Ավելի հավանական է արցախահայերի վերադարձի սցենարների մասին խոսելը, քան բուն Արցախի՝ տարածքի վերադարձի. Կարապետյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրն էր, հիմա այս օրվա խորհուրդը ո՞րն է, ու սպասելի՞ էր, որ կգա մի օր, երբ այս տոնը կլինի, բայց Արցախը՝ ոչ։
– Այն, որ կոնֆլիկտը հանգուցալուծված չէր, որքան էլ Արցախն իր անկախությունը հռչակել էր, ու պետականության հետ կապված բոլոր ատրիբուտները կային, բայց մենք հիշում ենք, որ Ադրբեջանը մշտապես խոսում էր, թեկուզև ռազմական ճանապարհով, Արցախը հետ բերելու մասին ու սպառնում էր, այսինքն՝ այնպես չէր, որ այդ հարցն Ադրբեջանի համար փակված էր ու նա հաշտ էր այդ իրողության հետ։ Ու մեր կողմից քաղաքական ոտաբոբիկություն էր, որ մենք դիտարկում էինք, թե մենք պաշտպանված ենք, խնդիր չունենք, արխայինություն կար մեզանում, որն այսօր մեզ արհավիրքի ու փորձանքի առաջ կանգնեցրեց։
Ունեինք դիվանագիտական մեծ հնարավորություններ հարցը մեր օգտին լուծելու համար, իհարկե ժամանակը ցույց տվեց, որ մենք դա չարեցինք ու այսօր ունենք ամբողջովին հայաթափված Արցախ։ 2022 թվականին Պրահայում հայտնի հայտարարությունից հետո, որով այս իշխանությունը Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժանելի մաս, գամը դրվեց պետականության ու Արցախի դագաղի վրա։ Արցախի կորուստը եղել է քաղաքական որոշումների, ներքին համաձայնությունների հետևանք։
– Այս օրերին, բնականաբար, այդ խոսակցություններն ավելի են սրվում, բայց այլ առիթներով էլ Հայաստանի ներսում մի խումբը պնդում է, թե Արցախ վերադառնալը կամ Արցախը վերադարձնելն ավելի քան իրատեսական է, մի մասն էլ նշում է, թե գոնե մոտ ապագայում դա անհնար է։ Ձեր դիտարկումներն այս հարցի առնչությամբ ինչպիսի՞ն են։
– Ռացիոնալ վերլուծությունն այսօր հստակ ասում է, որ ֆիզիկապես, այսինքն՝ ռազմական ճանապարհով Արցախը վերադարձնելու մասին խոսք չի կարող լինել, մանավանդ որ ունենք նման իշխանություն, որը սեփական տարածքային ամբողջականությունը, անձեռնմխելիությունն ու սահմանների անխախտելիությունը չի կարող ապահովել, ընդհանրապես կամազուրկ է, Արցախն ընդհանրապես չի ճանաչում հայրենիքի մաս։
Ինչ վերաբերում է ձեր հարցի իրավաբանական, դիվանագիտական կողմին, ապա ասեմ, որ անկախ նման վերջնարդյունքից, ֆիզիկապես վերջնարդյունքից, Արցախի հարցը, թեման փակված չեն, Արցախի հակամարտությունը դեռևս լուծված չէ, որովհետև այս պահի դրությամբ միակ միջազգային պետական կառույցը, որը գործում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, որը կա, որքան էլ որ անգամ Հայաստանի իշխանությունները դրա մասին չեն ակնարկում, իսկ Բաքուն էլ խոսում է դրա լուծարման մասին։
