Samsung-ն ամբողջ աշխարհում կկրճատի աշխատողների թիվը. Reuters
Աշխարհում սմարթֆոնների, հեռուստացույցների և հիշողության չիպերի առաջատար արտադրող Samsung Electronics-ը կկրճատի իր արտասահմանյան անձնակազմի մինչև 30%-ը որոշ ստորաբաժանումներում, Reuters-ին հայտնել են այդ հարցի անմիջական իմացությամբ երեք աղբյուրներ:
Հարավկորեական Samsung-ն ամբողջ աշխարհում դուստր ձեռնարկություններին հրահանգել է վաճառքի և շուկայավարման անձնակազմը կրճատել մոտ 15%-ով, իսկ վարչական անձնակազմը՝ մինչև 30%-ով, հայտնել են աղբյուրներից երկուսը:
Ծրագիրը կիրականացվի մինչև այս տարվա վերջ և կազդի աշխատատեղերի վրա ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում: Պարզ չէ, թե քանի մարդ է կրճատվելու, և որ երկրներն ու բիզնես միավորներն են առավելապես տուժելու:
Samsung-ը 2023 թվականի վերջի դրությամբ աշխատանքի է ընդունել ընդհանուր առմամբ 267,800 մարդ, և կեսից ավելին կամ 147,000 աշխատակիցները գտնվում են արտասահմանում: