«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված բոլոր երազներն ու պատրանքները երբեք իրականություն չեն դառնա. Իրանի դեսպան
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, հերթական անգամ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանը, վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը, որ վերջինս դեմ չէ ապաշրջափակմանը, սակայն վստահ է, որ դա պետք է տեղի ունենա երկրների ազգային և պետական ինքնիշխանության ներքո։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման դիրքորոշում է հայտնել՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների հնարավոր բացման և դրանց նկատմամբ վերահսկողության վերաբերյալ հարցին։
«Ապաշրջափակման խնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը լիովին պարզ և ակնհայտ է։ Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, սակայն մենք վստահ ենք, որ ապաշրջափակման շրջանակում բոլոր գործողությունները պետք է տեղի ունենան ազգային և պետական ինքնիշխանության ներքո։ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված բոլոր երազներն ու պատրանքները երբեք իրականություն չեն դառնա», – ընդգծել է Սոբհանին։
Անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին ապաշրջափակման համատեքստում քննարկվում է այդ ուղիների նկատմամբ երրորդ երկրներին վերահսկողություն տալու հնարավորություններին՝ Իրանի դեսպանը նշել է, որ սրա վերաբերյալ Հայաստանի կառավարությունն իր դիրքորոշումը շատ հստակորեն արտահայտել է։
«Մենք վստահ ենք, որ բոլոր վերահսկումները պետք է ամբողջապես լինեն Հայաստանի կառավարության և վերջինիս ինքնիշխանության ներքո», – շեշտել է Մեհդի Սոբհանին։
Դեսպանը հայտարարել է, որ հիմա ոչ թե 19-րդ, այլ 21-րդ դարն է, և երկրներն ունեն անկախություն, ինքնիշխանություն և իրացնում են այդ իրավունքը։
The post «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված բոլոր երազներն ու պատրանքները երբեք իրականություն չեն դառնա. Իրանի դեսպան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.