ԱՄՆ-ում ձերբակալել են դպրոցում հրաձգություն իրականացրած դեռահասի հորը
ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանությունները դպրոցում 4 մարդու կյանք խլած հրաձգության համար մեղադրանք են առաջադրել ինչպես 14-ամյա հրաձիգին, այնպես էլ նրա հորը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Սեպտեմբերի 4-ին Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում 14-ամյա կասկածյալ Քոլթ Գրեյը կիսաավտոմատ հրացանով սպանել էր 2 դպրոցականի և 2 ուսուցչի, վիրավորել 9 հոգու։
Կասկածյալի հորը՝ 54-ամյա Քոլին Գրեյին, մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության չորս դեպքի, երկրորդ կարգի սպանության երկու դեպքի և երեխաների նկատմամբ դաժանության ութ դեպքի համար, հայտնել է Ջորջիայի Հետաքննությունների բյուրոն:
Քոլին Գրեյը տղային զենքը նվիրել էր որպես Ծննդյան տոների նվեր 2023 թ. դեկտեմբերին։ Դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ տղային և նրա հորը հարցաքննել էին, քանի որ որդին համացանցում սպառնալիքներ էր հնչեցրել դպրոցում հրաձգություն իրականացնելու մասին։ Այդ ժամանակ պատանուն ձերբակալելու հիմքեր չէին եղել։
14-ամյա Քոլթին կդատեն որպես դեռահաս։
Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած հրաձգությունը 2024 թվականին ԱՄՆ դպրոցներում տեղի ունեցած արդեն 45-րդ զանգվածային հրաձգությունն էր։