Ես վերին արտի ցորե՞նն եմ, որ ինձ համար հանրային պաշտպանը պետք է պարտադիր գա, երբ ես երկու պաշտպան ունեմ. Թովմասյանը՝ դատավորին
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Չնայած՝ աշխատանքային օրն ավարտվել է, դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը պաշտպանական ճառն արտասանի:
Նախ պաշտպանական ճառն արդեն ավարտել էր հանրային պաշտպան Զոյա Սակովան: Վերջինս ճառը կարդալուց հետո միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը թույլ տա՝ չմասնակցել այլևս Թովմասյանի գործով դատական նիստերին, քանի որ ամիսներ առաջ կան պայմանավորված բավականին շատ նիստեր, որոնց ինքը պետք է մասնակցի:
Սակայն Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց նրան՝ բացակայելու այս գործով նիստերից: Դրա առիթով դժգոհություն արտահայտեց Հրայր Թովմասյանը:
«Հարգելի՛ դատավոր, իմ պատճառով այս երկրում ով ասես տուժել է, հիմա ինչի՞ եք պարտադրում, որ տիկին Սակովայի մյուս պաշտպանյալները տուժեն: Թույլատրե՛ք, թող չգա, եղել է չէ՞, որ իմ մի պաշտպանի մասնակցությունը բավարար է եղել նիստը շարունակելու: Ինչի՞ որոշեցիք, որ պարտադիր հենց պետք է տիկին Սակովան ներկա լինի»,-ասաց Թովմասյանը:
Գրիգորյանն արձագանքեց, որ հիմա դատարանը նման որոշում է կայացրել:
«Մինչև պարոն Մակեյանի հետ իմ պայմանագրի խզումը, ես ունեցել եմ երեք պաշտպան, և Դուք երեբեք նման հարց չեք բարձրացրել , թե ուր է երրորդ պաշտպանը, նույնիսկ հարց չեք բարձրացրել, թե ուր է երկրորդ պաշտպանը: Հիմա ինչո՞վ է պայմանավորված, որ Դուք երբ տիկին Սակովան ասում է՝ 2 ամիս առաջ ունի պայմանավորված դատեր, թույլ չեք տալիս բացակայելու: Ես վերին արտի ցորե՞նն եմ, որ ինձ համար պետք է գա, երբ ես երկու պաշտպան ունեմ»,-ասաց Թովմասյանը:
Դատավորն այդուհանդերձ Թովմասյանին ասաց՝ ներկայացնել իր ճառը:
«Ինձ ժամանակ տվեք, որ ես գնամ ճառը վերցնեմ և գամ, ես չեմ վերցրել ճառը, պետք է տպեմ՝ գամ»,- ասաց Թովմասյանը:
Ի պատասխան՝ դատավորն ասաց. «Խնդիր չի տեսնում դատարանը, աշխատանքային ժամն ավարտվել է, բայց ամեն դեպքում՝ ընդմիջում 30 րոպե»:
Ընդմիջումից հետո դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի սեպտեմբերի 11-ին: