ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30

Մոսկվայի և Սուխումի հարաբերությունը լարվել են. ինչու են Աբխազիայում խոսում «առճակատման» մասին. RTVI

0

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից դադարեցրել է Աբխազիայի ուսուցիչներին, բժիշկներին և իրավապահներին սոցիալական վճարումները, ինչպես նաև այս տարի արդեն էլեկտրաէներգիան կվաճառի սովորական գնով։ Այս մասին հայտարարել է մասամբ ճանաչված հանրապետության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Շամբան։

RTVI-ն ծավալուն հոդվածով ներկայացրել է՝ ինչ է կատարվում երկու երկրների միջև և որոնք են լարվածության պատճառները:

Օգոստոսի 29-ին RESPUBLICA և Абхазский портал թելեգրամյան ալիքները հրապարակել են նյութեր, որոնք, ըստ նրանց, Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հանդիպման արձանագրությունների օրինակներն են։ Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին։

Տեքստը պարունակում էր չորս կետ. առաջինում ասվում է, որ Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կդադարեցնի ֆինանսական աջակցությունն Աբխազիային, եթե հանրապետությունը չվավերացնի տնտեսական գործերով դատական և արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին համաձայնագիրը, թույլ չտա ռուսական իրավաբանական անձանց ներդրումային ծրագրեր իրականացնել տարածաշրջանում և չվերացնի սահմանափակումները ռուս ներդրողների համար անշարժ գույքի շուկայում:

Երկրորդ պարբերությունում ասվում է, որ Ռուսաստանն աշնանը և ձմռանն Աբխազիային էլեկտրաէներգիա կվաճառի կոմերցիոն գնով։

Երրորդ պարբերությունը պարունակում է պայման, ըստ որի Սուխումը պարտավոր է մինչև սեպտեմբերի 20-ը տվյալներ տրամադրել աբխազական ընդդիմության՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող պատգամավորների և առաջնորդների մասին, որոնք գործում են «ի վնաս երկու երկրների շահերի», որպեսզի այնուհետև քննարկվի նրանց քաղաքացիությունից զրկելու հարցը։

Չորրորդ կետն այն է, որ երկու երկրների խորհրդարանների միջև շփումները նվազագույնի կհասցվեն աբխազական կողմի «ոչ կառուցողական դիրքորոշման» պատճառով։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԲԿ-ի հետ զրույցում հաստատել է, որ Ռուսաստանը դադարեցրել է սոցիալական վճարումներն Աբխազիային։ Նա նշել է, որ խոսքը ոչ թե հարաբերությունների սրման, այլ «ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման» մասին է։

Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան, որը հաստատել է Ռուսաստանից վճարումների դադարեցումը, ընդգծել է, որ չի կարող հաստատել համացանցում հայտնված փաստաթղթերի իսկությունը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Կոզակն ու Բժանիան հանդիպել են, իսկ Մոսկվան ու Սուխումը քննարկել են առաջին երկու կետերը։

Շամբան երկու երկրների հարաբերությունների ներկայիս վիճակը որակել է որպես «առճակատում»՝ հավելելով, որ «վերջին ժամանակներս շատ դժգոհություն է կուտակվել մեր դաշնակիցների շրջանում»։ Նրա խոսքով՝ այժմ պետք է բոլոր ջանքերը գործադրել իրավիճակը շտկելու համար։

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը RTVI-ին ասել է, որ երկու պետությունների խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հարցը լուծել նրանց հետ, ովքեր «լավը չեն ցանկանում ռուս-աբխազական հարաբերություններին»։ Նրա կարծիքով, այժմ երկրների միջև «ճեղք» է առաջացել, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն «չխորանա»։

Նրանց թվում, ովքեր «վտանգում են Ռուսաստանի և Աբխազիայի հատուկ հարաբերությունները», Զատուլինը անվանել է Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Կան Կվարչիային։ Նրա խոսքով՝ պատգամավորը «ծաղրում էր, որ ռուսական բանակն այնքան թույլ է, որ չի կարող գրավել Խարկովը», թեև «պետք է երախտապարտ լինի», որ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան։

«Այո, անվստահության պատճառներ կան։ Կան խոստումներ, որոնք անընդհատ, ամիս առ ամիս, տարեցտարի չեն կատարվում այն պարագայում, երբ Աբխազիայի բնակիչների մեծամասնությունը ոչ միայն Աբխազիայի, այլև Ռուսաստանի քաղաքացիներ են»,- նշել է Զատուլինը:

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Յուշչենկոն, որը, ինչպես և Զատուլինը, Պետդումայի՝ Աբխազիայի խորհրդարանի հետ հարաբերությունների խմբի անդամ է, RTVI-ին հաստատել է, որ Ռուսաստանը որոշել է դադարեցնել վճարումներն Աբխազիայի իշխանությունների դիրքորոշման պատճառով։

«Աբխազիայի բնակիչները շահագրգռված են Ռուսաստանի հետ փոխգործակցության խթանմամբ, ամրապնդմամբ և ընդլայնմամբ, բայց ոչ թե թելադրանքի, օլիգարխների, կառուցապատողների շահերի, այլ փոխադարձ համագործակցության և շահի պայմաններով: Ռուս-աբխազական հարաբերությունները Ֆորմուլա 1-ի մրցավազք չեն՝ մինչև վերջնագիծը 300 կմ արագությամբ: Սա շատ նեղ և գեղատեսիլ լեռնային ճանապարհ է՝ երկկողմանի երթևեկությամբ, որտեղ ցանկացած կտրուկ շրջադարձ կարող է երթևեկության մասնակիցներին գցել կովկասյան լեռնային կիրճ»,- ամփոփել է Յուշչենկոն։