Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հսկողությունը մասնավորին տալը չի խախտի ՀՀ ինքնիշխանությունը. Ալեն Սիմոնյան
Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հաձնելը դեռ համաձայնեցված չէ, որոշումներ կայացված չեն և միայն խոսակցություններ են։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ միաժամանակ շեշտելով, որ դա չի խախտի Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ ամեն ինչ ընթանալու է Հայաստանի օրենքների շրջանակներում, ՀՀ դրոշի ներքո։
Որպես օրինակ՝ Սիմոնյանը հիշեցրեց, որ այսօր Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահներ են կանգնած և այդ հարցում էլ մտածելու բան կա։
«Բայց, այնուամենայնիվ, սա առաջարկ է, որը քննարկման փուլում է»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` բոլոր կետերն այժմ քննարկվում են հայելային ձևաչափով։
«Նման փորձ՝ հանձնելու որևիցէ այլ կազմակերպության, կա և գոյություն ունի։ Եթե նման բան տեղի ունենա, դա լինելու է ՀՀ օրենսդրությանը համապատասխան»,- ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով՝ տրամաբանական և շատ ավելի հարմարավետ կլինի, որ զննումներ իրականացնի որևէ երրորդ կողմը, քանի որ մի քանի տարի է, ինչ ավարտվել է հակամարտության «տաք փուլը»։