ru24.pro
World News
Сентябрь
2024

«Ապրելով բռնության մեջ՝ գրում էի բանաստեղծություններ սիրո մասին, երևի նրանից էր, որ մեր տանը երբեք սեր չէի տեսել»․ Արփի Գրիգորյան 

0

«Բարև, ես Արփին եմ ու իմ էջում խոսում եմ բռնության ու բոլոր էն հիվանդ երևույթների մասին, որ կան մեր հասարակությունում, ու որոնց մասին չեն խոսում». ահա այսպես է ինստագրամյան իր տեսանյութերից մեկը սկսում Արփի Գրիգորյանը, որն իր հազարավոր հետևորդների շրջանում պարբերաբար խոսում է բռնության, գիշերօթիկ դպրոցում անցկացրած իր տարիների, կարծրատիպերի և դրանց դեմ պայքարի մասին։

Թեև անընդհատ եկող բացասական մեկնաբանություններին և արձագանքներին՝ Արփին շարունակում է բարձրաձայնել խնդրահարույց այն երևույթները, որոնց մասին շատերը նախընտրում են լռել: Ասում է՝ այդկերպ կարողանում է օգնել դժվարին իրավիճակներում գտնվող շատ մարդկանց, հատկապես կանանց ու աղջիկների, որոնցից շատերը, օրինակ, առաջին անգամ են տեղեկանում, որ այն, ինչ  իրենց հետ կատարվել է, բռնություն է։ 

«Առաջին տեսանյութս, որ բռնության մասին էր, այդքան էլ շատ դիտումներ չհավաքեց, բայց ամեն տեսանյութից հետո ավելի ու ավելի շատ մարդիկ էին ինձ սկսում հետևել։ Բազմաթիվ նամակներ էի ստանում այն մասին, որ այն, ինչ իրենց հետ կատարվել է, բռնություն է, բայց իրենք նոր են այդ մասին իմանում։ Շատերն անգամ գրում էին և օգնություն խնդրում ինձանից։

Քիչ չեն նաև մարդիկ, որ աբսուրդային մեկնաբանություններ են թողնում մինչև օրս։ Գրում են՝ իսկ ի՞նչ էիք արել, որ ձեզ ծեծել են, կամ դա նորմալ ա, բա պիտի ծեծեն և այլն։ Չէ՛, դա նորմալ չի, և ես կարծում եմ, որ պիտի խոսել, որ նորմալ չդառնա»,- «Մեդիալաբին» պատմում է 23-ամյա Արփի Գրիգորյանը: 

Ընտանեկան բռնության դեմ պայքարն Արփիի համար կարևոր է, քանի որ ինքն էլ ինչ-որ ժամանակ անցել է այդ ծանր շղթայի միջով: 

«Հիշում եմ, թե ինչպես էր հայրս խմում ու ծեծում ինձ, քրոջս և երկու եղբայրներիս։ Հիմա՝ այդ դեպքերից մոտ 10 և ավելի տարի անց, դեռ ցավ եմ զգում մարմնիս այն հատվածներում, որտեղ աթոռով կամ ոտքով հարվածներ եմ ստացել։ 

20 տարեկան էի, երբ հեռացա Հայաստանից վախի, անհանգստության ու տագնապի զգացողություններով, մտածելով, որ էլ երբեք չեմ վերադառնա, բայց Գերմանիայում ինձ վրա աշխատելուց և ավելի ուժեղ դառնալուց հետո որոշեցի կարճ ժամանակով վերադառնալ։

Ցավոք, երբ վերադարձա, այստեղ տեսա, որ մարդիկ դեռ շարունակում են քննադատել բռնության ենթարկվողին և արդարացնել բռնարարին, որոշեցի, որ պիտի խոսեմ»,- «Մեդիալաբին» պատմում է նա։ 

Արփին Աբովյան քաղաքից է, սակայն ընտանիքի հաճախակի տեղափոխությունների պատճառով բազմաթիվ բնակավայրեր է փոխել՝ ապրելով Հայաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում, սահմանամերձ բնակավայրերում:

«Ամեն տեղափոխության ժամանակ ներքուստ ուրախանում էի, մտածում՝ նոր տեղ ենք գնում, որտեղ մեզ չեն ճանաչում, կյանքը նորից կսկսենք, բայց, ցավոք, ամեն ինչ կրկնվում էր, և կարճ ժամանակ անց բոլորն իմանում էին մեր ընտանիքի մասին․․․»։ 

Արփին ասում է՝ ապրելով բռնության և ճնշումների ներքո, բանաստեղծություններ էր գրում ամենափոքրիկ երևույթների մասին, որ ուրախություն էին պատճառում իրեն։ Ու թեև այդ պահին չէր գիտակցում, բայց գրելն իր համար տաքուկ անկյուն էր ստեղծել, որ օգնում էր շարունակել կյանքը։

«Գրում էի ամենապարզ բաների մասին, որ հանդիպում էին կյանքումս։ Օրինակ՝ այն մասին, թե ինչպես է տատիկը սիրում իր թոռնիկին։ Շատ էի սիրում, երբ ուրիշները սիրում էին իրար, ու գրում էի այդ մասին։ Դա էլ երևի նրանից էր, որ մեր տանը երբեք սեր չէի տեսել, հենց դա էի փնտրում դրսում։ Ապրելով բռնության մեջ՝ գրում էի բանաստեղծություններ սիրո մասին»։ 

Արփին ասում է՝ թեև իր մեջ եղած սիրուն և լույսին, շատ բան խամրեց, երբ Բյուրեղավան տեղափոխությունից հետո ծնողները որոշեցին իրեն և եղբորը Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց տեղափոխել։ 

«Եղբայրս խոսքի հետ կապված խնդիրներ ուներ, իսկ այդ դպրոցում լոգոպեդ կար, որ կարող էր անվճար աշխատել նրա հետ, բայց երբ եղբայրս ընդունվեց, մյուս երեխաները սկսեցին նրան նեղացնել, և ծնողներս որոշեցին ինձ որպես պաշտպան ևս նույն դպրոց տեղափոխել: Հետո եղբորս էլի տեղափոխեցին, ու ես մեկ տարի մնացի այդ դպրոցում մենակ….»- պատմում է Արփին ու խոսելիս վերհիշում ապրածը գիշերօթիկ դպրոցում։ 

Արփին նշում է՝ գիշերօթիկ դպրոցին զուգահեռ, այնտեղի սաները հաճախում էին նաև հանրակրթական դպրոց, որտեղ մուտք գործելուն պես բախվում էին կարծրատիպերի և հասարակական ճնշումների։ 

«Դպրոցում մենք խտրականության էինք ենթարկվում միայն այն պատճառով, որ «գիշերօթիկցի» էինք համարվում։ Երեխաները մեզ հետ գրեթե չէին շփվում, որովհետև կարծում էին, թե գիշերօթիկ դպրոցում սովորում են վատ վարքի տեր աղջիկներ ու տղաներ։ Դա ոնց որ ինչ-որ սև բիծ լիներ մեզ վրա, իսկ երբ դասարանում ինչ-որ բան էր կորչում, առաջինը մեզ էին կասկածում։ 

Հիշում եմ, թե ինչպես էր ուսուցիչներից մեկն ինձ համոզում, որ խոստովանեմ գողության մասին, որը չէի արել։ Ասում էր, որ եթե իրեն պատմեմ արածս, խոստանում է որևէ մեկին չասել այդ մասին»,- պատմում է Արփին և հավելում՝ դեռ վաղ տարիքից ընտանիքին օգնելու, ապա նաև ինքն իր կարիքները հոգալու նպատակով աշխատում էր, իսկ 18 տարեկանից սկսեց նաև առանձին ապրել։ 

«Ամենօրյա աղմուկի մեջ միայն մի քանի ժամ էի քնում, իսկ մնացած ողջ ժամանակը տրամադրում էի ուսմանն ու ինքնակրթությանը։ Անդադար կարդում էի ու գրում։ Որոշել էի համալսարան ընդունվել և դրա համար անվերջ պարապում էի, բայց ինչ-որ պահի հասկացա, որ գլխումս ամեն ինչ կարծես պատերազմի է վերածվել․․․»։ 

Թեև Արփին ընդունվում է համալսարան, այնուամենայնիվ, որոշում է տեղափոխվել Գերմանիա՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու:

