ru24.pro
World News
Сентябрь
2024

ՀՀ-ն իր երեխաներին է զոհել ԼՂ-ի համար, կտրել է իր բյուջեից ու ապահովել ԼՂ գոյությունը. Ալեն Սիմոնյան

0

Այսօրվա իշխանությունը Լեռնային Ղարաբաղի համար արել է այնքան, ինչքան չի արել ՀՀ ոչ մի իշխանություն, դրանից հետո տեղի է ունեցել դավադիր պատերազմ, որի կազմակերպիչներն ու դրդողները բոլորին հայտնի են: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Արցախի հարցում ներկա իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներին:

«Արցախցի պաշտոնյաներն ընդունել են լուծարման որոշումը, նոր միայն զանգել ու տեղյակ պահել մեզ դրա մասին: Քննարկում չի եղել, չեն զանգել ու ասել՝ ի՞նչ եք կարծում, ո՞նց եք վերաբերվում: Մեր կողմից եղել է մի խնդրանք-պահանջ. տեքստի մեջ եղել է իրողության հետ կապ չունեցող հիշատակում ՀՀ-ի վերաբերյալ, որպես ՀՀ իշխանություն մենք պահանջել ենք, որ դա դուրս գա: Այո ՀՀ-ում գոյություն չունի Արցախի նախագահ, արցախցի պաշտոնյաներ, իրենք իրենց որոշումով դադարեցրել են իրենց լիազորությունները»,- ասաց նա:

Լրագրողի հարցին՝ ինչ այլընտրանք էին իրենք առաջարկում՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Սիմոնյանն ասաց.

«ՀՀ-ն առաջարկել էր իր այլընտրանքը, ՀՀ-ն իր երեխաներին զոհել է, մեր երեխաները գնացել զոհվել են, ՀՀ-ն կտրել է իր պետության բյուջեից, ապահովել է ԼՂ գոյությունը՝ աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ և այլն: Դուք չե՞ք հասկանում, որ նպատակը եղել է ՀՀ-ի վրա հարձակումը, ՀՀ-ն գրավելն ու ոչնչացնելը: Հասկանո՞ւմ եք, որ վերջին սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ նպատակ է եղել ՀՀ տարածքը գրավելը, ՀՀ-ի գոյությունը վերացնելն ու բռնակցելը միութենական որևէ կառույցի: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները պետք է մտնեին այդ խաղի մե՞ջ։ Այո՛, կայացվել է շատ ծանր որոշում, որ հարձակում է եղել ԼՂ-ի վրա, բնակչությունը ստիպված է եղել լքել, բայց այդ որոշման գինը ՀՀ-ն էր»:

Անդրադառնալով Իրանի վերջին հայտարարություններին՝ հարգելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, ու այն հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիա կիրառվի ՀՀ նկատմամբ, ԱԺ նախագահն ասաց.

«Ես մշտապես կարծում եմ, որ Ադրբեջանը հնարավոր է ագրեսիա կիրառի ՀՀ-ի նկատմամբ, ու մշտապես այդ տրամաբանությամբ եմ շարժվում: Իսկ Իրանի այդ հայտարարությունները շատ կարևոր են ու դա միայն ողջունելի է»: