ru24.pro
World News
Сентябрь
2024

Որոնելով ողջերին և զոհվածներին. 4 պատմություն Արցախի փրկարարների մասին. Վարդուհի Սահակյանը

0

Վարդուհի Սահակյանը, կին փրկարարն Արցախից. «Սակրավորը մեկ անգամ է սխալվում»

Վարդուհի Սահակյանը 10 տարվա փորձառությամբ սակրավոր է: Խոստովանում է՝ լավ կյանքից չէ, որ ընտրել է այս վտանգավոր մասնագիտությունը. երկու երեխայի ու մոր խնամքն իր վրա էր, հետն էլ՝ վարձով էին ապրում: Բայց երբևէ չի էլ զղջացել իր ընտրության համար, ավելին՝ երկու անգամ է նույն որոշումը կայացրել. առաջին անգամ HALO Trust միջազգային մարդասիրական առաքելության Արցախի մասնաճյուղում, երկրորդ անգամ՝ Արցախի փրկարար ծառայությունում:

«Մենք թիմով էինք աշխատում, շատ կարևոր էր իրար վստահելը: Եթե աշխատանքի մեջ մարդիկ իրար վստահում են, չես էլ հասկանում՝ ինչպես օրվա աշխատանքդ ավարտեցիր: Եթե որևէ մեկը թեկուզ անտրամադիր լիներ, ավելի լավ է՝ այդ օրը չաշխատեր, պարզապես այդ մարդուն հասկանալ էր պետք: Կարիք չկար՝ մեկը սխալվի, ու բոլորը տուժեն»:

Վարդուհին ցավով է հիշում ականազերծման դաշտում տարիներ առաջ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը, երբ աչքի առաջ  կորցրեց մի քանի գործընկերների, իսկ ոմանք էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ  ստացան:

«Մեզ հաջորդող փրկարարական խումբն էր եկել․․․ Մենք արդեն դաշտում էինք, երբ իրենք պայթեցին: Կողքի դաշտերից եկան, հավաքվեցին, օգնություն ցուցաբերեցին՝ ով ինչով կարող էր: Ամեն մեկն ամեն բան անում էր, որ ինչ-որ մեկին հետ բերի, փրկի: Շատ ահավոր էր։ 2020-ին էլ մեր գործընկերներից շատերը զոհվեցին: Թեկուզ որ մի օր մարդու հետ ես անցկացնում, պատահական բարևում ես, էլի նրա կորուստը ցավոտ է լինում, շատ ցավոտ․․․»

Վարդուհու համոզմամբ՝ սակրավորի պարտականությունը մարդկանց կյանքը անվտանգ  ու ապահով դարձնելն է և երբեք չսխալվելը, հակառակ դեպքում այն կարող է ճակատագրական լինել  սեփական կյանքի համար։ 

Չենք մոռանալու մեր պատերազմները…

Երկու երեխայի մայրը հուզմունքով է վերհիշում վերջին պատերազմի դրվագները․ մասնագիտությանը բնորոշ զգուշությամբ ու նրբանկատությամբ կարծես փորձում է հիշողության մեջ վերականգնել կորցրած հայրենիքի բեկորները։ 

Արցախի դեմ Ադրբեջանի վերջին լայնածավալ հարձակման օրը նա ծառայության մեջ էր:

«Մեր պատերազմները չենք մոռանալու երբեք․․․ Սեպտեմբերի 19-ին երեխաները դպրոցում էին, մենք՝ աշխատանքի։ Իմ աղջիկը քոլեջում էր, ոչ գիտես՝ տուն է հասել, ոչ գիտես՝ մնացել է այնտեղ։ Ոչ էլ մենք էինք կարողանում գործի տեղից դուրս գալ, անընդհատ խփում էին մեր աշխատավայրի ուղղությամբ։ Մարդկանց նայում ես՝ քարացած․ բոլորի երեխաները դպրոցում են.․․ Մի կերպ գնացինք նկուղներ, դպրոցներից երեխաներ էին բերում, գոռում են, գոչում, կեսը կան, կեսը չկան: Ով ում կարողացել էր, մի կերպ մի տեղ էր տարել, որ փրկի»:

Հիշում է, որ երկու երեխա գրկել էին իրեն ու խնդրում էին, որ մնա իրենց հետ, չգնա, իսկ  ինքն անգամ սեփական աղջկա տեղը չգիտեր։  Որոշ ժամանակ նկուղում մնալուց ու մարդկանց հանգստացնելուց հետո որոշում է դուրս գալ  փողոց՝ ինչ էլ լիներ, պետք է տուն հասներ. տղան դիրքերում էր, աղջկանից էլ լուր չուներ…

«Տեսա՝ մեքենա է գալիս, կանգնեցնում է, ասում է՝ շուտ նստիր: Հարցնում է՝ ո՞ւր ես գնում, ասում եմ՝ Կոլցևոյ։ Ասում է՝ քույրիկ, մնա այստեղ։ Ասում եմ՝ ոչ մի մնալ, քշիր, միևնույն է, դու էլ ես գնում երեխաներիդ հետևից։ Երկու երեխա էլ ինքն ուներ, ինքն էլ հետո զոհվեց պայթյունի ժամանակ: Ահավոր ցավ է, չգիտես՝ հիշես-չհիշես։ Միևնույն է, պառկած տեղդ էլ կադրերի պես աչքերիդ առջևով ամեն բան անցնում է․․․ Վերջը գնում եմ իջնում Կոլցևոյում։ Մարդիկ վազում են այս ու այն կողմ, քեզ տեսնում են համազգեստով, կարծում են, թե պիտի մի հույս տաս, քեզնից անկախ ասում ես՝ լավ կլինի, մի վախեցեք, մտեք նկուղներ, մի բան շուտով կորոշվի: Որ երեխայիս տեսա, մի փոքր հանգստացա: Հարցնում եմ՝ ինչպես ես եկել, ասում է՝ չգիտեմ, մամ, մի մեքենա է կանգնեցրել, մեզ լցրել մեքենան ու բերել մինչև Կոլցևոյ: Հարցնում եմ՝ վախեցե՞լ եք, ասում է՝ դրա մասին մի խոսիր, մամ, շատերն ուշաթափ եղան, բայց ես իրենց հույս էի տալիս, ասել եմ՝ բոլորս  տուն ենք գնալու»:

