ru24.pro
World News
Сентябрь
2024

Եթե Փաշինյանը SMS ուղարկի, ասի՝ նախագիծ մշակեք, որ նախկին իշխանությունները պետք է սրբադասվեն, անելու են. Էդուարդ Շարմազանով

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 

– Պարո՛ն Շարմազանով, Արմեն Աշոտյանի բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ գրավի կիրառմամբ։ Ինչո՞վ եք պայմանավորում նման որոշումը: Կարծիքներ կան, որ սա իշխանությունն արեց Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցին ընդառաջ, որպեսզի ցույց տա, թե երկրում քաղբանտարկյալներ չկան։

– Նախ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ու Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ քաղաքական բանտարկյալ, որովհետև նա չի արդարացվել, կալանքի մի ձևը փոխարինվել է այլ ձևով։ Իհարկե առաջընթաց է, որովհետև քրեակատարողական հիմնարկում կալանքը կրելը մի բան է, տանը՝ այլ, բայց ակնհայտ է, որ Աշոտյանի քաղաքական գործունեության սահմանափակումը հստակ է․ նա իրավունք ունի շփվել մերձավոր բարեկամների ու իր ընտանիքի անդամների հետ, լայվեր անելու իրավունք չունի, կուսակցություն գալու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, ցույցերի գնալու իրավունք չունի, այսինքն՝ ինքը շարունակում է մնալ քաղբանտարկյալ։ 

Չեմ կարող ասել, թե այս որոշումն ինչո՛վ է պայմանավորված, չեմ էլ մտածել այդ մասին, բայց, իմ համոզմամբ՝ այս որոշումը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանով։ Առհասարակ, Հայաստանում ընդդիմադիրների նկատմամբ բոլոր գործերը պայմանավորված են Նիկոլ Փաշինյանով, հիմա երևի այսպես է հարմար գտել, այսպես է անում՝ ինչ-ինչ պատճառներով։

– Իսկ նման որոշումը սպասելի՞ էր։

– Առհասարակ, սպասելիքներն արդարադատությունից են. եթե արդարադատությունը Հայաստանում 1 տոկոս մնացել է, ապա Աշոտյանը պետք է այս գործով արդարացվի, որովհետև ես գրեթե բոլոր դատական նիստերին ներկա եմ եղել, ու այս գործի համար որևէ հիմնավոր փաստարկ չկա։ 

– Պարո՛ն Շարմազանով, դուք խոսում եք 1 տոկոս արդարադատության մասին, բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բազմիցս են ասել, որ դատական իշխանությունը Հայաստանում այսօր ավելի քան անկախ է ու անաչառ։

– Իսկ ի՛նչ պետք է ասեն, բա Նիկոլ Փաշինյանը մի բան ասի, դրանք չկրկնե՞ն։ Մանդատ ու պաշտոն կունենա՞ն դրանք, պադավա՞տ, ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ գրիպ ընկնի, դրանց ամբողջ թիմը հյուսիսն ու հարավը կխառնի։ Կառավարվում են Նիկոլ Փաշինյանի SMS-ներով։ Վաղը եթե Նիկոլ Փաշինյանն ասի՝ Աշոտյան Արմենը հայ քաղաքական մտքի հռչակավոր ռահվիրա է, համոզված եղեք, որ հաջորդ վայրկյանին ամբողջ ՔՊ-ն Շարմազանով Էդուարդից, Մամիջանյան Հայկից, Աբրահամյան Տիգրանից և բոլոր հանրապետականներից ավելի լավ կփառաբանի Արմեն Աշոտյանին, կասեն՝ մերօրյա Մակեդոնացին է, նրանց ի՛նչ է եղել։ 