«Ես սովորում էի հոգեբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում, բայց որոշեցի դուրս գալ, որովհետև հասկացա, որ դա այն չէր, ինչ ես էի ուզում: Ես հասկացա, որ Հայաստանում ինձ պահող այլևս ոչինչ չունեմ, ուզում էի միայն գնալ և փնտրում էի Հայաստանից հեռանալու տարբերակներ:

Բացեցի ֆեյսբուքյան էջս, էնտեղ գրված էր՝ ուզո՞ւմ ես Գերմանիա գնալ, մտքումս ասացի՝ իսկ ինչու ոչ։ Դա միջմշակութային փոխանակման ծրագիր էր: Դիմեցի և գնացի Գերմանիայի Լայպցիգ քաղաք»։ 

Շնորհիվ լեզուների իմացության, Արփին կարողանում է արագ աշխատանք գտնել և հաստատվել Գերմանիայում։ 

«Հիմա ես աշխատում եմ Լայպցիգ քաղաքի սոցիալ-մշակութային կենտրոնում, որտեղ փախստականներին գերմաներեն եմ սովորեցնում և մյուս լեզուների իմացությանս շնորհիվ տարբեր ազգության մարդկանց հետ ավելի հեշտ եմ հաղորդակցվում։

Շարունակելով նաև ճանապարհս երաժշտության ոլորտում՝ Լայպցիգում վոկալ եմ դասավանդում ու նաև ստեղծել եմ հայկական երգչախումբ։ Ակտիվ համայնքային կյանք եմ վարում, ներգրավված եմ երիտասարդական բազմաթիվ նախագծերում և այլն»,- պատմում է Արփին և նշում՝ հեռանալուց 3 տարի անց, այնուամենայնիվ, որոշեց Հայաստան այցելել։

«Առաջինը Աբովյանի մեր տուն գնացի, բայց տան դուռը փակ էր, և էնտեղ ոչ ոք չկար։ Երբ 18-ում հեռացել էի տանից, ինձ համար շատ դժվար էր, բայց կապը ընտանիքիս հետ կտրել էի:

Եվ այդ ամենից հետո, երբ սկսեցի Ինստագրամում իմ առօրյա կյանքով կիսվել, ինչ-որ անծանոթ մարդիկ սկսեցին ինձ մեղադրել և նկարներիս տակ գրել՝ ընտանիքդ ուրացել ես, ուրախ-զվարթ ման ես գալիս և այլն։ Բայց միայն ես գիտեի, թե ինչքան էի տանջվել՝ կառուցելու համար այն կյանքը, որն այսօր ունեմ»։ 

Արփիի խոսքով՝ թեև տեսանյութեր նկարելու համարձակություն է ձեռք բերել, այնուամենայնիվ, տեսախցիկի առաջ երբեմն դժվարությամբ է խոսում իր հետ տեղի ունեցածի մասին։ 

«Ինձ հետ պատահած բռնության մասին խոսելիս տեսախցիկի առաջ լարվում եմ, մարմնովս դող է անցնում։ Հիշում եմ՝ մեկ օրում 3-4 տեսանյութ տեղադրեցի, որտեղ պատմում էի էդ ամենի մասին, ու ոնց որ շունչս կտրվեր․․․ շատ բարդ է, բայց բռնության մասին պիտի խոսեն հենց բռնության ենթարկվածները»,- ասում է Արփին՝ նշելով, որ անկախ կրած դժվարություններից, իր ներսում լույս կա, որ երբեք չի մարում։

«Իմ անցած ողջ ճանապարհն ինձ ավելի ուժեղ է դարձրել։ Ես փոքր Արփիի նկարը դրել եմ հեռախոսիս էկրանին և խոստացել եմ նրան, որ նա էլ երբեք չի տեսնելու այն, ինչ տեսել է։ Ես նրա համար եմ պայքարում։

Իմ ներսում լույս կա, որ ինձ օգնում է ապրել ու նաև փոխել միջավայրս, որում ապրում եմ»,- ասում է Արփի Գրիգորյանը։

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյանի

MediaLab.am

The post «Ապրելով բռնության մեջ՝ գրում էի բանաստեղծություններ սիրո մասին, երևի նրանից էր, որ մեր տանը երբեք սեր չէի տեսել»․ Արփի Գրիգորյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.