ դատում են հենց դա տեսնելու համար։ Մարդկության պատմությունը լի է նման բաներով, երբ մարդը տեսել է նման բաներ, մտածել է այլ կերպ, ասել է այդ մասին և դրա համար դատվել է։

Հիշեք,թե ինչ պայմաններում ենք այս գործն սկսել և ինչ պայմաններում ենք ավարտում այս գործը։ Մի բան կխնդրեմ բոլորից՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ։ Ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ։ Ես ինչ նպատակ ունեի այս դատական պրոցեսի ընթացքում ասելու՝ ասել եմ։ Հիմա ինչ կլինի, կրկնում եմ՝ երբ իմ անձը դնում եմ այս ամբողջի կողքն այնքան փոքր եմ ես, որ իմ «ինչ» լինելն այդքան փորձեմ մեծացնել, կարևորել։

Ինչ որ հիմա կասեմ՝ իմ խոսքերը չեն․ «Անիմաստ է մտածել մի բանի մասին, որը, հավատացած եմ ողջ կյանքում հետապնդելու է ինձ։ Կափսոսամ, որ հեռացա, կամաչեմ, որ սխալվել եմ ինչ որ կետում, որ մտածել եմ, թե հեղափոխական ժամանակներում արդարադատությունը նույնն է, ինչ խաղաղ պայմաններում։

Կգա այն օրը, երբ կեղծիքի քողը կպատռվի, եթե դա տեղի չունենա, նրանք գիտեն, որ անմեղ մարդու են դատապարտել, քանի որ հարկավոր էր շեղել ժողովրդի ուշադրությունը՝ ճիշտ այնպես, ինչպես հեղափոխության ժամանակ, երբ նախքան ազատություն, հավասարություն, եղբայրություն հռչակելը, գիլյոտին տեղադրվեց հրապարակային վայրում, որպեսզի արյամբ ստեն նրանց, ովքեր հացի կարիք ունեն։ Մատա Հարիի մահապատժից 4 օր անց հիմնական մեղադրողը ձերբակալվեց, մեղադրվեց լրտեսության համար, հարցաքննվեց ֆրանսիական հետախուզության կողմից։ Նա պնդում էր, որ անմեղ է, ոչինչ չի արել։ Կրկնակի գործակալի համբավը մինչև մահ չլքեց նրան։

1947 թվականին դատախազ Անդրեյ Մորը, որը վաղուց հրապարակայնորեն մեղադրվում էր 1940 թվականին հրեաների հապճեպ նպատակադրումների գործընթացին սկիզբ դնելու համար և նաև նրա համար, որ մահվան էր դատապարտել մի մարդու, խոստովանեց, որ ողջ դատավարությունը հիմնված է եղել եզրակացությունների ու ենթադրությունների հիման վրա և նշեց, որ ապացույցներն այնքան քիչ էին, որ դրանցով անգամ կատու պատժել չէր լինի»։ Սա հատված էր Պաոլո Կոելյոյի «Լրտես» պատմվածքից»։

Թովմասյանը նաև առակ պատմեց մի իմաստուն մարդու և աշակերտների մասին, որից հետո դիմելով դատավորին ասաց․  «Պատվարժան դատավոր, ամեն ինչ Ձեր ձեռքերում է՝ և՛ կյանքը, և՛ մահը»։

ՍԴ դատավորն ելույթն ավարտեց Աստվածաշնչից մեջբերումով․ «Ովքեր անիրավին համարում են արդար, իսկ արդարին՝ անիրավ, նրանք վատն են Տիրոջ առաջ։ Ուր դատ ու դատաստան կար, ամբարիշտն այնտեղ էր։ Եվ ուր արդարություն կար, այնտեղ էր բարեպաշտը։ Բայց Աստված պիտի դատի արդարին ու ամբարիշտին, քանի որ ամեն բանի ժամանակն է։ Եվ ժամ ու ժամանակ կա բոլոր գործերի համար։

Միգուցե տպավորություն կստեղծվեր, որ վերջում դիմում եմ դատարանին՝ մեղմ կվարվեք և այլն։ Ոչ, ես ասելիք չունեմ դատարանին։ Ես ասելիք ունեմ Աստծուն՝ Տեր, օգնիր ինձ հաղթահարել այս փորձությունը ևս։

Օժտիր ինձ համբերությամբ և խոնարհությամբ։ Խափանիր իմ երկրում հոգիների սատանայական որոգայթները։ Տեր իմ, կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր իմ ժողովրդին»,- եզրափակեց Թովմասյանը։