ru24.pro
World News
Сентябрь
2024

Դատելով ընթացիկ քաղաքական զարգացումներից՝ ՔՊ ներկայացուցիչները դեմ են քվեարկելու եվրաքվեի օրակարգին. Արտաշես Խալաթյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը

– Պարո՛ն Խալաթյան, սույն թվականի սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Ի՞նչ է սա ենթադրում, ու ի՞նչ գործընթացներ պետք է հետևեն դրան։

– Խոսքը վերաբերում է քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ ներկայացնելուն, որի համար պետք է առնվազն 50 000 ընտրողի ձայն, որից հետո հարցը քննարկվում է խորհրդարանում, ու եթե խորհրդարանը մերժում է օրենքի ընդունումը, ապա ևս 300 000 ընտրողի ձայն հավաքելու պարագայում հարցն արդեն դրվում է հանրաքվեի։ Այսինքն՝ հարցը առաջին փուլով էլ կարող է լուծվել, եթե խորհրդարանն օրենքը ընդունի, ինչը կպարտադրի գործադիրին դիմել ԵՄ անդամակցության հայտով, բայց դատելով ընթացիկ քաղաքական զարգացումներից, ՔՊ ներկայացուցիչներն ավելի շուտ դեմ են քվեարկելու այդ նախագծին։ 

Օրենքն ասում է, որ հանրաքվեին առնվազն 25% ընտրողների մասնակցության պարագայում՝ մասնակցածների կեսից ավելի կողմ ձայների պարագայում հանրաքվեով այդ հարցը կլուծվի, այսինքն՝ ընթացակարգը սա է։ Ես կարծում եմ, որ 50 000 ձայն հավաքելն այս փուլում ավելի քան իրատեսական է, իսկ մնացյալն արդեն ընթացիկ ու գուցե նաև արտաքին աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված կլինի։ 

– Այսինքն՝ փաստաթղթերը հիմա ԿԸՀ-ում են, ու քաղաքացիները պետք է գնան քվեարկությա՞ն, ինչպես դա արվում է ընտրական գործընթացների ժամանակ։

– Համապատասխանաբար տեղական ինքնակառավարման մարմիններում են դրվելու այդ ցուցակները, մարդիկ գալու են, և ինչ-որ առումով, այո՛, ընտրական գործընթացի է նման, ուղղակի գաղտնիության պահը չկա այստեղ, որովհետև սա հանրաքվե չէ, ստորագրահավաք է, ու լինելու է բաց գործընթաց։ Օրենսդրությունը համապատասխան երաշխիքներ է սահմանում թե՛ ստորագրությունների նույնականացման, թե՛ ձևական որոշակի պահանջներ է սահմանում, որպեսզի հնարավոր լինի նույնականացնել ստորագրողներին։ 

– Փաստորեն, ստորագրահավաքից հետո երկրորդ փուլը նախագիծը խորհրդարանում քվեարկության դնե՞լն է։

– Այո՛, քաղաքացիական նախաձեռնության կարգով խորհրդարան ներկայացված օրինագիծը պետք է անցնի օրենսդրական գործընթացի համապատասխան ընթացակարգ, որից հետո դրվում է քվեարկության՝ երկու ընթերցմամբ։ Նախաձեռնությունը 45 օրվա ընթացքում պետք է 50 000 ձայն հավաքի, հետո գնա խորհրդարան, եթե խորհրդարանը նախագիծը մերժում է, ապա դրանից հետո 60 օրվա ընթացքում ևս 300 000 ձայն պետք է հավաքեն, որ հարցը դրվի հանրաքվեի։ 

– Ձեր խոսքում ասացիք, որ այդքան էլ վստահ չեք, թե իշխող խմբակցությունը կողմ կքվեարկի նախաձեռնությանը, որտեղի՞ց այդ անվստահությունը, պարո՛ն Խալաթյան։

– Որովհետև, ըստ էության, նրանք որդեգրել են, ինչպես վարչապետը քանիցս նշել է, բալանսավորման քաղաքականություն, այսինքն՝ խոսվել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին, այլ ոչ թե որոշակի ռազմավարական ուղենիշային շրջադարձի, այսինքն՝ որևէ դոմինանտ ռազմավարական թիրախ չկա վեկտորի ուղղությամբ, ու փորձ է արվում պարզապես թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, բայց խոսք չի գնում վեկտորալ փոփոխության կամ շրջադարձի մասին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը այս պահին գոնե ապավինում է ոչ բլոկային քաղաքականությանը։ Այստեղ չնայած կա հակասություն, որովհետև Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, դե յուրե՝ ՀԱՊԿ-ի անդամ, այսինքն՝ առնվազն այդ բլոկներից դուրս գալը պետք է լինի կառավարության օրակարգում, եթե ոչ անդամակցություն այլ բլոկի։ 

– Բայց իշխող ուժն անընդհատ հայտարարում է ԵՄ գնալու մասով իր պատրաստակամության մասին, վստահություն չե՞ն ներշնչում այդ հայտարարությունները։

– Իշխող ուժն ըստ էության ԵՄ-ին անդամակցելու հստակ ծրագիր չի ներկայացրել, խոսքը եվրաինտեգրման խորացման մասին է, այո՛, այնքանով, որքանով թուլացվում է Ռուսաստանի ազդեցությունը, դրա տեղը դատարկ չի մնում, այո՛, կա եվրաինտեգրման ուղղությամբ որոշակի սերտացման հստակ միտում, բայց դա ԵՄ-ին անդամակցելու գործընթաց չէ՝ որպես այդպիսին։ Ինստիտուցիոնալ առումով՝ իշխանությունը հստակ չի արտահայտվել, որ ունի ԵՄ-ի անդամակցման ծրագիր՝ հստակ ժամկետներով ու ռազմավարությամբ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Դատելով ընթացիկ քաղաքական զարգացումներից՝ ՔՊ ներկայացուցիչները դեմ են քվեարկելու եվրաքվեի օրակարգին. Արտաշես Խալաթյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.