Քանի կա Մինսկի խումբը, ուրեմն արցախյան հակամարտությունը դեռևս լուծված չէ, այսինքն՝ դիվանագիտական խոսույթով եթե ասենք, ապա խնդիրն առկա է այս պահին, ընդհանրապես դիվանագիտական բոլոր գործիքակազմերը դեռևս առկա են այդ համատեքստում գործելու։ Բայց էլի գալիս ենք այն տխուր կետին, որ այս պահին գործող իշխանությունը դրանով չի ուզում զբաղվել: Բայց քանի դեռ գոյություն ունի եռանախագահների հետ միավորումը ու այն չի կազմալուծվել, արցախյան կոնֆլիկտն առկա է, ու միջազգային հանրությունը, վերպետական կառույցները ընդունում են, որ արցախյան հակամարտությունը ամբողջությամբ լուծված չէ, առավելևս, երբ առկա է էթնիկ զտում։ Ավելի հավանական է արցախահայերի վերադարձի հավանական սցենարների մասին խոսելը, քան բուն Արցախի՝ աշխարհագրորեն Արցախի տարածքի վերադարձի։ Իսկ արցախահայության վերադարձի մասով էլ մենք գիտենք Ադրբեջանի պահանջները։
– Պարո՛ն Կարապետյան, այսինքն, այսօր, գործող իշխանության պաշտոնավարման ընթացքում անհնա՞ր է խոսել արցախյան հարցի, արցախահայության վերադարձի մասին:
– Բոլոր մեխանիզմները, որոնք ձեր ասած հարցերի համատեքստում կարելի է գործադրել, չեն գործադրվելու, մեխանիզմները չեն կիրառվելու։ Բայց հիշեցնեմ, որ մենք մեր Սահմանադրությամբ ունենք պարտավորություններ ու պատասխանատվություն արցախահայերի ու առհասարակ Արցախի հանդեպ, բայց դրանք չեն գործել ու չեն գործելու, որովհետև ներկա իշխանության համար այդ հարցը առհավետ փակված է։
-Նոր իշխանությունը ունի՞ ռեալ շանս ինչ-որ բան փոխելու Արցախի հարցով, թե ամեն բան մնալու է այնպես, ինչպես կա։
– Անելիքներն այսպես են․ պետք է գործադրվեն միջազգային բոլոր մեխանիզմներն ու գործիքակազմերը, նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության շրջանակներում բոլոր դրվագներն ու կետերը, որտեղ Ադրբեջանը պարտավորություն ունի: Հետ ենք գնալու նրան, որ կան Հաագայի դատարանի որոշումներ, որ պարտադրվելու են Ադրբեջանին կատարել։ Հայկական կողմը պաշտոնապես ներկայացնելու է պահանջներ, այդ թվում նաև՝ էթնիկ զտման ենթարկված հայերի վերադարձի ու նրանց անվտանգության մասով մեխանիզմների գործադրման։ Պետք է նաև հասկանանք նույն այդ տխրահռչակ ու լակմուսի թուղթ համարվող նոյեմբերի 9-ի հայտարարության չեղարկման մասը։
Առնվազն այս մի քանի քայլը պետք է անի նոր իշխանությունը, որոնք կառաջնորդվեն բացառապես ազգային ու պետական շահերով, այս առաջնահերթ գործոնները պետք է լինեն, էլ չեմ ասում, որ բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է լուծել ԼՂԻՄ տարածքի հետ կապված հարցերը, իսկ այդ մասով մենք ունենք բավականին իրավական հիմքեր։
Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, ապա ասեմ, որ այս պահին դեռևս Արցախի անշրջելի համարվող կործանման պատմությունը այս իշխանությունների դատավճիռն է լինելու, անհնար է, որ նման իրադարձություններն անհետևանք մնան գործող իշխանությունների համար, որքան էլ միջազգային խաղացողները, աշխարհաքաղաքական կենտրոնները իրենք են այս ամեն ինչի համատեքստում տվել իրենց հավանությունը։ Գալու է դրա ժամանակը, դատավճիռ լինելու է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ավելի հավանական է արցախահայերի վերադարձի սցենարների մասին խոսելը, քան բուն Արցախի՝ տարածքի վերադարձի. Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.