Կանոնակարգով ՍԴ-ի քննությանն են տալիս ոչ թե որևէ տարածք զիջելու օրինականության հետ կապված հարցեր, այլ զուտ տեխնիկական հարցեր, սա «ական» է. սահմանադրագետ
Կառավարությունը հավանություն է տվել սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին, որը կուղարկվի Սահմանադրական դատարան՝ պարզելու արդյոք կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Մայր օրենքին։ ՍԴ-ի դրական որոշման դեպքում փաստաթուղթը կուղարկվի ԱԺ՝ վավերացման։ Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։
Վերջինս ընդգծեց, որ այս գործընթացը հատուկ է միջազգային փաստաթղթերին, և այդ գործընթացով պետք է անցնեին նաև ՀՀ-ի կողմից ստորագրված մի շարք միջազգային այլ փաստաթղթեր, բայց չեն անցել։
«Այս գործընթացը գալիս է հաստատելու իմ և իմ բազմաթիվ գործընկերների կողմից բազմիցս բարձրաձայնված այն պնդումը, որ 2020 թվականից ի վեր մի շարք միջազգային փաստաթղթեր են ընդունվել, որոնք ենթադրում էին ներպետական վավերացման գործընթաց, բայց չեն վավերացվել։ Այսինքն ապօրինի կերպով այլ պետությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ առանց ներպետական վավերացման։ Դրանք անունով եղել են հուշագրեր, հայտարարություններ, բայց բովանդակությամբ միջազգային պայմանագրեր էին, որոնք ենթակա էին ներպետական վավերացման։ Մենք մշտապես բարձրաձայնում էինք այն հանգամանքը, որ ապօրինի է մի անձի կողմից ստորագրված փաստաթղթերի կյանքի կոչումը, բայց ականատես ենք եղել այդ գործընթացին։ Այս կանոնակարգի նախաբանում հղում է կատարվում Ալմա-Աթայի հռչակագրին, բայց դրան հղում կատարելուց զատ իրենք փակագծերում ընդլայնում են Ալմա-Աթայի ու այս փաստաթղթի մեկնաբանումն ու կիրառումը։ Այսինքն՝ ասում են, որ հնարավոր են կարգավորումներ, որոնք կշեղվեն Ալմա-Աթայի հռչակագրից։ Սա ակնհայտորեն հակահայկական կոմպոնենտ է։ Բոլորին քաջ հայտնի է, թե ինչ իրավիճակում ենք մենք ռազմական ու քաղաքական առումով, ու Ալմա-Աթայի հռչակագրից շեղումը որևէ կերպ հայկական շահից չի բխելու», - ասաց Մելոյանը։
Սահմանադրագետի խոսքով՝ մնացած կետերով այդ փաստաթղթում կանոնակարգվում են զուտ տեխնիկական, նկարագրական ու կազմակերպչական բնույթի հարցեր։
«Բնութագրվում են, թե ինչպես են իրականացվելու սահմանազատման աշխատանքները, կետերով ուղեցույցերի ու աշխատակարգերի սահմանում է նախատեսվում։ Այսինքն փաստաթղթում բովանդակային հարցեր չեն նկարագվում։ Ինչո՞ւ նմանատիպ մյուս կանոնակարգեր ենթադրող փաստաթղթերը ներպետական վավերացում չեն անցել։ Օրինակ՝ 2021 թվականի հունվարի 10-ի փաստաթուղթը։ Փաստաթղթի գլխավոր «ականը» թաքնված է հենց այնտեղ, որ ՍԴ-ի քննությանն են տալիս ոչ թե հենց սահմանազատման հետ կապված բուն հարցեր՝ այս կամ այն տարածքը զիջելու օրինականության հետ կապված, այլ պարզապես տեխնիկական բնույթի հարցեր։ Փաստացիորեն կարող ենք հետևություն անել, որ փորձում են հայկական տարածքների ապօրինի հանձնման վերաբերյալ հանրային քննադատություներին հակաազդակ բերել ներպետական իրավական գործընթաց անցնելու հանգամանքը։ Սրանք Ադրբեջանի համար հետագայում հիմնավորումներ են լինելու։ Միջազգային իրավական պրակտիկան թույլ է տալիս անվավեր համարել այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են ներպետական վավերացման կոպիտ խախտումներով։ Եթե բարեբախտությամբ մեզ հաջողվի ոտքի կանգնել ու հակազդել այս գործընթացին, Ադրբեջանի համար ՍԴ-ի կողմից հաստատված լինելն արդեն գործիքակազմ է լինելու»,- ընդգծեց Մելոյանը։
Հարցին՝ իր կարծիքով ՍԴ-ի կողմից դրական որոշում կլինի՞ արդյոք, սահմանադրագետը պատասխանեց․
«ՍԴ-ի շուրջ մեկ տարուց ավելի է ապօրինի գործընթացներ են տեղի ունենում, որի արդյունքում գործող քաղաքական իշխանությունը կարողացավ յուրայիններով համալրել ՍԴ-ն ու մեր պատվարժան դատավորներին հեռացնել ՍԴ-ից։ Իշխանությունը, բնականաբար, օգտվելու է յուրայիններով համալրված կազմ ունենալու հանգամանքից։ Այնուամենայնիվ, քանի որ ՍԴ-ն իր որոշումների ներքո ենթադրում է լայնածավալ գիտավերլուծական աշխատանք, լիահույս եմ, որ ՍԴ-ն կանդրադառնա վերոնշյալ բաղադրիչներին»։