Վարդուհու զինվորական որդուց լուր չկար: Նա մի քանի օր մնացել էր ադրբեջանական շրջափակման մեջ:

«Երբ ասացին, որ արդեն պիտի զենքերը հանձնեն, երեխաներին բերում են, մտածեցի՝ «Աստված, տեսնես մերի՞ հերթը երբ կհասնի»։ «Եղնիկներում» էր: Մեր տնից Կարմիր Շուկայի ճանապարհը երևում էր, այնտեղից էին զինվորներին ավտոբուսներով բերում: Մի անգամ լսում եմ՝ պատշգամբի տակից մարդիկ խոսում են, ասում են՝ այսօր Մարտունին բերեցին, վաղը Մարտակերտը կբերեն, բոլոր գյուղերի անունները տալիս են, բայց ոչ ոք չի խոսում «Եղնիկներից»: Մտածում եմ՝ տեսնես ի՞նչ է եղել:»:

Երբ ընտանիքի բոլոր անդամներն  արդեն միասին էին, որդին նստում է ավտոմեքենայի ղեկին, և նրանք ևս ճանապարհվում են դեպի Հակարիի անցակետ։ 

«Չորս ժամ Մազի կամրջին սպասելուց հետո մտածում էր՝ միգուցե հետ դառնանք։ Չգիտեմ, մի անհասկանալի հույս կար։ Մտածում էի՝ միգուցե կհայտարարեն, թե հարցը լուծված է, հետ դարձեք։ Արցախը մնում է Արցախ։ Ոչ մեկի մտքով չի անցել, որ Արցախը կարող է մերը չլինել։»: 

Հակարիի կամուրջ. Արցախի վերջին հանգրվանը

Վարդուհին, որ տարիներ շարունակ աշխատել էր վտանգի աչքերին ուղիղ նայելով,  Հակարիի անցակետում սարսափել  է այն մտքից, որ հնարավոր է՝ զինվորական որդուն  ադրբեջանցիները փորձեն պատանդ պահել:

«Մարդիկ պատմում են, որ Հակարիի կամուրջն անցնելիս մարդկանց սրտերը չի դիմացել, ու մահացել են։ Հեշտ խոսողները դա ընդամենը բառեր են հասկանում, բայց դա բառ չէ, մենք դեռ թուրքի ձեռքում էինք, մինչև չէինք անցել: Անգամ անցնելիս անընդհատ մտածում էի՝ եթե երեխային խոսեցնեն, փորձեն հանել մեքենայից՝ իմ գործողությունները, ես ի՞նչ պիտի անեմ, որովհետև դրանից հետո այլևս իմաստ չունի կամուրջն անցնել»:

Հաղթել անորոշությունը

Բռնի տեղահանությունից հետո Վարդուհին մտածել է, որ կշարունակի  սակրավորի իր ծառայությունը,  բայց արցախցիների քաղաքացիությունը ոչ լեգիտիմ հայտարարելուց հետո դա հնարավոր չեղավ։

«Ինձ համար սթրես էր, որ ասացին՝ պիտի դուրս գաք գրանցումից, Ղարաբաղի մասին այլևս մի խոսեք, Ղարաբաղի քաղաքացիությունը չի գործում, պիտի Հայաստանի լինի: Մտածում ես՝ հայը հային ասում է՝ պիտի գրանցումդ փոխես, որ ես քեզ գործ տամ… Ինչո՞ւ են ամեն պայման այնպես դնում, որ դու հիասթափվես ու գնաս: Բայց ո՞ւր գնաս, օտարությո՞ւն․․․»

Արցախի կորստից հետո շատ արցախահայերի նման նրան նույնպես ուղեկցում է  անորոշությունը․ Հայաստանում չի կարողանում ուրիշ աշխատանք գտնել։

Երբ հանդիպում է արցախցի իր հայրենակիցներին, չգիտի՝ ինչ խոսի,  խուսափում է հարցեր տալուց, որովհետև պատասխաններից է վախենում…

«Ես որ մարդկանց միշտ հարցնում էի՝ ո՞նց եք, ու մարդիկ պատասխանում էին՝ ոչինչ, ասում էի՝ մի՛ ասեք ոչինչ, ասեք՝ լավ ենք: Բայց մեկ 2020-ին մարդկանց չեմ  հարցրել իրենց որպիսությունը, մեկ էլ հիմա ոչ մեկին չեմ հարցնում՝ որտե՞ղ եք, ինչպե՞ս եք։ Վախենում եմ պատասխանից, վախենում եմ նորից էն հարազատ կորցնելու ցավից»:

Տաթևիկ Խաչատրյան

The post Որոնելով ողջերին և զոհվածներին. 4 պատմություն Արցախի փրկարարների մասին. Վարդուհի Սահակյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.