Հիմա ոնց է՝ սկսել են ասել, թե հակառուսականություն չի եղել, գնում են ԱՊՀ գագաթնաժողով, իսկ մինչ այդ Պուտինին բռնելու մասին խոսելու հրահանգով էին առաջ գնում։ Հիմա եթե Նիկոլն էլի կանգնի ու ասի՝ Արցախը Հայաստան է և վերջ, ԱԺ նախագահից սկսած բոլորը դա են ասելու, եթե Նիկոլ Փաշինյանը SMS ուղարկի այսօր, ասի՝ նախագիծ մշակեք, որ նախկին իշխանությունները պետք է սրբադասվեն, դրանք անելու են։ Քաղաքական միտք չկա այդտեղ, քաղաքական մեկ միավոր կա այդ ամբողջ թիմում՝ Նիկոլ Փաշինյան, նա ինչ ասի, սրանք կրկնում են։ 

– Այսինքն՝ ՔՊ-ում չկա՞ գոնե մեկ մարդ, որ քաղաքական արժեք ներկայացնի՝ Փաշինյանից բացի, ինչպես ասում եք։

– Կարող է կա, բայց հրապարակային չի ներկայանում, ես համոզված եմ, որ լիքը մարդիկ կան, որոնք հասկանում են, որ Արցախի հանձնման մեղքն իրենց վրա է, որ հինգ հազար էրեխու սպանությունը իրենց վրա է, որ Հայաստանի այս ձևի գահավիժումն իրենց վրա է, բայց վախենում են ձայն հանել։ 

– Հասկանալով՝ հակառա՞կն են պնդում։

– Դա արդեն դուք որոշեք, բայց երկու դեպքում էլ մեղմացուցիչ հանգամանք չկա, երկու ձևով էլ Արցախի հանձնման փայատեր են իրենք։

– Պարո՛ն Շարմազանով, ձեր գնահատմամբ՝ իշխանությունը հիմա որոշել է դեպի ռուսական կո՞ղմ գնալ։

– Չէ՛, իշխանությունը միշտ Թուրքիայի գրկում է, Թուրքիան ոնց ասում է՝ այդպես էլ անում է։ Իմ ամբողջ թեզը ո՞րն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքում է պանթյուրքիզմի համար պրախոդնոյ դվոր, և Նիկոլ Փաշինյանի հայացքներն ուղղված են Անկարային։ Եթե պաշտոնական Անկարան իրեն գլխի գցի, որ պետք է մոտենա Արևմուտքի հետ՝ դա կանի, եթե ասի՝ Ռուսաստանի հետ՝ կգնա Ռուսաստան։ Էրդողանը գնում է ԲՐԻԿՍ, Նիկոլն էլ է գնում, ես կարծում եմ, որ սա ոչ թե Երևան-Մոսկվա հարաբերությունների ջերմացում է, այլ՝ Անկարայի հրահանգով կատարվող քայլ։ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է բացառապես թուրքական շահ։ 

– Բայց «Զանգեզուրի միջանցքին» դեմ է գործող իշխանությունը։

– Իշխանությունն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Իշխանությունը կողմ էր Արցախի անկախությանը, 2021-ին գնացել են ընտրության՝ «Անջատում հանուն փրկության» կարգախոսով, այսօր կանգնում ասում են՝ Արցախի հարցը փակված է։ Դրանց դեմն ու կողմը ո՞րն է, սրանց քաղաքականության մեջ չկա հետևողականություն, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տալիս, նախադասության սկզբում ասում է՝ նոյեմբերի 9-ը ուժի մեջ է, նախադասության վերջում ասում է՝ ռուսական միջնորդությունը նպատակահարմար չէ, ես Ադրբեջանի հետ առանձին եմ ուզում բանակցեմ, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի միջնորդը Ռուսաստանն է, ինչի՛ մասին եք խոսում։ Ասել եմ ու կրկնում եմ՝ սրանք երրորդ հանրապետության գերեզմանափորներն են, այսքան բան։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Եթե Փաշինյանը SMS ուղարկի, ասի՝ նախագիծ մշակեք, որ նախկին իշխանությունները պետք է սրբադասվեն, անելու են. Էդուարդ Շարմազանով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.