Եթե ժամանակին Խաղաղության պայմանագիրը ներառում էր ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների ողջ սպեկտրը, ապա ժամանակի ընթացքում դրա կնճռոտ դրույթները դուրս բերվեցին փաստաթղթից․ Աբրահամյան
Եթե ժամանակին, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիրը ներառում էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ողջ սպեկտրը, ապա ժամանակի ընթացքում դրա կնճռոտ դրույթները դուրս բերվեցին փաստաթղթից և առանձին քննարկումների դաշտ տեղափոխվեցին։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, ի սկզբանե այդ պայմանագրի առանցքային դրույթներն էին՝ Արցախի հարց, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում և սահմանային ճշգրտումներ:
«Արցախի հարցն իշխանությունը հետևողականորեն փորձում է հուղարկավորել՝ այն հանձնելով և թեման միջազգային ու ներհայաստանյան օրակարգից հանելով. «Ի հեճուկս գործող կառավարիչների ինքնապաշտպանական հակադարձումներին, փաստական առումով ակնհայտ է, թե ով և ինչ է արել ընդդեմ Արցախի ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների: Ու այս առումով բանավեճ չի էլ կարող լինել»:
«Չնայած այն հանգամանքին, որ ռեգիոնալ ապաշրջափակման թեման, որն Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնում են որպես միջանցքի խնդիր, պայմանագրի փաստաթղթից դուրս է բերվել ու առանձին քննարկումների դաշտ տարվել, այնուամենայնիվ, դրա զուգահեռ քննարկումներն ու հնչող պաշտոնական հայտարարություններն այդ առանցքի՝ պահնորդական կազմակերպությունների կողմից հնարավոր վերահսկման վերաբերյալ, ցույց են տալիս, որ ըստ էության, խնդիրը միջանցքային տրամաբանության մեջ է հանգուցալուծվելու: Միամիտ պետք է լինել կարծելու, որ գտնվելու են պահնորդական կազմակերպություններ, որոնք որևէ արտաքին ազդեցության չեն ենթարկվելու»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ սահմանային ճշգրտումների շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ մինչև այս պահը գործող մոտեցումը, երբ Ադրբեջանը բանակցությունների կամ ագրեսիայի միջոցով, իր ձևով, չակերտավոր ճշգրտումներ էր անում, իր ամրագրումն է ստացել նաև երկկողմ հաստատված կանոնակարգում:
«Ինչու եմ այդպես ասում, որովհետև կանոնակարգով հնարավորություն է ստեղծված, որպեսզի Ադրբեջանն իր նախապայմանները և շանտաժային գործիքակազմը շարունակի, նախընտրելի ուղղություններում Հայաստանից կրկին տարածքներ և ազդեցության գոտիներ պոկի, իսկ թե ինչ կլինի վերջում, արդեն կարելի է եզրակացնել»,- ասաց նա։
Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանի հետ բանակցությունների գործընթացն այս ժամանակահատվածում ընդգծված նախընտրական տրամաբանության ներքո է:
«Տպավորությունս այդպիսին է, որովհետև իշխանությունը փորձում է ընտրական պրոցեսներին ընդառաջ՝ կարևոր չէ, թե դրանք հերթական, թե արտահերթ կլինեն, ստանալ մի փաստաթուղթ, որտեղ թեև Ադրբեջանի հետ բոլոր խնդրահարույց դրույթները չեն ներառի, սակայն դրա վրա, սևով սպիտակի վրա, մեծատառով, գրված կլինի խաղաղության պայմանագիր:
Հետո ինչպես նախորդ շրջափուլերում է եղել, մարդկանց կմոլորեցնեն՝ հայտարարելով, թե խաղաղություն ենք բերելու, սակայն իրականում ինչպես նույնիսկ իշխանության ղեկավարն էր խոստովանում, երաշխիք չկա, որ դրա ստորագրումից հետո նոր՝ ավելի դաժան պատերազմ չի լինի:
Այսպիսին է իրականությունը. սուտ, կեղծիք, հանցավոր գործունեություն կամ անգործություն, որը նոր ական է լինելու մեր պետականության համար»,- ասաց Աբրահամյանը: