ru24.pro
World News
Сентябрь
2024

Որոնելով ողջերին և զոհվածներին. 4 պատմություն Արցախի փրկարարների մասին. Սասուն Բաբայանը

0

Սասուն Բաբայանը

Ճարտարի փոխարեն` Եռաբլուր

Երեք պատերազմ վերապրած, 16 տարվա փրկարար Սասուն Բաբայանի համար հատկապես ծանր էր ու ճակատագրական վերջին պատերազմը, որը նրանից խլեց մորը։

Կապի բացակայության պայմաններում, որոնողական աշխատանքների մասնակցելիս, Սասունն ուշացումով է իմանում, որ դեռևս ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Ճարտարում մայրը մահացել է: Տասնյակ մարմիններ հարազատներին հասցրած Սասունը չի կարողանում մոր մարմինը տեղափոխել Հայաստան:

«2023 թվականի սեպտեմբերի 25-ին մայրս հուղարկավորվեց Ճարտարում… Հիմա ես որ ուզում եմ գնալ գերեզմանատուն, գնում եմ Եռաբլուր, քայլում այնտեղ»: 

Փրկարարն իրավունք չունի կոտրվելու

Երկու երեխաների հայր 46-ամյա Սասուն Բաբայանը հիացմունքով է հիշում Ստեփանակերտում գործող իրենց Փրկարար ծառայությունը։ 

«Միասնական էինք՝ մի ընտանիքի պես: Միշտ ասում էին՝ Փրկարար ծառայության տղաներն իրար հասնող են, իսկ այդ օրերին՝ առավել ևս, բոլորս մի շենքում, բոլորս՝ իրար հասնելիս»: 

Երեք տարբեր պատերազմները Սասունը դիմավորել է նույն ձևով` շուտափույթ հագել է համազգեստն ու շտապել ծառայության վայր: Ու եթե շատերի համար պատերազմն ավարտվում էր հրադադար հայտարարած օրը, ապա Սասունի ու ծառայակից ընկերների համար այն շարունակվում էր, մինչև կգտնեին բոլոր անհայտ կորածներին։ Նրանք լավ էին հասկանում՝ վերջիններիս հարազատների համար մասունք գտնելը ծանր ու անվերջանալի թվացող սպասումից գերադասելի է։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերին հնարավորություն էր ընձեռվում իրականացնել ռազմագերիների և այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակում:

Սասունը պատմում է, որ որոնողական աշխատանքների ժամանակ առաջին անգամ դեմքով ճանաչեց հակառակորդին, որն ամեն կերպ խոչընդոտում էր մարտում ընկած տղաների մարմինների դուրսբերումը։ 

«Երբ որոնողական աշխատանքների ժամանակ զոհվածի մարմին էինք գտնում, ադրբեջանցիները սադրում էին մեզ՝ ռիթմիկ երաժշտություն էին միացնում, որ մի բան ասես, մի բան անես, և չեղարկեն աշխատանքները: Մենք դա շատ լավ էինք հասկանում և լուռ հանդուրժում էինք՝ հանուն մեր եղբայրների, որոնց մարմինները պիտի հասցնեինք իրենց մայրերին, կանանց, քույրերին…»

Վեց զինվորների վերադարձը 

44-օրյա պատերազմից 70 օր անց թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարար ծառայության ջոկատները ողջ մնացած 6 զինվորի հայտնաբերեցին և կարողացան դուրս բերել նրանց թշնամու թիկունքից։ 

«Այդ օրը մենք Թաղլար (Մեծ Թաղեր՝ խմբ.) գյուղում էինք: Նախապես գիտեինք, որ հնարավոր է՝ մոտակայքում ողջ մնացածներ լինեն, մարդ էինք ուղարկել այդ ուղղությամբ և արդեն գտել էինք նրանց։ Զոհվածների մարմինները բերեցինք Կարմիր Շուկայից ներքև՝ Շեխերի խաչմերուկ, որտեղ ադրբեջանցիների անցակետում ռուսները մեզ էին սպասում։ Մեզ հետ եկած ռուսների վերադասին ասացինք, որ այսպիսի բան կա, որ այսինչ տեղում մարդիկ են գտնվել՝ ողջ, ուզում ենք գնալ այդ ուղղությամբ: Նա մեր հրամանատարի՝ Մեխակ Արզումանյանի հետ կազմակերպեց այդ գործը: Ու գնացինք ողջ մնացած տղաներին բերելու: Դա ուրիշ տեսակ ուրախություն էր․․․» 

Հայրերը փրկարարների կողքին

Շատ հաճախ անհայտ կորած զինվորների հայրերը փրկարարների հետ միասին մասնակցել են որոնողական աշխատանքներին։ Դա լրացուցիչ ռիսկ ու պատասխանատվություն էր, բայց չէին կարող նրանց մերժել։ 

«Որ գնում ես թշնամու կողմը, չգիտես՝ քեզ հետ ինչ ու ոնց կլինի: Հետն էլ ծնողը հնարավոր է էմոցիայի տակ մի այնպիսի բան անի, որ այդ օրը գործը շատ վատ ավարտ ունենա: Դրա համար միշտ նախօրոք իրենց հետ խոսում էինք, որ ուր էլ գնանք, մեզ հետ եք գալիս, ինչ էլ անելու լինեք, մեզնից հարցրեք, ամեն ինչ պայմանավորվում էինք, հետո գնում,- պատմում է Սասուն Բաբայանը ու հիշում մի դեպք, երբ ծնողը ժամացույցով ճանաչել է որդուն: – Մի ծնող կար մեզ հետ, եթե սուտ չլինի, մի 10 օրից ավելի հետներս եկել էր որոնողական աշխատանքների: Վերջում գնացինք գտանք իր որդուն: Շատ ծանր էր, երբ ծնողն իր զոհված որդու գրպանից հանում է ժամացույցն ու ասում՝ սա երեխաս է… Այդ ժամանակ մարմիններն արդեն անճանաչելի էին, բայց ծնողն իր որդուն ճանաչեց…»

Փրկարարի աշխատանքը`անհրաժեշտություն 

Փրկարարները Արցախը լքած ամենավերջին մարդկանցից էին: Սասունենց խումբը մինչև հոկտեմբերի 3-ը շարունակում էր աշխատել Ստեփանակերտում՝ դռնեդուռ ծեծելով և համոզվելով, որ բոլորը դուրս են եկել: 

Պատմում է, որ մի քանի տասնյակ մարդ, որոնք նախընտրեցին մնալ իրենց տներում, հետագայում դուրս եկան Կարմիր խաչի օգնությամբ։ Այսօր Արցախում մնում է մոտավորապես 20 մարդ:

Սասուն Բաբայանը իր ծառայակից ընկերներից շատերի նման այսօր առանց հիմնական աշխատանքի է։ Սկզբում հույս ունեին, որ Հայաստանում հնարավոր կլինի արցախցի փրկարարներով խումբ հավաքել և միասին աշխատել, սակայն չստացվեց։ ԱԻՆ-ն առաջարկեց աշխատել կառույցի տարբեր ստորաբաժիններում։ Բայց ցածր աշխատավարձերը, մյուս կողմից էլ՝ բնակարանների վարձակալության բարձր գները ստիպում են Սասունին և մյուս արցախցի փրկարարներին առայժմ հրաժարվել սիրելի աշխատանքից և այլ աշխատանք փնտրել։

Տաթևիկ Խաչատրյան

MediaLab.am

The post Որոնելով ողջերին և զոհվածներին. 4 պատմություն Արցախի փրկարարների մասին. Սասուն Բաբայանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.