Կառավարությունը ծախսում է իր գումարներն այնպես, ինչպես մենք մեր կնունքներին ու հարսանիքներին. Նիկոլ Փաշինյան
Մարզային այցելություններից հետո ինձ համար ակնհայտ է, որ այն պետական ներդրումային ռազմավարությունը, որ որդեգրել ենք, միանշանակ ճիշտ է ու արդարացված: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ վարանի ասել, որ մեր ներդրումային ծրագրերի շնորհիվ Հայաստանը դուրս ենք բերել զարգացման նոր ուղեծիր, ինչը շատ կարևոր ու ուրախալի լուր է: Հիմա, ի տարբերություն որոշ ժամանակ առաջվա, արդեն հանդիպում են շինարարական օբյեկտներ, որտեղ կես ժամանոց այցի ընթացքում թերություններ աչքի չեն զարնում: Բայց մենք հասկացանք, որ դրան պետք է վերաբերվել որպես առօրյա բան: Ես վերջերս մեր գործընկերների հետ կիսվել եմ, ասել եմ՝ վեր կացանք, հայտարարեցինք, որ մենք 300 դպրոց, 500 մանկապարտեզ պիտի կառուցենք ու լավ արեցինք, ու ճիշտ արեցինք: Բայց պետք է հաշվի առնենք մի բան. եթե ուզում էինք այն պրոբլեմները, որ ունեինք, չունենանք, պետք է նախորդող շրջանում 100 դպրոցի կառուցման փորձ լիներ Հայաստանում: Մենք հիմա և՛ կառուցում ենք, և՛ սովորում ենք»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ կառավարության ծախսային քաղաքականությունների էֆեկտիվության հետ որոշակի խնդիրներ կան:
«Մենք պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում շատ պետական միջոցներ արդյունավետ չեն ծախսվում, բայց կառավարությունն օդից չի ընկել: Մենք մեր տների, մեր միջավայրի ծախսային մշակույթի կրողներն ենք: Հասկանալու համար, թե ինչպես է ծախսում կառավարությունը գումարները, պետք է գնալ մեր հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին, տեսնել, թե ինչպես ենք ծախսում այդ միջոցառումների վրա, ոնց այնտեղ ենք ծախսում, այնպես էլ այստեղ ենք ծախսում: Երբ առիթ է լինում ռեստորաններում լինել, տեսնում եմ, որ համատարած մեր բոլոր քաղաքացիներն իրենց անհրաժեշտից մի 20-30 տոկոս ավելին են պատվիրում: Մարդիկ հաշիվը փակում են, գնում, աչքդ ընկնում է՝ ոնց որ նոր դրած սեղան լինի, երեք այդքան մարդ կարող է գալ, նստել, սնվել: Նկատի ունեմ, որ սա իրականում սոցիալ-հոգեբանական, կրթության խնդիր է: Բայց ուզում եմ ասել, որ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը ամենահրաշալի բանն է, որ մենք կարող ենք անել մեր պետության համար, այս ծրագիրը ֆունդամենտալ կերպով այսօր արդեն փոխում է մեր երկրի կերպարը ու ապագան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: