Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր ամուր աջակցությունն Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը․ Թուրքիայի պաշտպանության նախարար
Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր ամուր աջակցությունն Ադրբեջանի և Վրաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ Բաթումիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։
Նա նշեց, որ երեք երկրների միջև կա համագործակցության եռակողմ ձևաչափ. «Իր պատմական և ռազմավարական դիրքի շնորհիվ Կովկասը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային և միջազգային անվտանգության տեսանկյունից։
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցությունը ծառայում է մեր երկրների ընդհանուր շահերին և ակնկալիքներին և մեծ ներդրում ունի Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Ստորագրելով եռակողմ հուշագիր՝ մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունն էլ ավելի զարգացնելու այս օրինակելի, սերտ և տեւական համագործակցությունը»։