ru24.pro
World News
Сентябрь
2024

«Կարոտով» ցուցահանդես–վաճառք՝ ի աջակցություն ապագա կլինիկական դեղագետների (լուսանկարներ)

0

Սեպտեմբերի 13–ին՝ 19:00–ին Դալան Ցուցասրահում տեղի կունենա նկարիչ Պետո Պողոսյանի և «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի կողմից ներկայացված «Կարոտով» խորագրով ցուցադրություն–վաճառքի բացումը:

Կրթաբժշկական այս հիմնադրամը կրում է կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Մելիքսեթյանի անունը, ով հերոսաբար զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում: Նույն տեղում է ծառայել նաև Պետո Պողոսյանը:

«Կարոտով» ցուցադրությունը Պետոյի մի շարք ջերմ, մտերմիկ գործերի համահավաք խճանկար է՝ նկարչի հետպատերազմյան շրջանի շուրջ 20 աշխատանքներով։

Գործերի վաճառքից ստացված հասույթի մի մասը ուղղվելու է Վահե Մելիքսեթյան հիմնադրամին՝ ի աջակցություն Վահեի գործը շարունակող ապագա կլինիկական դեղագետների:

Ցուցադրությունը Դալան Ցուցասրահում հասանելի կլինի մինչև սեպտեմբերի 15–ը ներառյալ։ Աշխատանքային ժամեր՝ 10:00–23:00:

Պետո Պողոսյանն իր ջրաներկ աշխատանքներով ներկայացել է տարբեր հեղինակավոր միջազգայաին ցուցադրությունների և բիենալեների, այդ թվում Շանհայի միջազգային բիենալեն (2011թ.), Շենզենի միջազգային բիենալեն (2013թ.), ԱՄՆ ազգային ջրաներկի ասոցիացիայի միջազգային ցուցադրություն (2015թ.), «Ջրաներկի վարպետներ» հրավիրյալ միջազգային ցուցահանդես (Սանկտ-Պետերբուրգ, 2017թ.), Ջրաներկի Միջազգային Վարպետների Ալյանս, Բրոնզե մրցանակ (Չինաստան, 2022թ․), և այլն: Պետոն աշխատում է ջրաներկով՝ համադրելով չոր վրձնահարվածը խոնավ մակերեսի հետ: Նա փորձում է դուրս բերել «հատուկ»–ն ու «արտասովոր»–ը առօրեական, սովորական թվացող տեսարանից:

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին Վահեի մասնագիտական երազանքը կյանքի կոչելու համար և նրա առաքելությունն է ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացումը: Անցած 3 տարիների ընթացքում հիմնադրամը 57 շահառուների ավելի քան 23 մլն դրամի կրթաթոշակ, ուսման վարձավճար, կրթական գրանտ և վերապատրաստման գումար է տրամադրել: