Արմեն Աշոտյանին ՔԿՀ-ի մեքենայով կտեղափոխեն տուն. փաստաբան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իրենց մեքենայով կտեղափոխեն տուն: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը:
«Քրեակատարողական ծառայության աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ պարոն Աշոտյանին իրենց մեքենայով կտեղափոխեն տուն: Օրենքով չնախատեսված կարգ է, բայց իրենց մոտ ավանդույթ է դարձել որոշ դեպքերում։ Միշտ չէ, որ այդպես է լինում», - պարզաբանեց Աթանեսյանը:
Աշոտյանի մյուս պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նշեց. «Աշոտյանն այն մարդն է, որի նկատմամբ քաղաքական հետապնդումը լայն հանրային հնչեղություն է ստացել թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս: Բնականաբար, բազմաթիվ լրատվամիջոցներ կան այստեղ, Արմեն Աշոտյանը կարող էր դուրս գալ, բազմաթիվ հարցերի պատասխանել, կարծում եմ՝ քաղաքական իշխանության տեսանկյունից այդքան էլ հարմար չէր դա»:
Նշենք, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։ Նրա խափանման միջոցը փոփոխվել է երեկ՝ կալանքից՝ տնային կալանքի:
Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։